Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում ներկայումս եթե կա ճգնաժամ, դա սահմանադրական մտքի ճգնաժամ է, Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա». Արթուր Ղազինյան

Հուլիս 04,2019 11:44

«Իրավական ուղի» ՀԿ-ն այսօր խորհրդաժողով էր կազմակերպել՝ Սահմանադրության մեկնաբանության գործիքների եւ սահմանների թեմայով՝ «ՀՀ սահմանադրություն. Կարմիր եւ կանաչ գծեր» խորագրով:

Իրավական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանն իր զեկույցում ասաց, որ Հայաստանում ժողովրդի գործոնն է նշվում, այսինքն, ժողովրդի կամքն ավելի կարեւոր է, քան Սահմանադրությունը եւ ստացվում է, որ իշխանության ցանկությունը դա նույն ժողովրդի կամքն է, եւ դա մեկնաբանվում է որպես բացարձակ ճշմարտություն եւ ժողովրդի պահանջ:

Ըստ նրա, վաղը Սահմանադրության օրը առանձնապես չի նշվելու, մարդու օրը՝ Քաղաքացու օրը բարձրացվել է, Սահմանադրության օրը՝ իջեցվել: Մեկ մարդը ձեւավորում է կառավարություն, խորհրդարան՝ իրեն հարմար պայմաններով. «Ինչի՞ մասին ենք խոսում, ժողովրդավարություն ենք հռչակում, մարդու կամքը նույնացվում է ժողովրդի կամքի հետ եւ դա դարձվում բացարձակ կատեգորիա: Եթե մենք իրականում խորհրդարանական կառավարման երկիր լինեինք, բոլոր նախարարները, դեսպանները պետք է հաստատվեին ԱԺ հանձնաժողովներում: Խորհրդարանին հաշվետու ծառայություններ պետք է ունենայինք, որովհետեւ ԱԺ-ն է իշխանության ծառայության կրողը: Բայց այդպես չէ: Մեր երկրում նախագահն անգամ վետոյի իրավունք չունի, որը անկասկած պիտի ունենա, իշխանությունը պետք է բալանսավորված լինի, ինչը մենք էլի չունենք»:

Խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության մասին՝ ՍԴ դատավոր եւ ՍԴ անդամ եզրույթի հետ կապված՝ նա հիշեց քարը փոսը գցելու եւ հարյուր մարդու՝ քարը փոսից հանելու ասացվածքը. «Սա բացարձակ քաղաքական երեւույթ է, տպավորություն է, որ իմ շատ հարգելի գործընկերները ժամանակն անտեղի վատնում են՝ հորինված պատմության վրա: Սա իրավական որեւէ գնահատականի ենթակա չի: ՀՀ-ում ներկայումս եթե կա ճգնաժամ, դա սահմանադրական մտքի ճգնաժամ է, Սահմանադրական դատարանում ճգնաժամ չկա: Պետականության ճգնաժամ է: Մենք պետությունը նվեր ենք ստացել, մենք դրա համար կռիվ չենք արել, մենք երկնքից նվեր ենք ստացել, պապերի պատգամը, որոնք կոտորվել են երկրի համար չգնահատեցինք, չիմացանք ինչ է պետությունը, պետականությունը մեր համար, ամեն րոպե կարող ենք կանգնել պետականության ու պետության կորստի վտանգի առաջ»:

Նա հույս հայտնեց, որ մեր ժողովուրդն իմաստուն է ու դա թույլ չի տա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    Ծանոթ եմ Ձեր վերջին ժամանակների ելույթներին։ Նրանք շատ կողմնակալ են։ Որպես քաղաքացի չեմ հավատում Ձեզ, որովհետև մի փոքր տրամաբանելուց հետո հասկանում եմ այդ կողմնակալության դրդապատճառը։ Ձեր խելամտությունը թույլ չի տալիս բացահայտ միանալ անցյալի “հերոսներին”, սակայն, ըստ էության, Դուք նույն թիմից եք։ Վայելել եք այդ համակարգը իր բոլոր հնարավորություններով հանդերձ, իսկ այժմ ոչ այնտեղ եք, ոչ էլ, բնականաբար, այստեղ։ Այս պահի դրությամբ՝ и нашим, и вашим, без резких телодвижений, մինչև տեսնեք ինչն ինչոց է։ Ընդամենը։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031