Լրահոս
Օրվա լրահոսը

«Կրեմլը անտարբեր չի մնում իր դաշնակիցների նկատմամբ իրականացվող հետապնդումներին»

Հուլիս 04,2019 14:30

«Հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ոգեւորել է հայ-ադրբեջանական շփման գծում զոհերի քանակի նվազումը եւ վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ իրականացրած գերիների փոխանակումը եւ նրանց կարծիքով՝ դա կարող է հիմք դառնալ իրավիճակի հետագա լիցքաթափման եւ հակամարտության քայլ առ քայլ լուծման համար»,- «Առավոտի» զրուցակիցն է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանը:

– Հայաստանում, նաեւ Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրեց ՌԴ դեսպանի հանդիպումները` նախ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, ապա Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի եւ Արմեն Ռուստամյանի հետ: Այս հանդիպումները բնավ էլ պատահականության արդյունք չէին կարող լինել, եթե նկատի ունենանք Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ առկա լարված փոխհարաբերությունները եւ այս անձանց` գործող իշխանությանը կոշտ ընդդիմախոս լինելը: Ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ հետաքրքրություններ է փորձում իրացնել Ռուսաստանն այս փուլում, այս տարածաշրջանում:

– Ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւ բանտում գտնվելը բավականին անհանգստացնում է Ռուսաստանին եւ Մոսկվան փորձում է ամեն կերպ հասնել այն բանին, որ ՀՀ երկրորդ նախագահը ազատ արձակվի: Այդ մասին նախկինում մի քանի անգամ հայտարարել են մերձկրեմլյան փորձագետները, ինչպես նաեւ ակնարկել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, երբ անցած տարի նա հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները խոստացել են, որ հաշվեհարդար չեն տեսնելու նախկին իշխանությունների նկատմամբ: Բայց այժմ իրենք ականատես են լինում հակառակ արդյունքին եւ դա մտահոգում է Ռուսաստանին: Եվ դա պատահական չէ, քանի որ Ռոբերտ Քոչարյանը համարվում է Հայաստանի բոլոր ղեկավարներից ամենառուսաստանամետ քաղաքական գործիչը, իսկ Կրեմլը, սովորաբար, անտարբեր չի մնում իր դաշնակիցների նկատմամբ իրականացվող հետապնդումներին: Հենց Քոչարյանի օրոք են «Գույք պարտքի դիմաց» պայմանագրով Ռուսաստանին հանձնվել Հայաստանի մի շարք ռազմավարական նշանակության օբյեկտներ, ինչպես նաեւ կիսով չափ կրճատվեց Իրան-Հայաստան գազամուղի տրամաչափը եւ 30 տարով ռուսական կողմին կոնցեսիոն կառավարման է հանձնվել հայկական երկաթուղին:

– Տարբեր փորձագետներ կարծում են, որ Արցախի հարցի կարգավորման շուրջ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը, մեծ հաշվով, համաձայնության են եկել, խնդրահարույց է մնում, թե ո՞ր գերտերությունը պետք է խաղաղապահ առաքելություն իրականացնի: Ի նկատի ունենալով Վաշինգտոնում կայացած ԱԳ նախարարների վերջին հանդիպումը եւ դրանից հետո Էլմար Մամեդյարովի հնչեցրած հայտարարությունները, որ կայացել են բավականին խորը բանակցություններ, կողմերի միջեւ տարաձայնությունները դետալներում են, ինչի համար համանախագահները հավելյալ փաստաթղթեր են ներկայացրել եւ կողմերին հիմա անհրաժեշտ է դրսեւորել մեծ քաղաքական կամք, կարելի՞ է ենթադրել, որ հարցի հանգուցալուծմանը մեկ քայլ ավելի մոտ ենք:

– Չեմ կարծում, թե ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը այդքան մոտ է, չնայած համանախագահների հուսադրող հայտարարություններին: Հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ հակասություններն այնքան խորն են, որ դրանք միանգամից չեն լուծվի: Հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ոգեւորել է հայ-ադրբեջանական շփման գծում զոհերի քանակի նվազումը եւ վերջերս Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ իրականացրած գերիների փոխանակումը եւ նրանց կարծիքով՝ դա կարող է հիմք դառնալ իրավիճակի հետագա լիցքաթափման եւ հակամարտության քայլ առ քայլ լուծման համար: Ինչ վերաբերում է խաղաղապահների տեղակայմանը, ապա դրանք կարող են լինել ԵԱՀԿ մանդատի ներքո գործող խաղաղապահներ, որտեղ ներկայացված կլինեն թե՛ ԱՄՆ-ը եւ թե՛ Ռուսաստանը: Սակայն այս պահին դա միայն տեսականորեն է իրատեսական, իսկ գործնականում այն անհնար է եւ որեւէ նախանշան չի երեւում, որ հայկական եւ ադրբեջանական կողմը մոտ են հակամարտության լուծմանը:

– Հայկական կողմը թեեւ նկատելի կոշտացրել է իր դիրքորոշումը, բայց խաղաղության արշավը եւս շարունակվում է, մինչդեռ երեկ Ադրբեջանը ՌԴ-ից հերթական մարտական ինքնաթիռներն է գնել եւ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ քանի դեռ ՀՀ-ի հետ պատերազմն ավարտված չէ, իրենք շարունակելու են հզորացնել ռազմական բալանսը: Լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը որքանո՞վ է` նկատի ունենալով նաեւ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական իրադրությունը:

– Իհարկե, կողմերը մի կողմից կբանակցեն, բայց մյուս կողմից էլ կհզորացնեն իրենց ռազմական ներուժը, կգնեն նոր զինատեսակներ: Եվ դա վերաբերում է ոչ միայն Ադրբեջանին: Վերջերս Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ կնքվել են պայմանագրեր՝ հարձակողական նոր զինատեսակների, նոր սերնդի զինամթերքի ձեռքբերման, ինչպես նաեւ այլ միջոցների մատակարարումների վերաբերյալ: Ինչ վերաբերում է լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ապա դա երբեք էլ չպետք է բացառել, բայց այս պահին սահմանին վիճակը համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանի պաշտպանության նախարարն էլ հայտարարեց, որ միջազգային իրավիճակը թույլ չի տալիս Ադրբեջանին նոր պատերազմ սկսել:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
03.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031