Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի նախագծերը հավանեցին

Հուլիս 04,2019 13:25

Այսօր կառավարության նիստում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կրթօջախների կառուցման ու վերակառուցման մասին մի քանի նախագծեր ներկայացնելիս ասաց, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը՝ բովանդակային եւ շինությունների ֆիզիկական որակի տեսակետից: Ըստ նախարարի, նախագծով մի քանի ուսումնական հաստատություններ ներառվում են եւ կառուցման եւ վերակառուցման ծրագրերի մեջ. «Դրանց թվում են նաեւ բուհեր, նաեւ սպորտային կառույցներ, իսկ մշակույթի ու գիտության ոլորտի նախագծերը կներկայացնենք հաջորդ նիստի ընթացքում»։

Նախարարի ներկայացրած նախագծերից մեկով նախատեսվում է 834 մլն դրամ հատկացնել ՀՀ-ում դպրոցներում ռոբոտատեխնիկական լաբորատորիաներ ստեղծման համար եւ, ինչպես ասաց Հարությունյանը, 284 լաբորատորիա կստեղծվի:

Արայիկ Հարությունյանի ներկայացրած մյուս նախագծում էլ նշվում է, որ 12-ամյա կրթության անցման ժամանակ ամենավատ շենքային պայմաններով դպրոցները հատկացվել են ավագ դպրոցներին եւ շատ հաճախ, ինչպես նախարարն ասաց, բողոքներ է ստանում, որ ավագ դպրոցները չեն կայանում, մինչդեռ շենքային պայմաններն ուղիղ ազդեցություն ունեն կրթության բովանդակային որակի վրա։

Հարությունյանն ասաց, որ այս նախագծով նախատեսվում է 5 ավագ դպրոց ամբողջովին քանդել ու նորից կառուցել. «Դրանք սեյսմիկ անվտանգության տեսակետից շատ խնդրահարույց դպրոցներ են և արագ քանդման ու կառուցման անհրաժեշտության կարիք ունեն»:

Նախագծում նշվում է, այդ ավագ դպրոցները գտնվում են Մասիսում, Ալավերդիում, Երեւանում, Հրազդանում։

Կառավարությունն այսօր հավանություն տվեց որոշման նախագծին, եւ ըստ այդմ, 129.8 միլիոն դրամ կհատկացվի նախագծա-նախահաշվային աշխատանքների համար, հետագայում էլ գումար կհատկացվի շինաշխատանքների համար։

Նախարարն ասաց, որ անցած տարի հինգ ավագ դպրոց ամբողջությամբ վերակառուցել են վարկային ծրագրով. «Այս տարի վարկային ծրագրով ութ ավագ դպրոցում նույնպես մրցույթով կսկսվի շինարարությունը, մենք գործ ունենք հանրակրթության ոլորտում դպրոցաշինության լայնածավալ ծրագրի հետ»:

Այսօր հավանություն ստացած նախագծերից մեկով էլ գումար կհատկացվի Արմավիրի տարածաշրջանային քոլեջի եւ Շիրակի քոլեջի շինարարական աշխատանքների համար։

Ընդ որում, ինչպես նախարարը վստահեցրեց՝ նշված դպրոցներին տարիներ առաջ հատկացվել են շատ թանկարժեք սարքավորումներ, սակայն դրանք մինչ օրս չեն շահագործվում՝ շենքային պայմաններ չունենալու պատճառով։ Նախարարը վստահեցրեց՝ այս ուսումնական հաստատություններն ունեցել են նախագծեր, բայց մինչեւ հիմա շինարարական աշխատանքներ չեն իրականացվել:

Կառավարության որոշմամբ գումար կհատկացվի 30 հանրակրթական եւ 10 ավագ դպրոցների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման համար՝ ներառական կրթության ներդրման համար:

Կառավարությունն այսօր նաեւ հավանություն տվեց մեկ այլ որոշման նախագծի, որով նախատեսվում է մի շարք բուհերում վերակառուցման աշխատանքներ իրականացնել, որի նախագծա-նախահաշվային աշխատանքների համար կհատկացվի 68 մլն դրամ: Արայիկ Հարությունյանն ասաց. «Դրանք են ագրոճարտարագիտական լաբորատորիայի գերազանցության կենտրոնի ստեղծումը Ագրարային համալսարանում, ուսանողական ավան հիմնադրամի շենքի վերանորոգումը, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի շենքի վերանորոգումը, պետական կոնսերվատորիայի շենքի եւ Գորիսի պետական համալսարանի շենքի վերանորոգումը: Ընդհանուր վերանորոգումների եւ կահավորման գումարը կկազմի մոտ 1.7 միլիարդ դրամ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031