«Իրավական ուղի» ՀԿ-ն այսօր խորհրդաժողով էր կազմակերպել՝ Սահմանադրության մեկնաբանության գործիքների եւ սահմանների թեմայով՝ «ՀՀ սահմանադրություն. Կարմիր եւ կանաչ գծեր» խորագրով:
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Օթթո Լուխթերհանդն ասաց, որ Սահմանադրությունը պետք է դիտարկել միասնական՝ իր բոլոր փոփոխություններով ու սխալ է, երբ մեդիայում նշվում է՝ 2015-ի կամ 2005-ի Սահմանադրություն, կա մեկ սահմանադրություն՝ փոփոխություններով: Եթե այդպես չդիտարկվի, ռուսական ռուլետկան կստացվի:
Նա անդրադարձավ Վահե Գրիգորյանի աղմկահարույց հայտարարությանը՝ Սահմանադրության 213 հոդվածի հետ կապված: Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը, մեկնաբանելով այդ հոդվածը, հայտարարել էր, որ գնում է ստանձնելու ՍԴ դատավորի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը:
Լուխթերհանդն ասաց, որ նախկինում ընտրված ՍԴ անդամները ունեն նույն լիազորությունները, ինչ նոր կանոններով ընտրված ՍԴ դատավորները: 213 հոդվածի երկրորդ նախադասությունը թափուր տեղերի զբաղեցումն է կարգավորում ՍԴ-ում եւ այդ թափուր տեղերը արդեն կոչվում են դատավորների տեղեր՝ ըստ 7-րդ գլխի խմբագրության. «Այստեղից բխում է, որ որեւէ տարբերակում չի անցկացվում անդամների եւ դատավորների թափուր տեղերի միջեւ: Սա միանգամայն տրամաբանական է, քանի որ 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո կարող են լինել միայն ՍԴ դատավորներ…Այլեւս չկան ՍԴ անդամներ, եւ եթե այսօր շարունակվի խոսել ՍԴ անդամների եւ դատավորների մասին, ապա դա հակասահմանադրական բան է, արդեն չի կարելի անգամ շարունակել տարբեր անվանումներ տալ եւ առավել եւս չի կարելի պնդել, որ անդամների եւ դատավորների միջեւ կան կարգավիճակի եւ լեգիտիմության տարբերություններ: Սահմանադրությունը ոչ մի ձեւով այսպիսի տարբերակումներ չի տալիս»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ