Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա նույնն է, որ սկսենք խոսել, թե երկրագունդը տափակ է». Դավիթ Հարությունյանը՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մասին

Հուլիս 04,2019 11:24

«Իրավական ուղի» ՀԿ-ն այսօր խորհրդաժողով էր կազմակերպել՝ Սահմանադրության մեկնաբանության գործիքների եւ սահմանների թեմայով՝ «ՀՀ սահմանադրություն. Կարմիր եւ կանաչ գծեր» խորագրով: Ինչպես տեղեկացրել ենք, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդը, խոսելով Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարության մասին՝ ՍԴ դատավորներ եւ ՍԴ անդամներ եզրույթի հետ կապված, ասել էր, որ նման մեկնաբանությունը հակասահմանադրական է:

Խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Վահե Գրիգորյանի այդ հայտարարությանը չի անդրադառնա, որովհետեւ նախ պրոֆեսորը մանրամասն մեկնաբանեց, հետո դա ժամանակի կորուստ է: Նա ասաց, որ Սահմանադրությունը սահման դնող է ու սուբյեկտիվությունը, սուբյեկտիվ մեկնաբանությունն այստեղ տեղ չունի: Ըստ նրա, Վահե Գրիգորյանի հայտարարության մասին եթե սկսեն խոսել, դա նույնն է, որ «սկսենք խոսել, թե երկրագունդը տափակ է»: Նա ասաց, որ հաճախ Սահմանադրությունը փորձում են մեկնաբանել կամայական ձեւով բայց Սահմանադրությունը չի պահանջում մեկնաբանություն: Օրինակ, ԱԺ պատգամավորները ընտրվում են հինգ տարի ժամկետով, մեկնաբանման կարիք չկա, ամեն ինչ պարզ է:

Նա ասաց, որ, օրինակ, բնակարանի սեփականությունը հոդվածում, երբ տառացի եւ քերականական մեկնաբանությունն ենք վերցնում, պետք է նկատի ունենաք, որ ունենք միջուկը եւ սահմանային կատեգորիաները, որոնք պետք է օգտագործել՝ մեկնաբանման համար, միայն մեկ մեթոդի հիման վրա մեկնաբանելը բացարձակապես անթույլատրելի է: Եթե մի մեթոդով մեկնաբանենք՝ կարող ենք այլասերել օրենքը, հայտնվենք այլ դաշտում:

Դավիթ Հարությունյանը օրինակներ բերեց, թե ինչպես են երբեմն թույլ տալիս օրենքը խախտել՝ իրավունքը կարեւորելով: Օրինակ, ինքնաթիռում կինը ծննդաբերեց, երեխան չունի արտոնագիր այդ երկրում լինելու, պե՞տք է թույլ տան, որ երեխան մոր հետ հայտնվի այդ երկրում, թե՞ ոչ: Եթե օրենքի չոր մեկնաբանմանը դիմեն՝ չպետք է թույլ տան, բայց մյուս կողմից էլ կինը ծննդաբերել է ինքնաթիռում, ուստի կարեւոր է իրավունքը:

Նա նաեւ խոսեց կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին, մի կողմից ասվում է, որ խտրական մոտեցում չպետք է լինի, մյուս կողմից էլ զորակոչվում են միայն տղաները, սա խտրականությո՞ւն է, թե՞ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031