Լրահոս
Օրվա լրահոսը

Համակարգը եւ նրա արմատները

Հուլիս 04,2019 10:00

Քրեաօլիգարխիկ, կոռուպցիոն համակարգը իր ներկայիս «դասական» տեսքով կերտել է Հայաստանի Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, դրա սաղմերը, ներառյալ ընտրությունների կեղծումը, կային նաեւ 90-ական թվականներին: Բայց այն ժամանակ դա տեղի էր ունենում տարերային ձեւով՝ խորհրդային համակարգի քայքայման, սեփականության վերաբաշխման, մարտական ակտիվ գործողությունների եւ պատերազմի որոշ մասնակիցներին «երես տալու» եւ անպատժելիության ֆոնի վրա: «Համակարգային մոտեցմամբ» գործին ձեռնամուխ է եղել Ռոբերտ Քոչարյանը՝ իրեն հատուկ վճռականությամբ եւ կազմակերպչական ունակություններով: Առաջին դեմքն էր որոշում, ով պետք է զբաղվի բիզնեսով, ով՝ ոչ, ով որքան պետք է հարստանա, ով երբ, որքան եւ ում պետք է «մուծվի», ինչ պետք է հաղորդեն հեռուստաընկերությունները, ինչ իրավունք չունեն հաղորդելու եւ այլն: Սերժ Սարգսյանը, պահպանելով համակարգը, փորձեց «պտուտակները թուլացնել», բայց դա, ի վերջո, բերեց իշխանափոխության:

Ահա այս համակարգն է, որ Փաշինյանը եւ նրա թիմը անկեղծորեն ցանկանում են կազմաքանդել: (Երբ նրանք ասում են, որ այն արդեն իսկ կազմաքանդվել է, դա, իմ կարծիքով, ավելորդ լավատեսություն է՝ եթե նախարարներն ու այլ բարձր պաշտոնյաները կաշառք չեն վերցնում, դա չի նշանակում, որ համակարգն այլեւս գոյություն չունի): Ինչպես կազմաքանդել՝ իհարկե, բարդ հարց է, որի ամբողջական պատասխանը ես, բնականաբար, չգիտեմ. ընդհանրապես, «ճանապարհային քարտեզի» համար մեկ մարդու գիտելիքը չի կարող բավարար լինել: Բայց ինձ թվում է, նախեւառաջ պետք է հասկանալ, թե ում վրա է հիմնված այդ համակարգը: Եվ այդ առումով, կարծում եմ, ներկայիս իշխանությունը սխալ թիրախներ է ընտրել: Համակարգի «սյուները» Երկրորդ եւ Երրորդ նախագահը կամ նրանց շրջապատը չեն, նախկին իշխանավորները չեն, ՀՀԿ-ն չի. պետք չէ իրավիճակը պարզունակ ներկայացնել՝ ծափահարությունների արժանանալու համար:

Համակարգի «սյուներն են»՝ ներկայիս բյուրոկրատիայի հազարավոր ներկայացուցիչները, ինչպես նաեւ տասնյակ հազարավոր քաղաքացիները, որոնք չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է ապրել առանց ծանոթ-բարեկամին «լավություն անելու», առանց «մաղարիչի» եւ «բախշիշի», առանց «ջիգյարի», «մարդկության» եւ «ախպերության»: Քրեաօլիգարխիկ համակարգի սոցիալական, հոգեբանական արմատները ոչ թե 28 տարվա, ոչ թե տասնամյակների, այլ դարերի պատմություն ունեն: Եվ հիմքն այստեղ արժեքային համակարգն է, գաղափարախոսությունը՝ որքան էլ ներկայիս իշխանությունը չսիրի այդ բառը: Չխորանանք Եվրոպայի, Օսմանյան եւ Ռուսական կայսրությունների պատմության մեջ. պարզապես հաշվի առնենք, որ երեւույթներն ավելի բարդ են, քան թվում է առաջին հայացքից:

Համակարգը գնահատելու առումով, ինձ թվում է, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ավելի իրատեսական մոտեցում ունի, քան նրա ընդդիմախոսները՝ իր կուսակցության ներսում եւ դրանից դուրս:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Seyran says:

    Պարոն Աբրահամյան,լավ էլ վկա եք,ինչու ՔԿ-ին վկայություն չեք տալիս Ռ.Քոչարյանի գործով….

  2. Garo says:

    Տարիների ընթացքում ստեղծվելա միֆեր:
    Կարևոր միֆերից որ իբր ներդրողները, բիզնեսմենները սփյուռքահայերը հերթ են կանգնած եղել, որ գան ներդրում անեն Քոչարյանի համակարգը չի թողել:
    Իրականում Հայաստանի դիրքը, պատերազմական վիճակը, փոքր շուկան, փակ սահմանները հաշվի առնելով երկրի ղեկավարը ինքը պիտի գնա խնդրի աղաչի, անձնական կապերը օգտագործի որ գան ներդրում անեն:

    Քոչարյանը իր թիմով տենցել արելա Էռնեկյանինա բերել, Գազպրոմին, Ռուսալին, Քրքորյանին համոզել բարեգործություն անել. ու շատ ուրիշներին:

    Հիմա դուք դա ներկայացնում եք թե ինքնա որոշել ով բիզնես անի:
    Էն բիզնեսմեննրը ովքեր ասում են թե իբր իրանցից բիզնես են խլել, խոչընդոտել են հիմնականում կամ շառլատաններ են կամ անհաջողակներ:
    Որպես օրինակ Լևոն Մարկոսը, որին Կրեդիտ Երևան բանկը տվել են բանկում գրավ դրած ու բանկին անցած ֆիրմաների հետ միասին, բայց նաև պայմանով որ պետքա ավանդատուների ավանդները վերադրաձնի:
    Մարդը ակտիվները իրանովա արել բայց ավանդները վերադարձնելուց հրաժարվելա, հիմաել զոհա ձևանում իբր իրեն ունեզրկել են:

    Էտ շատ լավ երևումա նաև հիմա հեղափոխությունից հետո:
    Էտ քրեաօլիգարխայից բողոքողները ուր են ինչի հիմա ներդրում չեն անում:
    Մի ժամանակ ասում էին Ռոբը, Սերժը գնան նոր, հետո ԱԺ ընտրություններից հետո, հիմա անկախ դատական համակարգից հետո:
    2տարի հետոել ասելու են չէ սրանքել մի բան չեն, թող սրանք գնան նոր:

  3. Քաղաքացի says:

    Հազար մարդ, հազար կարծիք, կախված նրա գաղափարից և շահերից։ Մի երկիր, որտեղ իսպառ բացակայում էր օրենք ասվածը, ինչի մասին է ընդհանրապես խոսքը։ Ով էր հաջողակ, ով չէր, իսկ դատավորները ովքեր են։ Այս տարիների կեղտոտ շղթան չվերլուծելու համար գանք հեռվից։ Կոնֆուցիոս ՝ ամոթ է լինել հարուստ մի երկրում, որտեղ չկա օրենք և ամոթ է լինել աղքատ մի երկրում, որտեղ գործում է օրենքը։ Մի կողմ դնելով դեմքերը, կենտրոնանալով միայն երևույթի վրա, հիշենք այն մութ ու ցուրտ կիսաքաղց տարիները, երբ պատերազմում էինք և ապրում լուսավոր հույսով, և երջանիկ էինք այնքանով, ինչքանով որ հնարավոր էր այդ պայմաններում։ Վերջին տասնամյակներում երկիր էին լքում այդ թվում մարդիկ, ովքեր ոչ քաղցած էին, ոչ էլ նրանց կարելի էր համարել անհաջողակներ և նույնիսկ ճիշտ հակառակը։ Մարդիկ փախչում էին անարդարությունից, հուսալքությունից, որ ինչ որ մի բան կարող է մոտ ապագայում փոխվել։ Կպել եք ներդրումներից, Քոչարյան եք մեջ բերում, խոսեք արդարությունից և բարոյականությունից, որովհետև որոշիչը դա է։ Եվ շատ ճիշտ է որակել առաջին նախագահը՝ ավազակապետություն։ Արժանապատիվ հեռանալու շնորք էլ չունեցան։ Եթե արդար ես, քեզ հերոս ես հռչակել, բաց ճակատով կանգնիր դատարանի առջև և ապացուցիր, որ արդար ես։ Զզվելի մի իրողություն այսօր, երբ հսկայական վարձու մեդիա դաշտը, վարձու փողոցային խուժանը և վարձու փաստաբանները, բոլոր խաչմերուկներում մարդու իրավունքներից և արդարությունից են գոռգոռում։ Ամեն ինչ վճարված է։ Ինչպես ասում է ժողովուրդը, գողը գողությունից է խոսում, բոզն էլ բոզությունից։ Թող շնորհակալ լինեն Փաշինյանին, որ այսօր նման բաներից խոսալու հնարավորություն ունեն, սակայն բարոյական ոչ մի իրավունք։

  4. Alfred says:

    տասը տարի լսում էինք սաշիկի հիսուն հիսուն տոկոսի մասին։ վերջը պարզվեց որ սուտ է։եւ այսպես շատ շատ բաներ

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031