Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Թումասյան. Վերմիշյանը սխալ տերմին է օգտագործել եւ մարդիկ ընկան թյուրիմացության մեջ. «Հրապարակ»

Հուլիս 04,2019 12:39

Օրեր առաջ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարեց, թե մինչեւ 2021 թվականը աղետի գոտու բոլոր շահառուները կապահովվեն բնակարաններով։ Ըստ Վերմիշյանի բերած վիճակագրության, երկրաշարժի հետեւանքով տնակներում ապրող քաղաքացիների թիվը 457 է, վերջիններիս բնակարաններով ապահովելու համար 3 միլիարդ դրամ է անհրաժեշտ։

«Շիրակ Կենտրոն» կազմակերպության նախագահ Վահան Թումասյանը, որը վարչապետի կողմից ստեղծված աշխատանքային խմբի անդամ է, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ 3 միլիարդ եւ 457 թվերը վերաբերում են Լոռու մարզի 12-13 գյուղական բնակավայրերում կիսատ մնացած անհատական բնակարանների կառուցմանը միայն, իսկ իրականում, եթե խոսքն աղետի գոտու մասին է, ապա շուրջ 8 հազար անօթեւան ընտանիքի մասին պետք է խոսել․ «2008 թվականին, երբ բնակարանաշինության վերջին փուլը եղավ, Գյումրիում «Մուշ 2» թաղամասը կառուցվեց, Սպիտակում, Վանաձորում բնակարաններ կառուցվեցին։

Նաեւ գյուղերում բնակարանաշինության ծրագիր էր իրականացվում։ Գործընթացը հետեւյալն է՝ սկզբից անօթեւան են ճանաչվում, հետո նորից փաստաթղթեր են ուզում, շահառու են ճանաչում։ Այս պարագայում խոսքը չի կարող լինել ամբողջ աղետի գոտու կամ անօթեւանության մասին։ Այդ 457-ը վերաբերում է հիմնականում Լոռու մարզի գյուղական բնակավայրերին։ Այսինքն՝ դա չի վերաբերում Շիրակի մարզին առհասարակ, Գյումրիին չի վերաբերում, այլ վերաբերում է նրան, որ սկսվել է անհատական բնակարանաշինությունը, կիսատ է մնացել, հիմա գումարը տալիս են, որ ավարտեն։ Սա մի լոկալ խնդիր է»։

Բայց չէ՞ որ Վերմիշյանն ասում է, որ 3 միլիարդ դրամով «աղետի գոտի» հասկացությունը վերանում է ընդհանրապես։

«Ինքը սխալ տերմին է օգտագործել, ներքին օգտագործման տերմին է, իսկ լրագրողները պարտավոր չեն իմանալու այդ տերմինները։ Եվ մարդիկ ընկան թյուրիմացության մեջ։ Ինքն ասում է, որ հաշվառումն ավարտվել է, առաջարկությունների փաթեթի ձեւավորումն ավարտել ենք, աշխատանքային խումբն աշխատանքներն ավարտել է (որի մեջ ես էլ էի ընդգրկված), մոտ 8 հազար ժամանակավոր կացարան է բացահայտվել աղետի գոտում՝ բնականաբար, իրենց բնակիչներով հանդերձ։

Եվ այդ ամբողջ փաթեթը ներկայացվել է կառավարությանը, որ որոշումներ կայացնեն, ծրագիր մշակեն եւ այլն։ Դա երկար տարիներ կտեւի, ահռելի աշխատանք է, մեծ ցանկության դեպքում էլ մենք դա արագ չենք կարող անել։ Այսինքն՝ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, եթե վերցնենք, որ այդ 457 մարդու խնդիրն է լուծվելու, հնարավոր է, բայց եթե ամբողջ աղետի գոտու մասին է խոսքը… 8 հազար ընտանիքի մասին է խոսքը, սա թյուրիմացություն է։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031