Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ասվում է ԱՄՆ անկախության օրվա առթիվ Ալիևի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված ուղերձում:
«Մենք մեծ հույսեր ենք կապում ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրի, և անձամբ Ձեզ հետ, պարո՛ն նախագահ, հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման գործում՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և մեր երկրի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Ալիևը նաև նշել է, որ Ադրբեջանին և ԱՄՆ-ին կապում են բարեկամական և գործընկերային հարաբերություններ:
«Փոխադարձաբար շահավետ մի շարք ոլորտներում համագործակցությունը կրում է ռազմավարական գործընկերության բնույթ: Մենք պատրաստվում ենք շարունակել մեր բազմակողմանի ջանքերը՝ ուղղված միջազգային անվտանգության ապահովմանը և ահաբեկչության դեմ պայքարին: «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որը հաջողությամբ իրականացվեց, և որի նախաձեռնողը մենք էինք, մեծ ներդրում է Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում: ԱՄՆ-ի աջակցությունը մեր նախագծերին՝ դիվերսիֆիկացնելու էներգիայի աղբյուրները և դրանց տեղափոխումը, մեզ համար կարևոր նշանակություն ունի»,- ասվում է ուղերձում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ