Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարը պարզաբանում է՝ ինչու է կանաչել Սեւանա լիճը

Հուլիս 04,2019 14:15

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Սեւան լճի, այսպես ասած՝ կանաչելու մի քանի պատճառներ նշեց:

Արդեն մի քանի օր է՝ բնապահպանները լուսանկարներ են հրապարակում, որտեղ Սեւանա լճի գույնը կասկածելի է, մուգ կանաչավուն է:

Էրիկ Գրիգորյանն այսօր ասաց, որ դրանք կապտականաչ ջրիմուռներն են, եւ լճի կանաչելու պատճառը մի քանի գործոնների հետեւանք է, դրանք հնարավոր է վերացնել։

Ըստ նախարարի՝ լճի նման վիճակի պատճառը ե՛ւ մարդկային, ե՛ւ ոչ մարդկային գործոններն են: Օրինակ` մարդկային գործոնն, ըստ նախարարի, կոմունալ- կենցաղային կեղտաջրերն ու կոյուղաջրերն են, որոնք ավելացել են և պետք է մաքրվեն. «Պարզ օրինակ՝ 10-15 տարի առաջ լվացքի մեքենաներ եւ այլն, այդքան մեծ քանակությամբ չէին օգտագործվում, իսկ դա մեծ քանակությամբ քիմիական նյութեր է առաջացնում»:

Նախարարն ասաց, որ այս մայիսին քիչ տեղումներն էլ պատճառ են եղել, նաեւ, նախարար, այսինքն՝ ֆոսֆոր-ազոտի լրացուցիչ քանակությունն է, լճում տեղադրված ցանցավանդակները, անգամ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը: Նախարարն այդ պատճառներից նշեց նաեւ բուսական տարածքները, որոնք անցել են ջրի հատակը:

Գրիգորյանն ասաց, որ հաշվել են, թե որքան ափամերձ տարածքներ պետք է մաքրեն:

Բացի այդ, հայկական կողմն, ինչպես Գրիգորյանն ասաց, դիմել է ՅՈւՆԵՍԿՕ-ին, որտեղից էլ պատասխանել են՝ պետք է սկսել գործընթաց լճին ՅՈւՆԵՍԿՕ-ի կարգավիճակ տալու համար, եւ եթե դա հնարավորություն կտա ջրի որակի բարձրացման ուղղությամբ գործողություններ իրականացնել, ինչպես նաեւ լրացուցիչ սոցիալ-տնտեսական խթաններ կստեղծվեն տարածաշրջանի բնակչության համար:

Մանրամասն՝  տեսանյութում

Նախարարը Սեւանա լճի մաքրման մասին էլ ասաց, որ կառավարությունը նույն ծավալի՝ մոտ 100 միլիոն դրամ է հատկացնում լճի մաքրման աշխատանքների համար, այժմ էլ գումարը նույն չափի է, բայց աշխատանքներն ավելին են լինելու. եթե նախկինում 60-70 հեկտար էր, ապա 2020-2021 թվականներին կմաքրեն 200-300 հեկտար:

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրադառնալով լճից ջրառին, նախարարն ասաց. «Այս տարի ավելի քիչ է եղել, նախորդ տարվա համեմատ, մոտ 15-20 միլիոնով նվազ է։ Բացի դրանից, ջրամբարներում էլի ջուր կա, այնպես որ, ավել ջրառ չի եղել»:

Նախարարն ասաց, որ որքան էլ փորձեն նվազեցնել Սեւանից ջրառը, ոռոգման խնդիր կա, պոմպակայանները պետք է աշխատեն, եւ նշեց՝ հենց հիմա Արարատյան դաշտի պոմպակայանները մեծ հզորությամբ աշխատում են, մյուս տարիներին սովորաբար օգոստոսին էին աշխատում»: Գրիգորյանն ասաց, որ հորդորում են, որքան՝ հնարավոր է Սեւանից ջուր չօգտագործվի, այլընտրանքային տարբերակն օգտագործել, նաեւ դիմել են Երեւանի քաղաքապետարանին, եթե գիշերը տեղումներ են լինում՝ օրվա ընթացքում ոռոգումները նվազեցնեն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031