ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանի հաջողության պատմությունը
Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը Aravot.am-ի հետ զրույցում ասում է, որ շատ գունեղ մանկություն է ունեցել Երանոս գյուղում: Հիշում է, թե ինչպես էր ձկնորսության գնում տարիքով մեծերի հետ, խաղում իր տարեկիցների հետ: Շատերի հետ կապն առայսօր պահում է:
«Գյուղական միջավայրում շատ հետաքրքիր է անցնում երեխաների առօրյան, ամենօրյա վազվզոցը, խաղերն արդեն իսկ բավական են հրաշալի հուշեր ունենալու համար»,-ասում է մեր զրուցակիցն ու հավելում, որ պատանեկությունը Երեւանում է անցել: Չի թաքցնում՝ պատանեկության տարիներին տղայական կռիվներ էլ է արել. «Թույլատրելի չափից մի քիչ էլ աշխույժ եմ եղել»:
Ասում է՝ դպրոցում ամենաշատ հումանիտար առարկաներն էր սիրում՝ գրականություն, պատմություն, աշխարհագրություն: «Որոշ գրքեր մեծ տպավորություն են թողել ինձ վրա, իմ կյանքում կարեւոր դեր է կատարել Դանթեի «Աստվածային կատակերգությունը», որը վերընթերցել եմ, շատ կարեւոր գրքեր են Բուլգակովի «Վարպետը եւ Մարգարիտան», Բալզակի «Երեսնամյա կինը», «Շագրենի կաշին»…Սրանք գործեր են, որ հույզեր են թողնում ամբողջ կյանքի համար»,-ասում է Արգիշտի Քյարամյանն ու համաշխարհային գրականության նմուշների կողքին դնում նաեւ Բակունցի եւ Զոհրապի ստեղծագործությունները:
Կարդացեք նաև
«Այս պահին Չեխովի պատմվածքներն եմ վերընթերցում»,-ասում է ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատարը: Նաեւ հավելում է. «Աստվածաշունչն ու Նարեկացին եւս առաջնային դեր ունեն իմ կյանքում»: Ի դեպ, աշխատասենյակում նույնպես Աստվածաշունչ է պահում:
Սիրելի ֆիլմերին էլ անդրադարձ եղավ: Նշեց, որ լավ ֆիլմերը համարժեք են լավ գրքերին: Առանձնացրեց մեկ-երկուսը, ինչպես օրինակ՝ Միլոշ Ֆորմանի «Թռիչք կկվի բնի վրայովը» կամ Կուբրիկի «Լարովի նարինջը»:
«Կան ֆիլմեր, որոնք հստակ գաղափարախոսություն են քարոզում, այդ ֆիլմերում նկարագրված բացասական երեւույթները մարդկանց թույլ են տալիս դրանց վերաբերյալ վերաբերմունք փոխել: Այդ համատեքստում մի ֆիլմ հիշեցի, որը նայել եմ այն ժամանակ, երբ քննիչ էի ու թմրանյութերի վերաբերյալ գործ էի քննում, խոսքը Դարեն Արոնոֆսկու «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմի մասին է: Դա դասական դասագրքային օրինակ է, թե ինչպես պետք է պայքարել թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ: Կարծում եմ՝ այդ ֆիլմը պետք է հաճախակի ցույց տալ հեռուստատեսությամբ: Այն բավականին ուսուցողական ֆիլմ է, շատ կօգնի իրավապահ մարմիններին… Ընդհանրապես մշակույթը շատ կարեւոր է դաստիարակության առումով»,-վստահ է ՊՎԾ պետի պաշտոնակատարը:
Նա մայրիկի հետ կապված մի դրվագ էլ հիշեց: «Երբ նոր էի քննիչ նշանակվել ոստիկանությունում, մայրս գրեթե ամեն օր ինձ ասում էր՝ ինչ-որ մեկին վատություն չանես: Ասում էի՝ լավ: Աշխատանքից վերադառնում էի, հաջորդ օրը նորից ասում էր՝ տղա ջան, ոչ մեկին վատություն չանես… Որոշ ժամանակ, երբ այս ամենը կրկնվեց, արդեն սկսեցի վատ զգալ: Մտածում էի, որ մայրս պետք է իմանա, որ վատություն անելու առանձնակի միտում չունեմ: Հետագայում, ավելի խորն անդրադառնալով այդ խորհրդին, այս պահին վստահաբար կարող եմ նշել, որ իսկապես կարեւորագույն խորհուրդ է: Մարդ պետք է այնպես ապրի կյանքը, որ կարողանա հնարավորինս քիչ վատություն անել մարդկանց: Ենթադրում եմ, որ այդ խորհուրդը բխում էր նրանից, որ ժողովրդի մեջ կա այն ընկալումը, թե իրավապահ մարմինների աշխատակիցներն առավոտից իրիկուն մարդկանց վատություն են անում, ինչը թյուր կարծիք է: Իրականում իրավապահները շատ կարեւոր գործառույթ են իրականացնում, եւ ժողովրդի նման մոտեցումն ինչ-որ տեղ խոչընդոտում է հանցագործությունների բացահայտման գործընթացին»,-նշեց Արգիշտի Քյարամյանը:
Հարցին՝ ի՞նչ է պաշտոնն իր համար, ՊՎԾ պետի պաշտոնակատարը պատասխանում է. «Հնարավորություն՝ որեւէ բան փոխելու: Բացի անձնական տիրույթում կյանքը բարդացնելուց՝ որեւէ այլ առավելություն պաշտոնը չի տալիս այն մարդուն, որը թալանելու մտադրություն չունի»: Արգիշտի Քյարամյանն ասաց, որ կուզենար Երուսաղեմ գնալ, նաեւ Եգիպոս, քանի որ եգիպտական մշակույթը հետաքրքիր է համարում, իսկ ամենագեղեցիկ երկիրը համարում է Հայաստանը:
Կանանցից էլ խոսեցինք: ՊՎԾ պետի պաշտոնակատարի ձեւակերպմամբ, արտաքինից բոլոր կանայք յուրովի գեղեցիկ են, իսկ ընդհանրապես իր համար գեղեցիկ են այն կանայք, որոնք համեստ ու զուսպ են:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով.
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները` Արգիշտի Քյարամյանի անձնական արխիվից, գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ավագյանի