Վերջին ամիսներին բնապահպաններից եւ փորձագետներից կազմված «SOS Սեւան« նախաձեռնությունն ահազանգել է, որ Սեւանա լճի որակը փոխվում է. այժմ լիճը մամռակալում է, իսկ պատկան մարմինները պատշաճ ուշադրություն չեն դարձնում, չեն ապահովում Սեւանի մաքրությունը: Այս մասին այսօր «Էկոլուր» մամուլի ակումբում փորձագետների հավաքի ժամանակ հայտարարեց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Բնապահպան Ինգա Զարաֆյանն էլ իր հերթին նշեց՝ իրենց միշտ մեղադրում են, որ անհիմն են ահազանգում Սեւանի խնդիրների մասին, մինչդեռ իրականությունն այլ է. «Սեւանի հարակից օբյեկտները չունեն մաքրման համակարգեր: Ջրում ֆոսֆորի քանակությունը նորմայի մեջ չէ: Մենք լուծումների եւ առաջարկների փաթեթ չենք տեսնում: Պետք է ստիպել կառավարությանը գնահատում անցկացնել»:
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ Լուսինե Համբարյանն էլ ասաց, որ Սեւանը ներկայում ծաղկման փուլում է, այս տարում՝ արդեն երկրորդ անգամ. «Նախորդ տարի իրավիճակը ծանր էր ծաղկման ժամանակ: Խնդիրը ստեղծում է երկրորդային աղտոտվածություն: Կարծիք կա, թե այս ամենը գլոբալ տաքացման հետ է կապված: Այո, բայց ջերմաստիճանը պատճառներից մեկն է, բայց առաջին պատճառը կենսածին տարրերի առկայությունն է ջրում: Եթե ծաղկումն ամեն տարի է արձանագրվում, իսկ այս տարի՝ ավելի մեծ ծավալի կենսազանգվածի՝ ջրիմուռների առկայությամբ, խնդիր կա: Կենսաբազմազանությունը կնվազի, ամեն տարի ծաղկում կլինի»:
Լուսինե Համբարյանի խոսքով՝ նշյալ տեսակի ծաղկումը լճի կենսաբազմազանության ջրի որակի վրա վատ է անդրադառնալու, քանի որ ծաղկած ջրիմուռներն ակտիվ կերպով թթվածին են կլանում. «Նախորդ տարվանից ասում ենք այս մասին, բայց պատկան մարմինները ոչինչ չեն արել: Կոյուղաջրերի եւ մաքրման ջրերի խնդիրն է առկա: Ծաղկած ջրիմուռները լճում կուտակում են կայուն թույներ, որոնք ոռոգման ջրի միջոցով հայտնվում են բնամթերքում: Նման ջուրը չենք կարող օգտագործել ձկնային պաշարների եւ խեցգետինների համար կամ ոռոգման նպատակով»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
https://www.facebook.com/aravot.am/videos/490741241730384/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Լուսանկարում՝ Սեւանի ծաղկած ջրի նմուշ