Աշխարհագրագետ, «Հայկական բնապահպանական ճակատ»-ի անդամ Լեւոն Գալստյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկում է Սեւանա լճի մասին «լայվով» հանդես գալ, քանի որ խնդիրը մյուս հարցերից պակաս կարեւոր չէ: «Պարոն Փաշինյան, ուղիղ եթեր արեք այդ մասին: Կոչ արեք ժողովրդին բոլոր ուժերը միավորել՝ Սեւանի ափամերձ տարածքների մաքրման համար: Տեխնիկա էլ է պետք, բայց առաջնայինը մարդկային ներուժն է»,-«Էկոլուր» մամուլի ակումբում փորձագետների հավաքի ժամանակ այսօր հայտարարեց Լեւոն Գալստյանը:
Հիշեցնենք, որ փորձագետներն ահազանգում են Սեւանի ծաղկման հետեւանքով ջրում թույների կուտակման ու ճահճացման վտանգի մասին:
Դառնալով իր առաջարկին՝ Լեւոն Գալստյանը նշեց, որ, օրինակ, վարչապետի կոչով 100 000 անձ կարող է մաքրել լճի ափերը. «Դրանից հետո պետք է լճի մակարդակն արագ բարձրացնել, որպեսզի ջրի որակը լավանա: Յոթ տարի ջրի մակարդակը չի բարձրացվել: Սա առաջին քայլն է, որը կարելի է անել Սեւանի փրկության համար»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ