Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆերմերը սպասում է Փաշինյանին. հարցեր ունի՝ դեմպինգից մինչեւ հումքի խնդիր

Հուլիս 04,2019 14:00

2017 թվականին Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի վերջին գյուղում՝ Վրաստանին սահմանակից Բավրայում բացվեց հնդկացորենի վերամշակման «Նոր հատիկ» գործարանը՝ Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի (ENPARD) եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի աջակցությամբ:

Այն ժամանակ այս գործարանի հիմնադրումը հանդիսավոր ազդարարվեց, խոսվում էր գործարանի 22 աշխատակից ունենալու եւ մոտ 5 հազար աշխատող էլ՝ հումքի արտադրությունից մինչեւ իրացում: Գործարանում հնդկացորենը մշակվում է եւ արդեն որպես հնդկաձավար իրացվում շուկայում:

Հիմա գործարանը լուրջ խնդիրների առաջ է կանգնել. թեեւ հենց հիմնադրման օրվանից էլ գործարանի հիմնադիր, ֆերմեր Կորյուն Սումբուլյանը պայքարի մեջ էր՝ շուկայում պետք էր կայուն տեղ ունենալ:
«Առավոտ»-ի հետ զրույցում Սումբուլյանն ասում է՝ իր արտադրանքը որակյալ է, պահանջարկ կա, բայց այնպիսի խնդիրներ են առաջանում, որ ֆերմերը միայնակ, առանց կառավարության աջակցության, չի կարող գոյատեւել:

«Ներկրողները հենց իմացան աշխատելու ենք՝ ապրանքի գինն իջեցրեցին: Օրինակ՝ ներկրման ինքնարժեքը՝ սահմանին գինը 267 դրամ է, բայց արդեն ներսում 200 դրամով էին իրացնում: Դեմպինգ էին անում: Իմ ապրանքը՝ շոգեխաշածը առեւտրային ցանցերին հանձնում եմ 500 դրամով, իսկ կանաչը՝ 700 դրամով»,-ասում է ֆերմերը:

Բայց դրան էլ դիմակայեց, մի կերպ, ծայրը՝ ծայրին հասցնում էր, գործն առաջ էր տանում:
Սումբուլյանը հերթով պատմում է խնդիրների մասին. նախ նախօրեին Աշոցքի տարածաշրջանի մի քանի գյուղերում ցրտահարություն եղավ, Սումբուլյանի եւ նույն համայնքի մեկ այլ գյուղացու հնդկացորենի բերքը ցրտահարվել է, ասում է՝ կողքի գյուղերում՝ նույնպես:

Փոխհատուցման հույս չունի, վստահեցնում է՝ կառավարությունը երբեք այս համայնքին աղետներից տուժելու դեպքում որեւէ փոխհատուցում չի տվել, մինչ ցրտահարությունն էլ կարկուտ է եղել, մինչ այդ էլ՝ հեղեղն է վնասել ցանքատարածությունը:

Գործարանն աշխատում է առանց գազի, ֆերմերը չի կարողանում գազիֆիկացնել. «Գործարանի շենքի համար վկայական չեմ կարողանում հանել, որպեսզի «Գազպրոմ-Արմենիայի» բաժանորդ դառնամ: Շենքը պատկանում էր ջրային տնտեսության պետական կոմիտեին, պայմանագրով վերցրել եմ: Հիմա կառավարության որոշման հիմքերը չեն կարողանում գտնեն, թե այդ շենքը ՝ ջրային տնտեսությունից այսինչ-այսինչ ծառայությանը որտեղից է հասել: Ու չեմ կարողանում գազն օգտագործեմ, արդեն 2-րդն տարին է այսպիսի խնդիրների մեջ եմ: Գազը բերել հասցրել ենք, բայց չենք կարող միացնել, մինչեւ վկայական չունենամ: Փայտով, չգիտեմ ինչերով ասես՝ աշխատացնում եմ գործարանը: Ներտնային ծառայության համար էլ 280 հազար դրամ կանխավճար են ուզում, որ թույլ տան շահագործումը»:

Իբր խնդիրները քիչ են, մի հատ էլ հարկայինն է գործի անցել. Սումբուլյանը վստահեցնում է. «Հարկայինը տեսնում է իմ ֆիանանսական շարժը, ես մաքուր ու թափանցիկ եմ աշխատում: Հիմա սկսել է հաճախակի տուգանել, չգիտեմ՝ ինչո՞ւ: Որեւէ հիմնավորում չեն ներկայացրել, բայց հաշվիցս 22 հազար դրամ տարել են, հետո մի հատ էլ 22 հազար»:

Ֆերմերին, այսպես ասած՝ բիզնեսի ծախսերի համար գումար է հարկավոր, բայց, ինչպես Սումբուլյանն է ասում՝ վարկ չեն տալիս, չի հասկանում՝ ինչու:

Գործարանը վնասով է աշխատում, Սումբուլյանն ասում է՝ ամեն ամիս պետք է 1 տոննա արտադրանք տա, որպեսզի շահույթով աշխատի, բայց հազիվ 400 տոննա է հասցնում. Հումքի խնդիր կա:

«Հումք կա Սեւանում, Խնձորեսկում, բայց չեմ կարողանում բերեմ, փոխադրման ծախսը մեծ է: Խնձորեսկից ասում են՝ 400-500 հազար դրամ տուր՝ ապրանքը բերեմ: Ես որտեղից այդքան գումար տամ, էդ գնով, որ բերեմ՝ գնից թանկ է նստում: Ծախսերս կրճատելու համար մենակ եմ աշխատում, մարդիկ էլ հիասթափվել են, բայց առաջին տարին 800 տոննայի հասցնում էինք: Չգիտեմ՝ ինչ պետք է անենք, ցրտահարվեց մեր մոտի բերքը, հումքի խնդիրն ամենալուրջն է»,-ասում է Սումբուլյանը:

«Նոր հատիկ»-ի արտադրանքի որակի հաշվին, ինչպես ֆերմերն է ասում, կարողացել է մրցույթների մասնակցել, նախակրթարանների մատակարար է եղել, ասում է՝ կարող է բանակին էլ մատակարարել, բայց եթե հումք չլինի՝ չի մասնակցի մրցույթներին, իսկ եթե հումք չլինի, գործարանում ներգրավված համայնքի բնակիչները գործ չեն ունենա, եւ արտադրությունից մինչեւ իրացման շուկա ներգրավված անձանց գործերն էլ լավ չեն լինի. «Այս արժեշղթան մեծ է, աշխատողները՝ շատ, եթե հումք չունենանք՝ ցանքս ո՞նց ենք անելու:

Մոտ 5 հազար հեկտար պետք է մշակենք, իսկ 5 հազար հեկտարի մշակման ու իրացման գործընթացում հազարից ավելի ընտանիքներ են»:

Սումբուլյանն ասում է՝ սպասում է ամսի 20-ին «Իմ քայլը՝ հանուն Շիրակի մարզի» գործարար համաժողովին, այս համաժողովներին վարչապետն անձամբ է մասնակցում, ֆերմերը շատ հարցեր ունի տալու. «Ուզում եմ նախ հարցնել՝ եթե ՄԱԿ-ի տվյալներով՝ տարեկան 470 տոննա հնդկաձավար է ներկրվել, իրացումը՝ մոտ 8 հազար տոննա է եղել, էն 7530 տոննան ո՞նց է մտնում հանրապետություն, ոչ մի տեղ չի երեւում»:

Այս ու մրցակից ընկերությունների՝ դեմպինգի մասին ֆերմերը հայտնել է որտեղ որ հնարավոր է, մարզպետներից մինչեւ փոխվարչապետ տեղյակ են, խնդիրը չի լուծվում: Սումբուլյանն ասում է՝ անցյալ տարի սեպտեմբերին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին այս խնդիրների մասին անձամբ է ասել. «Ասել եմ՝ մոտ 8 հազար տոննան ո՞նց է մտնում, ոչ մի տեղ չի երեւում, Ավինյանն էլ էր զարմացել, դեմպինգի մասին էլ եմ ասել, բան չի փոխվել: Բոլորն էլ տեղյակ են, եկել, գնացել են, ընտրությունները պրծել են, էլ ի՞նչ լուծվի խնդիրը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս գործարար համաժողովներին նշում է. «Հայաստանի Հանրապետությունը դարձնել մի այնպիսի մարդկանց երկիր, ովքեր հավատում են իրենց ուժերին, ովքեր գիտեն, որ այդ գաղափարները կարելի է իրագործել… Հայաստանի տնտեսական զարգացումը պետք է հենվի անհատական ջանքի վրա՝ կապ չունի, թե ինչ մակարդակի ջանք…»:

Հիմա Սումբուլյանի անհատական ջանքերով Հայաստանում որակյալ հնդկաձավարի արտադրություն սկսվեց, բայց այս ջանքերը մարում են, երբ առանց այն էլ գյուղատնտեսական խոցելի ոլորտում ֆերմերի համար ոչ մրցակցային պայմաններ են ստեղծում:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
03.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031