Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհեթեթության վրա ժամանակ վատնել ուղղակի պետք չէ». Դավիթ Հարությունյանը՝ Վահե Գրիգորյանի նամակի մասին

Հուլիս 04,2019 16:00

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց դատական համակարգի, վեթթինգի մասին: Aravot.am-ը հարցրեց՝ խոսք կա ոչ միայն դատավորների գույքի, ունեցվածքի հայտարարագրման, վեթթինգի մասին, այլ նաեւ զանգերով արդարադատություն իրականացնելու մասին, ընդ որում, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ զանգերը լինում են նախկին իշխանությունների կողմից, այսինքն, իրենց լծակներն են օգտագործում, սրա դեմ ինչպե՞ս պետք է պայքարել: Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այն, ինչ ասում է վարչապետ Փաշինյանը, որ նախկին իշխանությունները զանգում են եւ այլն, կներեք, դա ընդամենը հերթական քաղաքական հնարքն է, որ օգտագործում է վարչապետը ինչ-ինչ…քողարկելու համար, ենթադրենք, սխալ քայլը դատարանների շրջափակման եւ այլն: Դիսկուրսը տանում է այլ ուղղությամբ: Դուք շարունակում եք այդ եւ ասում եք՝ իսկ ինչպե՞ս դուրս գանք դրանից: Ես վստահ եմ, որ դատավորներին որեւէ մեկը չի զանգում, այնպես որ դա քննարկման թեմա չի: Եթե դուք ենթադրում եք, որ վեթթինգը պետք է իրականացնենք հետեւյալ ձեւով, պետք է ասենք՝ կարծես թե էս դատավորին նախկին իշխանություններից մեկը զանգե՞լ է, դուք շարունակելու եք այն վտանգավոր ուղին, որը մենք կարծես թե բռնել ենք»:

Խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության մասին, որ ՍԴ-ում կա ճգնաժամ՝ նա ասաց, որ որեւէ ճգնաժամ չկա. «Անգամ եթե ես հայտարարեմ, որ երկրագունդը տափակ է, դրանից ճգնաժամ չի առաջանա: Գրիգորյանի կողմից հայտարարածը չի վկայում ճգնաժամի մասին»:

Հարցին՝ ի՞նչ կանեիք, եթե ձեզ դիմեին այն նամակով, որով Վահե Գրիգորյանը դիմել է կառավարությանը, ԱԺ-ին եւ 3 տարբերակ է առաջարկել, ո՞ր տարբերակը կընտրեիք՝ Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այն, որ Վահե Գրիգորյանը հայտարարում է, որ կա սահմանադրական ճգնաժամ,դա վկայում է այն մասին, որ ՀՀ Սահմանադրությունը երաշխավորել է յուրաքանչյուրի կարծիքի ազատությունը: Ինչպես կարելի է պնդել՝ երկրագունդը տափակ է, սա եւս կարծիք է, այլ բան է, որ անհեթեթ կարծիք է: Ի՞նչ կանեի ես, եթե ինձ դիմեին իմ կողմից անհեթեթ գնահատվող մի առաջարկությամբ՝ ոչինչ, որովհետեւ անհեթեթության վրա ժամանակ վատնել ուղղակի պետք չէ»: Ճշտեցին՝ այսինքն, անարձագա՞նք կթողնեիք՝ նա պատասխանեց. «Իհարկե, կիրթ կգտնվեի, չէի գրի անհեթեթ, բայց կգրեի՝ բացարձակապես չեմ կիսում ձեր մոտեցումը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031