Լրահոս
Օրվա լրահոսը

«Էսօր բարձրաստիճան պաշտոնների են թառում իրենց մտածողության օրգանը երբեւէ որեւէ լուրջ ինֆորմացիայով չծանրաբեռնած մարդիկ». Գեւորգ Պետրոսյան

Հուլիս 04,2019 16:46

ԲՀԿ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր Սահմանադրության թեմայով խորհրդաժողովին իր ելույթում ասաց. «Ո՞վ է ասել, որ մեր դատավորները ոչ լեգիտիմ են: Դա նշանակում է, որ կա՛մ նրանք նշանակվել են օրենքի խախտմամբ, կամ պաշտոնավարման ընթացքում թույլ են տալիս այնպիսի գործողություններ, որոնք հակասում են օրենքին: Եթե կոնկրետ դեպքեր ունենք, պետք է այդ հետքերով գնանք, ոչ թե մեկ կամ մի քանի դատավորի համար պարալիզացնենք ամբողջ դատական համակարգը: Հավանաբար իշխանության որոշ ներկայացուցիչներ ամենաբարձր մակարդակում իրենց համոզել են, որ հեղափոխությունը այն է, որ ամբողջ պետական ապարատը քեզանով անես, այսինքն, օրենսդիր իշխանությունը հիմա իրենցն է, գործադիր իշխանությունը միանձնյա իրենք են ստանձնել: Հիմա իրենց կարծիքով հեղափոխությունը դեռ չի սպառվել, այ երբ ամբողջ դատարանները դատախազությունն է իրենցով համալրվեն, իրենց հետ քայլած մարդկանցով, այ էն ժամանակ հեղափոխությունը կավարտվի»:

Ըստ Պետրոսյանի, եթե այդպես է, պետք է օրենքում փոփոխություն արվի եւ գրեն, որ դատավորները վճիռ են կայացնում ոչ թե հանուն Հայաստանի Հանրապետության, այլ՝ հանուն իշխանության. «Եթե մենք ուզում ենք դատական համակարգում ունենալ սեփական դատավորների, մեր վերջը եկել է: Անձերի անուն չեմ ուզում տալ, բայց մի պատգամավոր, ում երեւի վերջին պահին են ասել, որ դու պիտի պատգամավոր աշխատես, նա էլ համաձայնել է, վաղն էլ եթե ասեն՝ տիեզերագնաց պիտի աշխատես, կարա գնա աշխատի, հիմա նա ասում է՝ դատավորը վստահություն չի ներշնչում: Սա ի՞նչ մոտեցում է, վաղն էլ կարող են ասել՝ քո հայացքը վստահություն չի առաջացնում»:

Նա ասաց, որ պետք է վեր կանգնել դատավորների «սեւ, սպիտակ, երկնագույն» տարանջատումներից ու պետք է հաշվի առնել մի բան՝ այդ անձը աշխատո՞ւմ է օրենքին համապատասխան՝ պետք չի ձեռք տալ նրան՝ անկախ նրանից, թե ում բարեկամն է. «Եթե դու դատավորի անկախությունը ստվերում ես, չես կարող ակնկալել անկախ որոշում, սա պարզ ճշմարտություն է: Դրա համար ոչ պետք է պրոֆեսոր լինել, ոչ էլ իմ նման քիչ կարդացած դոցենտ: Մենք ի՞նչ ենք ակնկալում, վաղը, մյուս օրը պիտի ասեն դատախազության դռները փակեք, մի քանի անպարկեշտ ոստիկանի համար պիտի ասեն՝ ոստիկանությունը կողպեք, ԱԱԾ-ն, ԱԻՆ-ը, կոնկրետ անձանց մեղավորության պատճառով համակարգե՞ր ենք կործանում: Լավ, ասենք դատավորներին մաքրազարդեցին, ո՞ւմ են բերելու նրանց փոխարեն, կադրային կոռուպցիան բա ի՞նչ է: Կոռուպցիան մենակ ֆինանսական իմաստով մի հասկացեք: Էսօր գալիս են բարձրաստիճան պաշտոնների են թառում իրենց մտածողության օրգանը երբեւէ որեւէ լուրջ ինֆորմացիայով չծանրաբեռնած մարդիկ, որոնք ընդամենը կարգին քայլել գիտեն, մեկ-մեկ էլ՝ վազել, իսկ մեկ-մեկ էլ՝ ճողոպրել: Ու էս մարդկանց ասում են՝ դու վերջն ես, հեղափոխությունը հաղթեց: Սա կործանման ամենակարճ ճանապարհն է: Մենք պետք է անձնական ամբիցիաներից վեր կանգնենք՝ այս դատավորը ում փեսան է, ում ազգականն է՝ նա ապահովում է իր գործառույթների պատշաճ իրականացումը՝ նրան չպիտի հանենք, թողնենք աշխատի, հակաօրինական քայլով աչքի է ընկել՝ օրենսդրությունը թույլ տալիս է քայլեր անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031