Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Չորրորդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչները ստացան նոր բնակարանների բանալիներ

Հուլիս 04,2019 20:59

Երևանի Արցախի պողոտայի 4-րդ նրբանցքի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տարիներ շարունակ ապրող 83 ընտանիքներ այսօր ստացան նոր բնակարանների բանալիներ: Եվս 59 ընտանիքի էլ հանձնվեցին Սիսակյան 3 հասցեում նոր կառուցվող շենքում անհատույց սեփականության իրավունքով բնակարաններ ստանալու մասին  Երևանի քաղաքապետի և ավագանու որոշումները: Մինչ այդ, նշված ընտանիքները վթարային շենքերից կտեղափոխվեն վարձով բնակարաններ, որոնց ամենամսյա վարձավճարը կտրամադրվի համայնքի բյուջեից: Շնորհավորելով ընտանիքներին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բարդ, երկարատև ու ձգձգված գործընթացն այսօր արդեն մոտենում է հանգուցալուծման, ինչը 142 ընտանիքի հնարավորություն տվեց ապրելու բարեկեցիկ ու հարմարավետ պայմաններում:

«Տասնյակ տարիներ մեր համաքաղաքացիներն ապրել են ոչ միայն անբարենպաստ, երևանցուն ոչ հարիր, այլև կյանքի ու առողջության համար վտանգավոր պայմաններում: Այս տարիների ընթացքում նրանցից ոմանց մոտ խորացել էր կասկածն ու անվստահությունը գործընթացի նկատմամբ, շատերը այլևս չէին հավատում, որ երբևէ նոր բնակարան են տեղափոխվելու: Բայց, փառք Աստծո, այսօր մենք կարող ենք վստահությամբ ասել, որ եզրագծի մոտ ենք և վստահ ենք, որ մեր բնակիչների հետ համատեղ ընտրել ենք խնդրի հանգուցալուծման օպտիմալ տարբերակը»,- նշել է քաղաքապետ Մարությանն ու շնորհակալություն հայտնել վերաբնակեցման գործընթացը նախաձեռնողներին, այս տարիների ընթացքում այն իրականացնողներին և քաղաքի ներկա՛ վարչակազմի գործընկերներին, որոնք ամենայն պատասխանատվությամբ ու բծախնդրությամբ լծվեցին այս գործին:

Այնուհետ Երևանի քաղաքապետն այցելել է Շինարարների 15 հասցեում գտնվող շենք  և անձամբ ծանոթացել բնակիչների նոր բնակարանների պայմաններին ու հարմարություններին: Հայկ Մարությանը մեկ անգամ ևս շնորհավորել է ընտանիքներին բնակարանամուտի առթիվ և մաղթել նորանոր հաջողություններ նոր բնակարաններում:

Բնակարանները բնակիչներին հանձնվում են անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված, հարդարված, ջեռուցման, ջրի ու բնական գազի մատակարարման համակարգերով:

Քաղաքապետ Մարությանը վստահեցրել է, որ վերաբնակեցման` սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրը լինելու է շարունակական:

Երեւանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031