Լրահոս
Օրվա լրահոսը

Նվիրումը, աշխատանքն ավելի են իմաստավորվում, եթե առողջ ես. Հանրապետության նախագահը հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների

Հուլիս 04,2019 17:58

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանում 5-րդ միջազգային համագումարի անցկացումը: «Ցանկանում եմ ոչ միայն ողջույնի, այլև քաջալերանքի խոսքեր ասել, քանի որ այն աշխատանքը, որ դուք անում եք՝ յուրաքանչյուրդ ձեր տեղում և բոլորդ միասին, շատ կարևոր ու արժեքավոր է: Ինչպես ցանկացած ընտանիքում, այնպես էլ երկրում, ցանկությունները, նվիրումը, աշխատանքն ավելի են իմաստավորվում, եթե առողջ ես»,– ասել է նախագահը՝ նշելով, որ այս ոլորտի զարգացումը կարևոր է երկրի ու ժողովրդի ապագայի, ժառանգության ու արժեքների պահպանության տեսանկյունից:

Առողջությունը համարելով հաջողության հասնելու հիմնավոր նախապայմաններից մեկը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայտնի բժիշկների ու բարձրակարգ մասնագետների համախմբումը, առողջապահության ոլորտին վերաբերող հրատապ հարցերի քննարկումն ու առաջարկների ներկայացումը նաև մեծ աջակցություն են առողջապահական ոլորտի պետական ծրագրերին:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը տեղեկություններ են ներկայացրել համագումարի մասին՝ նշելով, որ համագումարի հիմնական նպատակներից են ինչպես սփյուռքահայ հայտնի մասնագետների միջոցով ոլորտի նորություններին ու նորարարություններին ծանոթանալը, այնպես էլ դրանք Հայաստանում կիրառելու հնարավորությունների քննարկումը, անձնական ու մասնագիտական կապերի հաստատումը և դրանք ի շահ Հայաստանի ծառայեցնելը:

Արտերկրի և Հայաստանի տարբեր բժշկական հաստատություններ ներկայացնող բժիշկները Հանրապետության նախագահի հետ հանդիպմանը պատմել են հայրենիքի հետ համագործակցության իրենց ծրագրերի մասին, գաղափարներ ու առաջարկություններ ներկայացրել:

Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարին մասնակցում են բժիշկներ և առողջապահության մասնագետներ աշխարհի 22 երկրից: Համագումարի այս տարվա կարգախոսն է՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031