Լրահոս
Օրվա լրահոսը

35 տարի անց․ Մհեր Մկրտչյանի ծնունդը շնորհավորելու էին եկել «Մեր մանկության տանգոյի» դերասանները (Ֆոտոշարք)

Հուլիս 04,2019 18:03

Այսօր Գյումրիում յուրօրինակ ձևով նշվեց Մհեր Մկրտչյանի ծննդյան 89-ամյակը․ քաղաքի կենտրոնական հատվածներում հնչում էին այն սիրված ֆիլմերի մեղեդիները, որտեղ խաղացել էր մեծ դերասանը։

Իսկ Գյումրու կենտրոնական զբոսայգում՝ «Գորկի սադում», որտեղ նկարահանվել էր «Մեր մանկության տանգոն» ֆիլմը, 35 տարի անց հյուրընկալվել էին Ֆրունզիկի կերպարը մարմնավորող Արմենի դերակատար Սամվել Սարգսյանն ու Վարդուշի դերակատար, ՀՀ վաստակավոր արտիստ Էլինա Աղամյանը։

Զբոսայգում հավերժացրել էին սիրված ֆիլմի հայտնի դրվագները․ դերասանները բացեցին ֆիլմում եղած պաստառը, որը հայտնի է «Նկարվե՜ք, նկարվե՜ք» անվամբ։

Ի դեպ, դերասանների այցը կազմակերպել էր Մոսկվայում բնակվող Արթուր Գալստյանը, որի նախաձեռնությամբ ու միջոցներով անցած տարի իր ծննդավայրում՝ Վահրամաբերդում վերակառուցեց «Հեղնար աղբյուրը», նա այդ ժամանակ ևս հրավիրել էր ֆիլմի գլխավոր դերակատարներին։

Արթուր Գալստյանն այսօր լրագրողերի հետ զրույցում պատմեց, որ անցած տարի առաջարկ էր ստացել Շիրակի այն ժամանակվա մարզպետ Կարեն Սարուխանյանից Գյումրու կենտրոնական զբոսայգում տեղադրել «Մեր մանկության տանգո» ֆիլմում եղած պաստառը, բայց քանի որ ինքը բացակայում էր հանրապետությունից՝ բացում չարեցին։ Ըստ Արթուր Գալստյանի, այդ ընթացքում պաստառը վնասել էին, դրանից հետո որոշեց նորից վերականգնել ու հրավիրել դերասաններին;

«Հուսով եմ, որ ժողովուրդը մի քիչ լուրջ կվերաբերվի․ ափսոս է, շատ մեծ գործ է արվել, այդ ամենը ձեռքով է նկարվել, մի քանի օր նստել, նկարել են, ֆիլմում շատ վատ էր երևում, ահագին կադրերից տեսքը ստացել ենք»,-ասաց Արթուր Գալստյանը, որը պատրաստ է վերականգնելու նաև «Մեր մանկության տանգոն» ֆիլմի փլուզվող պատշգամբը։

Դերասանները հետաքրքիր դրվագներ պատմեցին նկարահանումներից, եղան Թատերական հրապարակում, ծաղիկներ խոնարհեցին աշխարհի ամենաուրախ ու ամենատխուր մարդու արձանին։ Մհեր Մկրտչյանի թանգարանում էլ տեղի ունեցավ առաջին աուդիո-վիդեո էքսկուրսիան, որի առաջին այցելուն Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր։

Դերասանների հիշողությունները՝ քիչ անց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031