Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ոստիկանությունը «օրենքով գողերին» բերման ենթարկում, հետո բաց թողնում. Աշոտ Ահարոնյանի պարզաբանումը. «Ժողովուրդ»

Հուլիս 04,2019 11:52

«Ժողովուրդ» օրաթերթը շուրջ զրուցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի հետ։

-Պարոն Ահարոնյան, ոստիկանությունը թավշյա հեղափոխությունից հետո եւ, առհասարակ, վերջին օրերին ակտիվ ներկայացնում է հաղորդումներ, թե ինչպես են «օրենքով գողերի», քրեական աշխարհի ներկայացուցիչների բերման ենթարկում, որից հետո ազատ արձակում։ Ինչո՞ւ եք բերման ենթարկում, հետո թողնում, ո՞րն է նպատակը։

–Ձեր կողմից նշված, այդպես ասած, «օրենքով գողերի»՝ ոստիկանությունում հայտնվելը երբեք ինքնանպատակ չի եղել։ Ոստիկանությունը իր գործառույթները իրականացնելիս, այն է՝ հանցավորության դեմ պայքարը, հանցագործությունների կանխարգելումը, մշտապես իրականացնում է օպերատիվ աշխատանքներ։ Այդ աշխատանքների շրջանակներում եւ ոստիկանների տեսադաշտում հայտնվում են նաեւ, այսպես ասած, «օրենքով գողեր»։

–Մի շարք մասնագետներն այն կարծիքին են, որ «օրենքով գողերի» դեմ ոստիկանության աշխատանքը ճիշտ չէ, եւ նրանց բերման ենթարկելով, ձերբակալելով որեւէ արդյունքի չեն կարող հասնել, քանի որ այդ աշխարհի կանոններով ապրողների հետ պրոֆիլակտիկա չեն անում։ Նրանց բերման ենթարկելուց հետո պետք է այնպիսի փաստարկներ ներկայացվեն, որ անմիջապես ձերբակալվեն, կամ ուղղակի չպետք է շոու բեմադրվի։

-Ես չգիտեմ, թե Դուք որ մասնագետներին եք վկայակոչում, որովհետեւ մինչ օրս ես տեսել եմ սիրողական մակարդակի վերլուծություններ։ Կարծում եմ՝ Դուք էլ, Ձեր կողմից նշված մասնագետներն էլ կհաստատեն, որ հանցավոր աշխարհում, այսպես կոչված, «օրենքով գողերը» ունեն որոշակի ազդեցություն եւ դիրք, եւ զարմանալի չէ, որ ոստիկանությունը, որի գերխնդիրը հանցավորության դեմ պայքարն է, ժամանակ առ ժամանակ այդ անձանց բերման է ենթարկում կամ կանչում։ Դրանք օպերատիվ աշխատանքներ են, որոնք գաղտնի են, դրանց հիմնական մասը, եւ այդ աշխատանքի վերաբերյալ կարծիք հայտնելիս կարծիք հայտնողը գոնե պետք է նպատակների ու միջոցների մասին տեղեկություն ունենա։ Եթե այդ միջոցառումները գաղտնի են, եւ այդ մասնագետը չգիտի՝ ինչի մասին է խոսքը, որ հանցագործության համար են նրան բերել, որ սպասվող հանցագործության կանխարգելման համար, բնականաբար նրա բոլոր վերլուծություններն ու կարծիքները լինելու են սուբյեկտիվ։

–Բայց ունենք իրավիճակ. ոստիկանությունը «օրենքով գողերին» բերման է ենթարկում, ձերբակալում է, հետո բաց թողնում, ինչը անում են նաեւ այս օրերին, ու այդ ամենի արդյունքում «օրենքով գող» է սպանվում։ Հիմա այս իրավիճակում ոստիկանության աշխատանքը Դուք արդյունավետ համարո՞ւմ եք. ըստ էության, անարդյունք է:

–Իհարկե, արդյունավետ եմ համարում աշխատանքները, բայց, ի տարբերություն ոստիկանության, օպերատիվ աշխատանքներ իրականացնողների, մնացած բոլորը չեն կարող այդ աշխատանքների արդյունավետության մասին խոսել, քանզի, կրկնում եմ, նրանք չգիտեն՝ կոնկրետ անձի ինչու բերեցին, ինչ նպատակով. դա կանխարգելիչ էր կոնկրետ հանցագործության բացահայտման, թե ընդհանուր քրեական իրավիճակի վերահսկման։ Մինչեւ կարծիք հայտնողը չիմանա՝ ինչի համար է դա արվել, նա չի կարող օբյեկտիվ կարծիք ձեւավորել։ Կրկնում եւ ոստիկանների տեսադաշտում այդ անձանց առավել հաճախ հայտնվելը պայմանավորված է հենց հանցագործությունների բացահայտման եւ ընդհանուր քրեական իրավիճակի վերահսկման աշխատանքով։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031