Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրեթե շանս չունի էդ փաստաբանը, որովհետեւ գործադիրն այնպիսի կարծիք է հայտնել, որ արդեն կարող է կաշկանդել». Արա Ղազարյանի մեկնաբանությունը

Հուլիս 04,2019 22:28

Վեթթինգը լինում է հանուն ժողովրդավարության, հանուն բարօրության, բայց ամբողջ հարցն այն է, որ ժողովրդական կառավարումը մենակ հանդես չի գալիս, եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ ժողովրդական կառավարումը ձեռք ձեռքի տված քայլում է մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հետ»,- այսօր  «Իրավական ուղի» ՀԿ-ի կազմակերպած «Սահմանադրություն. կարմիր եւ կանաչ գծեր» խորագրով խորհրդաժողովի ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը: Ըստ նրա, եթե ժողովրդավարական կառավարումը անջատում ենք այս երկու տարրերից, մենք կարող ենք կորցնել դատական իշխանության լեգիտիմությունը, կամ էլ կարող ենք վերածվել դեսպոտի: Նա ասաց, որ բազմաթիվ երկրներում վեթթինգի դեմ կամ լյուստրացիայի դեմ կայացրած վճիռների բազմաթիվ օրինակներ կան. «Անվտանգության սեկտորում իրականացվել է վեթթինգ, նրանց արգելվել է աշխատել, ոլորտը այնքան լայն է վերցվել, որ ոնց որ մեր ժողովուրդն է ասում՝ դե գնա մեռի, դու էլ էդ երկրում անելիք չունես, խախտվել է համաչափության սկզբունքը: Դատական համակարգի անկախությունը 3 տիրույթում է դիտվում, որպես կանոն: Առաջինը պայմանավորված է հանրային շահով, երկրորդը՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր գործը քննել արդար դատարանում, սա արդեն մարդու իրավունքն է, երրորդը՝ դատավորի՝ որպես քաղաքացու անձնական ազատությունն է»:

Արա Ղազարյանը Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերից, ԵԽ նախարարների կոմիտեի փաստաթղթերից օրինակներ բերեց՝ դատավորների կողմից որոշում կայացնելու ազատության մասին հիշեցնելով. «Օրենքի գնահատականը, փաստերի գնահատականը պատկանում է դատարանին, միայն մեկ մարմին կա աշխարհում, որը կարող է կասկածի տակ դնել դա՝ վերադաս մարմինն է, այն էլ՝ բողոքարկման ընթացակարգով: Օրենսդիր եւ գործադիր մարմինները պետք է խուսափեն այնպիսի գործողությունների դիմելուց, որոնք կարող են հարցականի տակ դնել դատական որոշումներին ենթարկվելու նրանց ցանկությունը՝ բացառությամբ, երբ դա վերաբերում է դատական ակտը բողոքարկելու ցանկությանը: Մեկ այլ փաստաթղթում նշված է՝ դատական ակտերի վերաբերյալ կարծիք արտահայտելիս օրենսդիր եւ գործադիր մարմինները պետք է խուսափեն այնպիսի քննադատությունից, որը կարող է վնասել դատարանի անկախությունը եւ հանրության վստահությունը դատարանների նկատմամբ»:

Արա Ղազարյանի խոսքով՝ «Ես հիշում եմ մի փաստաբանի խոսքերը, ով պատրաստվում էր մտնել խափանման միջոց կալանքի դատական վարույթ, դա հենց այն պահն էր, որ 5 րոպե առաջ հայտնի ելույթն է հրապարակվում, եւ դատավորը լսել էր դա: Փաստաբանն ասում է՝ 3 ժամ տեւեց վարույթը, բնականաբար, կալանքի ժամկետը երկարացվեց: Պատկերացնում եք արդեն, գրեթե շանս չունի էդ փաստաբանը, որովհետեւ գործադիրն այնպիսի կարծիք է հայտնել, որ արդեն կարող է կաշկանդել: Եվրոպական դատարանն ասում է, որ եթե խոսքը գնում է անկախ դատարանի մասին, ապա կողքի տպավորությունը արդեն իսկ բավարար է՝ անկախ նրանից, որ դատավորը որոշել է վերանայել: Անձի տպավորությունն արդեն իսկ բավարար է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031