Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի օրինակը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը սպառված ուժ չէ. The New Republic

Հուլիս 04,2019 13:17

Մի քանի ամիս առաջ աշխարհը մեկը մյուսի հետևից կորցրեց երկու երկար կառավարած ավտոկրատների՝ Ալժիրի նախագահ Ալբդելազիզ Բութեֆլիկային, որը հրաժարական տվեց ապրիլի 2-ին, և Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին, որը տապալվեց ապրիլի 11-ին: Երկու դեպքերում էլ նրանց տապալումն ուղղակիորեն արդյունք էր ժողովրդական ապստամբության, երբ ցրված ընդդիմադիր շարժումները միավորվեցին՝ հեռացնելու կոռումպացված, բռնատիրական և ռեպրեսիվ առաջնորդներին, ամերիկյան հեղինակավոր The New Republic պարբերականում այսպես է սկսում իր «Ինչպես իրականացնել հաջող հեղափոխություն» վերտառությամբ հոդվածը վերլուծաբան Թոմ Բոլը:

Աշխարհում, որտեղ գնալով աճում է անազատականությունը, ազատական-դեմոկրատական արժեքների այս հաղթանակների տոնակատարությունները պետք է լինեն զուսպ՝ հաշվի առնելով պատմական նախադեպքերը, շարունակում է հոդվածագիրը: Քանի որ 21-րդ դարում հեղափոխական շարժումները մշտապես սայթաքել են: Օրինակ, 2011թ. արաբական գարունը գրեթե ամբողջությամբ վերադարձել է նույն ոչ լիբերալ կառավարման, որը փորձում էին արմատախիլ անել: Նույն կարելի է ասել գունավոր հեղափոխությունների մասին, որոնք տեղի ունեցան հետխորհրդային մի քանի երկրներում 21-րդ դարի առաջին տասնամյակում: Խոստումները և լավատեսությունը, որոնք ծագել էի Վրաստանում, Ուկրաինայում և Ղրղըզստանում ավտորիտար ռեժիմների տապալումից հետո, փչացել են՝ հաջորդած տարիներին դրանցից աստիճանաբար հետ քաշվելու պատճառով:

Սակայն անցյալ ամիս նախկին խորհրդային մի հանրապետություն՝ Հայաստանը, տոնեց իր ժողովրդավարական հեղափոխության առաջին տարին. 2018թ. 11 օր տևած խաղաղ բողոքը հանգեցրեց առաջնորդի հրաժարականին, որը ցանկանում էր երկարաձգել իր իշխանությունը սահմանադրական մանևրումների միջոցով, շարունակում է Թոմ Բոլը: Նախկին լրագրող, խարիզմատիկ Նիկոլ Փաշինյանը գլխավորեց համաժողովրդական շարժում, որին միացավ 100 հազար հասարակ քաղաքացի, որոնք արգելափակեցին մայրաքաղաք Երևանի փողոցները: 2018թ. ապրիլի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. «Ես սխալվում էի, Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր»:

«Թավշյա հեղափոխություն» անվանումը ստացած հայկական այս շարժումը այն ժողովրդական և խաղաղ իշխանափոխության քիչ իրական օրինակներից է, որ տեսել է այս հարյուրամյակը, կարծում է հոդվածագիրը: Վերջին երկու տասնամյակում վատ կառավարությունների մի քանի տապալումների շարքում քչերն են արտահայտել ժողովրդի դժգոհությունն ու կամքը այնքան հստակ և դիպուկ, որքան Հայաստանի զանգվածային ցույցերը:

Հայաստանի հեղափոխական շարժումը սկսվեց իրական մի պահից, որը պատկերվում և մարմնավորվում է իր գրեթե աստվածաշնչյան պատմությամբ, երբ Փաշինյանը սկսեց իր քայլը հյուսիսային Գյումրի քաղաքից և մայրաքաղաք հասավ 17 օր հետո՝ ճանապարհին իրեն միացած հազարավոր համախոհների հետ:

Անգամ մեկ տարի անց դեռ վաղ է սա համարել հաջողություն, բայց երկրում տիրող հարաբերական անդորրը և 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած ազատ և արդար ընտրություններն արդեն լավ նշան են, կարծում է հոդվածագիրը:

«Պետք է չափավոր լավատես լինել,- ասում է Քեմբրիջի համալսարանի քաղաքական տեսության պրոֆեսոր Ջոն Դանը:- Դեռ վաղ է ասել՝ արդյոք դա հաջողություն էր, բայց միաժամանակ, բավականաչափ ժամանակ է անցել հասկանալու, որ այն լիարժեք ձախողում չի լինի: Ես շատ ավելի լավատես կլինեմ Հայաստանի, քան վերջին շրջանում որևէ այլ հեղափոխության հարցում»:

Եթե այսպես շարունակվի, երեք միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը, որը վերջին արյունոտ կես հազարամյակում անընդհատ ճնշումների է ենթարկվել իր հարևանների կողմից, կարող է իրեն համարել այս հարյուրամյակի այն քիչ երկրներից մեկը, որն արդյունավետ և տևական ներդրում է ունեցել ժողովրդավարության գործում՝ հաջողության հասնելով մի բանում, որում շատերը ձախողում են: Եվ մինչ փոշին նստում է թավշյա հեղափոխության վրա, տեղին է հարցնել՝ ինչու է դա տեղի ունենում մի ժամանակաշրջանում, որն ավելի շատ նկարագրվում է որպես բռնապետական:

Ի տարբերություն Հյուսիսային Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի կամ Արևելյան Եվրոպայի, ոչ խիտ բնակեցված և ժայռոտ կովկասյան այս երկրի ժողովուրդը այս կոնկրետ օրինակում քիչ աշխարհաքաղաքական նշանակություն ուներ որևէ մեկի համար, պարզաբանում է հոդվածագիրը: Եթե Լիբիան արագորեն հայտնվեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Բրիտանիայի ռումբերի տակ, Ուկրաինայի արևելյան սահմանը շուտով գրավվեց Ռուսաստանի կողմից, Հայաստանի շարժումը հիմնականում թողնվեց հենց իր վրա:

Բացի այդ, Հայաստանը տոհմաբանություն ունեցող երկիր է և ունի մշակութային և քաղաքական բոհեմիզմի երկար ավանդույթներ: 1980-ականներից հայերը պարբերաբար մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել՝ սկզբում խորհրդային իշխանությունից ինքնորոշվելու համար, հետո վերածնված ավտորիտարիզմին դիմակայելու համար: Դրանց մեջ ամենանշանակալիցը 2008թ. էր, երբ այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի կեղծումները՝ իշխանությունն իր համախոհ Սերժ Սարգսյանին փոխանցելու համար, հանգեցրին զանգվածային երթերի, իսկ հետո՝ 8 ցուցարարների մահվան: Դա ազգային ողբերգություն էր, բայց այն առաջ բերեց ագիտատորների մի ամբողջ սերունդ, որտեղ Փաշինյանը վերջին տեղում չէր և բանտարկվեց «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեղադրանքով: Սերժ Սարգսյանի օրոք ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ, այժմ Բալթյան երկրներում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքով՝ «այն մարդկանց տվեց իրավական գրագիտություն և քաղաքական հասունություն», որն իրեն արդյունավետ կերպով արդարացրեց մեկ տասնամյակ անց:

Բայց հայկական հեղափոխության հաղթանակը նաև (և գուցե առաջին հերթին) ապահովվեց այն որոշումներով, որոնք տեղում ընդունվում էին 2018թ. ցույցերի 11 օրերի և Սարգսյանի հրաժարականից հետո մեկ շաբաթվա ընթացքում: Որպես նախաբան՝ Փաշինյանը ցանկացած գնով զերծ էր մնում խաղաղ ցույցերը բռնության վերածելուց: Կազմակերպիչները դիտավորյալ կերպով կենտրոնական լոկուս չէին ստեղծում ցուցարարների համար, ինչը հնարավորություն չէր տալիս իշխանություններին ուղղակիորեն հարվածել շարժմանը, քանի որ ցուցարարները շրջում էին ամբողջ քաղաքում: Համեմատության համար նշենք, որ Կիևի Մայդանում վրանային ճամբարը հնարավորություն տվեց ոստիկանությանը բռնի ուժ կիրառել:

Բռնության կամ անգամ դիմակայության լիարժեք բացակայությունը վճռորոշ նշանակություն ունեցավ իշխանության սահուն փոխանցման համար: Բռնի տապալումը հազվադեպ է լավ ավարտ խոստանում, ասում է Դանը, առաջ բերելով «չափազանց շատ կառուցվածքային ատելություն և չափազանց շատ խորը և փոփոխվող վիրավորանք»: Փոխարենը, Հայաստանում հեղափոխությունը ձգձգված տոնակատարության էր նմանվում, որտեղ բոլորը ողջունելի են: Ուսանողները փողոցային տոնակատարություններ էին կազմակերպում, ուղևորները միանում էին ազդանշաններով, իսկ տատիկները թավաներով էին աղմկում: Ապրիլի 23-ին, երբ Սարգսյանը հրաժարական տվեց, իշխանության փոխանցումը կատարվեց նույն խաղաղ ձևով, և Փաշինյանը, որը շուտով դարձավ վարչապետի պաշտոնակատար, ապացուցեց, որ ավելի հմուտ քաղաքական գործիչ է, քան ենթադրում էր իր բեյսբոլի գլխարկ-բարձրախոս կերպարը: Երկրի սահմանադրությունը շահարկելու փոխարեն, ինչպես անում էր իր նախորդը և աղետալի հետևանք ունեցավ, Փաշինյանը արագորեն կառչեց դրանից՝ ապահովելով իր լեգիտիմությունը:

Հայկական հեղափոխության կարգապահությունը չի դասվում հեղափոխությունների արդեն ընդունված բերետ-մուշկետոն շարքին: Անգամ հարց է առաջանում՝ արդյոք դա հեղափոխություն էր: «Ինստիտուցիոնալ նորմերին խիստ համապատասխանությունն և իրավախախտության մերժումը հենց այն է, որն այն առանձնացնում է գունավոր հեղափոխություններից»,- ասում է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի՝ եվրասիական հարցերով փորձագետ Սայմոն Հոլենբաուերը:

Հենց իր կարգապահության, ոչ հեղափոխական բնույթի շնորհիվ, թվում է, թավշյա հեղափոխությունը լուրջ հնարավորություններ ունի պահպանելու իր հաջողությունը և կառուցելու ժողովրդավարություն մի տարածաշրջանում, որտեղ գերակշռում են հակաժողովրդավարական վարչակարգերը: Բայց հաշվի առնելով, որ Հայաստանի բնակչության 30 տոկոսն ապրում է աղքատության մեջ՝ նոր կառավարությունը շատ գործ ունի անելու: Օգտակար է, որ Փաշինյանը նստած է ժողովրդի բարի կամքի ամբարի վրա: Հեղափոխության առաջին տարեդարձին Հայաստան կատարած այցիս ժամանակ չկար որևէ մեկը, ով վատ խոսք ասեր նրա հասցեին՝ սկսած տաքսիի վարորդից, որը նրան ներկայացնում էր որպես ժողովրդի մարդ, մինչև գործարարներ, որոնք գովերգում էին կոռուպցիայի դեմ նրա պայքարը, գրում է Բոլը:

«Չկան շատ շոշափելի բաներ, որոնք կարող ես մատնանշել և ասել, որ փոխվել է կամ բարելավվել: Սա ավելի շատ մտածողության հարց է, քանի որ երկար ժամանակի ընթացքում առաջին անգամ հայերը զգացին, որ իրենք ձայն ունեն: Եվ դա մեզ լավատես է դարձնում»,- իրավիճակն այսպես է գնահատել Երևանում ապրող 46-ամյա ֆինանսական վերլուծաբան Վարուժ Նազարյանը:

Գուցե սա այն մոդելը չէ, որը կարող է կրկնօրինակվել ամենուր, բայց հայկական հեղափոխությունն առնվազն ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը սպառված ուժ չէ: Անգամ այն վայրերում, որտեղ ժողովրդավարական ինքնարտահայտումն այնքան հեռու և անհասանելի է թվում, Հայաստանի օրինակը ցույց է տալիս, որ այն կարող է հայտնվել անսպասելի և միաժամանակ վստահ: Այսօրվա գերակշռող հակաժողովրդավարական քամիների ֆոնին հենց միայն դա լավատեսության տեղիք է տալիս, եզրափակում է Թոմ Բոլը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031