Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ կապ ունի Պուտինի այցը գազի սակագնի փոփոխության հետ

Հուլիս 04,2019 16:10

2020 թվականին սահմանին գազի գնի փոփոխություն չի լինի. aյսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ գազի գնի նվազեցման շուրջ բանակցությունների մասին:

Նա ասաց, որ «Գազպրոմ Արմենիային» տուգանելն էլ կապ չունի սակագնի շուրջ բանակցությունների հետ. «Մենք մեր գործը կատարում ենք ոչ միայն սակագին սահմանելով, այլ կան կանոններ, որոնք սահմանում են սպասարկման որակը: Այդ որակի ցուցանիշները մեր կողմից մոնիթորինգի են ենթարկվում եւ խախտումների դեպքում օրենսդրությունը տույժեր է նախատեսում: Դա պարբերական բնույթ է կրում: Դրանից 7-10 օր առաջ էլ եղել է նախազգուշացում, որը եւս տույժի տեսակ է»:

Գազի գնի շուրջ բանակցությունները դեռ շարունակվում են, նորություն չկա. ասաց Բաղրամյանը:

Արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցին են սպասում՝ գնի շուրջ պայմանավորվելու համար, Բաղրամյանն ասաց, որ այդ այցը որեւէ կապ չունի. «Ներքին շուկայի սակագների վերաբերյալ բանակցությունները որեւիցե կապ չունեն ՌԴ նախագահի այցի հետ, բայց սահմանին գազի գնի ձեւավորման հարցը կարելի է կապել նրա այցի հետ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Բանակցությունների արդյունքների մասին Բաղրամյանը դեռ ասելիք չունի, իսկ թե ինչու է այն երկար տեւում, ձգձգվում, նա պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ եք շտապում»: Բաղրամյանն ասաց, որ կողմերից յուրաքանչյուրը բանակցում է իր համար ավելի նպատակահարմար արդյունք ստանալու համար:

Ռուսական ԶԼՄ-ների այն հրապարակումներին, թե գազի գնի նվազեցում չի լինի, Բաղրամյանն արձագանքեց. «Մենք բանակցում ենք նվազեցնելու ուղղությամբ: Քանի որ որեւէ կողմ չի ասել, որ բանակցություններն ավարտված են, մամուլը ընդամենը ենթադրություններ է անում սակագների վերաբերյալ: Այս պահին գնի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դա կախված է բանակցություններից ու դրանց ավարտից»:

ՀԾԿՀ ղեկավարն ասաց, որ «Գազպրոմ Արմենիան» իր խնայողությունների հաշվին չի դիմել հանձնաժողովին սակագնի վերանայման հայտով, 2019-ին էլ չի դիմի, իսկ 2020-ին, Բաղրամյանի խոսքերով՝ նույնիսկ չունեն սահմանին գազի գնի մեծություն:

Շարունակելով բանակցությունների թեման, Բաղրամյանն ասաց, որ դրանք ներդրումային ծրագրերի, սակագների ձեւավորման ծախսային հոդվածների եւ այլ մանրամասների շուրջ են: «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի օպտիմալացման խնդիր կարող է լինել: «Գազպրոմի» ներդրումային ծրագրերը, որոնք նախատեսված են մինչեւ 2030 թվականը, նույնպես բերում են որոշակի արդյունքների: Դա մի կողմից բերելու է շահույթի մաշվածության ավելացման, մյուս կողմից կրճատելու է կորուստները, պահպանման ծախսերը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031