Լրահոս
Օրվա լրահոսը

Այս Սահմանադրությունն օգնեց, որ հեղափոխություն տեղի ունենա. Դանիել Իոաննիսյան

Հուլիս 04,2019 16:31

«Հեղափոխության հաջորդ օրվանից սկսած ես ամեն օր սպասել եմ, որ այդ ուղղությամբ կլինի լուրջ, ծանրակշիռ հայտարարություն իշխանությունների կողմից առ այն, որ նախաձեռնելու են սահմանադրական փոփոխություններ կամ ավելի լուրջ բան եմ սպասել, որ հանրաքվեի կամ այլ ճանապարհներով պատրաստ են չեղյալ համարել նախկին չհանրաքվեն, այն գործողությունը, որը հանիրավի անվանվեց հանրաքվե»,-հարցին՝ ո՞րն է պատճառը, որ իշխանությունները քայլ չեն կատարում սահմանադրությունը փոխելու համար, «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը հայտարարեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

Ըստ նրա՝ մեկ մարդու համար գրված, մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու համար մտածված փաստաթուղթը պետք է արդեն մեզանում գոյություն չունենար. «Մեր իրականության բոլոր խնդիրների հիմքում դրված է այդ փաստաթուղթը, որը մենք անվանում ենք սահմանադրություն: Ե՛վ սահմանադրական դատարանի ճգնաժամը, և՛ մնացած բոլոր խնդիրները, որոնց բախվում են իշխանությունները և բախվելով անում են այս կամ այն հայտարարությունները, այդ խնդիրները շրջանառությունից հետո մոռացության են մատնվում: Չգիտեմ՝ լուրջ ծրագրեր ունեն, իրականացնում են ինչ-որ բան իշխանությունները, բայց գոնե հրապարակում եղած հայտարարությունների և տեղեկությունների մակարդակում կարող եմ ասել, որ այդ սահմանադրությունից ձերբազատվելու ուղղությամբ հրապարակային հայտարարություններ կամ այլ քայլեր չեն արվում»:

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Հարությունյանի դիտարկմամբ՝ մենք չունենք լայնածավալ բարեփոխումների օրակարգ, քննարկման հարթակ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ. «Մեզ համար հայտնի չէ, թե այս համատեքստում զարգացման ինչ հնարավոր սցենարներ ունի իշխանությունը: Մեզ այս պահին հայտնի չէ դա, քանի որ դրա շուրջ քննարկումները ևս հայտնի չեն: Անընդհատ լսում ենք դատաիրավական բարեփոխումների մասին, որը պետք է լինի թիվ մեկը ցանկությունը, բայց էլի ունենք հռչակագրային մակարդակով հայտարարություններ, բայց դրանց իրականացման հարցում գործուն քայլերը տեսանելի չեն: Այն սահմանադրությունը, որը որպես փաստաթուղթ պետության գործունեության ապահովման համար մշակվել և իրականացվել էլ, ուներ այլ նպատակայնություն: Դրա նպատակն էր վերարտադրել նախկին նախագահին այն նոր պաշտոնում: Արդյոք ներկայիս իշխանությունը ցանկանո՞ւմ է տեղավորվել ոչ իր նպատակահարմարության համար մշակված փաստաթղթի շրջանակներում: Հակառակ ուղղությամբ որևէ քայլ, համենայն դեպս, չկա»:

Իրազեկ քաղաքացիների միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն արձանագրեց, որ վերջին մեկուկես ամսվա ընթացքում քննարկվողը ոչ թե դատաիրավական բարեփոխումներն են, այլ դատարանների զտման մեխանիզմները. «Սկզբում խոսում էին վեթինգի մասին, հիմա ավելի շատ լինելու է ԲԴԽ կողմից իրականացվող ինչ-որ ատեստավորման և հակակոռուպցիոն մարմնի կողմից իրականացվող պաշտոնական անհամատեղելիության ինչ-որ որակավորման սահմաններում: Ամեն դեպքում նաև այն գործընթացները, որ տեսնում ենք ՍԴ-ում, խոսում են այն մասին, որ ոչ թե խոսքը համակարգային փոփոխությունների մասին է, այլ համակարգում խնդրահարույց անձանցից ազատվելու մասին: Դա պետք է, բայց բավարար չէ: Պետք են լայնածավալ, երկարաժամկետ, մեծամասշտաբ դատաիրավական բարեփոխումներ»:

Դանիել Իոաննիսյանի բնութագրմամբ՝ գործող Սահմանադրությունը հիմնականում ժողովրդավարության իմիտացիայի սահմանադրություն է, որ իրականում ժողովրդավարություն չլինի: Նա մանրամասնեց. «Այնպես է գրված, որ լինեն տարբեր ժողովրդավարական մեխանիզմներ, բայց իրականում ասում են՝ սատանան մանրուքների մեջ է. տարբեր մանրուքներ կան, որ այդ մեխանիզմներն իրականում չգործեն»:

Դանիել Իոաննիսյանը հարց բարձրացրեց՝ արդյոք նման Սահմանադրություն ունենալն օգնե՞ց, որ հեղափոխություն տեղի ունենա, այնուհետև պատասխանեց՝ այո: Նա հիշեցրեց, թե 2015-ին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այս սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի հեղափոխություն անել, և շատերը դրան լուրջ չէին վերաբերվում, բայց մարդը փորձով ապացուցեց, որ ճիշտ էր. «Այս Սահմանադրությունն իրոք բավականին հեշտացրեց հեղափոխություն անելը, բայց այս սահմանադրությունը ժողովրդավարական պետության սահմանադրություն չէ: Այն պետք է էապես փոխվի»:

Այս կապակցությամբ Վարդան Հարությունյանն արձագանքեց. «Հետաքրքիր ձևակերպում է՝ սահմանադրությունը հեշտացրեց հեղափոխությունը: Այն ոչ թե հեշտացրեց իշխանափոխությունը, այլ սահմանադրությունը և Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումը վերջին կաթիլը դարձան ժողովրդական ընդվզման, որն էլ բերեց իշխանափոխության»:

Վարդան Հարությունյանի հավաստմամբ՝ պետք են համակարգային փոփոխություններ. «Երբ ինձ հարցնում են՝ պե՞տք են դատական համակարգի փոփոխությունները, ես ասում եմ՝ պետք է ունենանք դատական համակարգ, որ փոփոխություններ անենք: Մենք փոխել չենք կարող այն, ինչ չունենք: Մեր դատարանները տարիներ շարունակ չեն ծառայել արդարադատությանը: Ես տարիներ շարունակ որպես իրավապաշտպան բախվել եմ դատական համակարգին, քրեական գործերով շատ ավելի սարսափելի և ճչացող անարդարություններ են եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031