Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհրաժեշտ է նաեւ դատավորի վարքագծի կանոնների որոշ սահմանափակումների վերացում»

Հուլիս 04,2019 13:30

Հարցազրույց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավոր,  Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ավագ դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Պողոսյանի հետ

– Պարոն Պողոսյան, վերջին ժամանակաշրջանում շատ է խոսվում դատական իշխանության եւ դատական համակարգի մասին, հնչում են շատ տարբերվող, երբեմն իրարամերժ թե քաղաքական, թե իրավական դատողություններ ու գնահատականներ: Ի՞նչ կասեք այս ամենի մասին:

– Դատական իշխանության եւ դատական համակարգի հիմնախնդիրների մասին տարբեր տեսակի խոսակցությունները նոր չեն նորանկախ Հայաստանի պատմության մեջ: 1990-ական թվականներից ի վեր ինձ հայտնի են Հայաստանում իրականացված մի քանի դատաիրավական բարեփոխումներ` ոմանք խոսում են թվով երեք, ոմանք ավելի շատ կամ ավելի պակաս բարեփոխումների մասին: Ես պայմանականորեն կառանձնացնեի 1995-1998, 2007-2009 թվականներին, այնուհետեւ 2018-2019 թվականներին անցկացված (վերջինը դեռ չի ավարտվել) մեծածավալ դատաիրավական բարեփոխումները: Ընդ որում, բոլոր ժամանակների իշխանություններն իրենց «պարտքն» են համարել այս կամ այն չափով անդրադառնալ ու անցկացնել դատաիրավական բարեփոխումներ: Իմ գնահատմամբ, միշտ չէ, որ արդյունքներն ուղղակիորեն բխել են իդեալիստական գաղափարներից կամ նկրտումները միշտ եղել են ազնիվ:

– Ձեր մատնանշած դատաիրավական բարեփոխումների արդյունքում ի՞նչ կարող ենք արձանագրել:

– Ժամանակի սղության պատճառով չեմ ուզում մանրամասնորեն ներկայացնել արդյունքները (դա առանձին քննարկման առարկա է), սակայն եթե համեմատենք ներկա իրողությունը 25-30 տարի առաջ ունեցածի հետ, ապա կարող ենք փաստել, որ իրականացված մեծածավալ դատաիրավական բարեփոխումների արդյունքում, այնուամենայնիվ, զգալիորեն աճել է կայացվող դատական ակտերի որակը, մեծամասամբ փոխվել է դատավորների կադրային բազան, ներդրվել է դատավորների մասնագիտացում, հատուկ սահմանադրաիրավական կարգավիճակ է ստացել Վճռաբեկ դատարանը եւ այլն: Դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է արձանագրել, որ մոտ 25 տարվա պատմություն ունեցող բարեփոխումները չեն եղել լիարժեք ու անթերի եւ դրան նպաստել են թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ բազմաթիվ գործոններ:

– Սակայն դրանով հանդերձ արձանագրենք, որ դատական իշխանության նկատմամբ հանրային վստահությունը չաճեց, ինչո՞ւ:

– Իմ կարծիքով, դատական իշխանության նկատմամբ հանրային վստահության պակասի մասին խոսակցություններն առանձնակի ակտիվացան նախորդ քաղաքական իշխանությունների օրոք, երբ, մի կողմից, փորձ էր արվում հանրության ուշադրությունը շեղել արդի հիմնախնդիրներից եւ, մյուս կողմից, ցույց տալ, որ առկա բոլոր սոցիալական խնդիրները պայմանավորված են արդարության պակասով. հիշենք, օրինակ, Մարդու իրավունքների նախկին պաշտպանի զեկույցը: Այնուամենայնիվ, այս կամ այն իշխանության նկատմամբ որոշակի պատմական ժամանակաշրջանում հանրային վստահության չափելի մակարդակը ենթադրում է լուրջ գիտապրակտիկ հետազոտություններ` համեմված անկախ աղբյուրներից ստացված վիճակագրական տվյալներով, ինչը ես դեռ չեմ տեսել: Բացի այդ, պետք է արձանագրել, որ Հայաստանում արդարադատությունը հիմնականում կրում է մրցակցային բնույթ, դատարանում հանդես են գալիս հիմնականում հակառակորդ կողմեր եւ դրանցից մեկը միշտ էլ կարող է դժգոհ մնալ համապատասխան ատյանի կողմից կայացված դատական ակտից, որպիսի պարագայում դժգոհ կողմն իրավասու է վերադասության կարգով ներկայացնել վերաքննիչ, այնուհետեւ վճռաբեկ բողոքներ` վերադաս դատական ատյաններում քննարկման առարկա դարձնելով իր անհամաձայնությունը: Սա է միակ օրինակարգ (լեգիտիմ) ճանապարհն իրավունքների եւ օրինական շահերի արդյունավետ պաշտպանությունն ապահովելու համար: Մինչդեռ, բավականին տեւական ժամանակ է, ինչ ականատես եմ լինում այն իրողությանը, երբ համապատասխան դատական ատյանում գործի քննության ընթացքում, դատավարությունից դուրս տեղի են ունենում տարբեր տեսակի, այդ թվում` զանգվածային լրատվության միջոցներով քննարկումներ կամ շահարկումներ, ինչն իր բացասական հետքն է թողնում կոնկրետ գործ քննող դատավորի վրա: Ի վերջո, Դատավորների ընդհանուր վերջին ժողովին առաջարկել եմ դատավորներին «սիստեմատիկ դուրս աշխատասենյակներից», ակտիվանալ` հանրության լայն շերտերի հետ շփումները կազմակերպել ոչ միայն կայացվելիք դատական ակտերով: Դրա համար անհրաժեշտ է նաեւ դատավորի վարքագծի կանոնների որոշ սահմանափակումների վերացում:

– Պարոն Պողոսյան, վերջին մեկ տարվա ընթացքում շատ է խոսվում նաեւ անցումային արդարադատության եւ «վեթթինգի» մասին, իրո՞ք դրա ներդրման անհրաժեշտությունը Դուք տեսնում եք:

– Անկեղծ ասեմ, իմ շուրջ 18 տարվա գիտամանկավարժական աշխատանքի ընթացքում երբեք չեմ լսել կամ կարդացել թե անցումային արդարադատության, թե դրա չորս ինստիտուտներից մեկը հանդիսացող, այսպես կոչված, «վեթթինգի» մասին: Համոզված եմ, ձեր ասած գործիքները հայտնի չեն դասական իրավագիտությանը եւ վերջիններս քիչ են հետազոտվել տեսական գրականությունում: Այնուամենայնիվ, անցումային արդարադատության մասին առաջին անգամ լսել եմ մոտ մեկ տարի առաջ եւ ակամայից որոշակի ուսումնասիրություններ կատարել այս ուղղությամբ: Ասեմ ձեզ, այն երկրները, որտեղ ներդրվել է հիշատակված գործիքակազմը, մեծամասամբ համեմատության եզրեր չունեն հայաստանյան իրողությունների ու հիմնախնդիրների հետ եւ այդ երկրների պրակտիկ փորձը երբեմն հանգեցրել է որոշակի բացասական հետեւանքների: Որքանով հասկանում եմ, հիշատակված գործիքակազմը, որպես ծայրահեղ միջոց, ներդրվել է այնպիսի բարդ պատմական, հասարակական-քաղաքական իրավիճակում հայտնված երկրներում, որտեղ դատական իշխանությունը կոլափսի մեջ է հայտնվել եւ ի զորու չէ եղել իրականացնել արդարադատություն: Այնուամենայնիվ, մենք գործ ունենք այլեւս փաստ հանդիսացող այն հանգամանքի հետ, որ վերը հիշատակված գործիքակազմն այս կամ այն ձեւով ներդրվելու է Հայաստանում եւ այս ուղղությամբ կատարվում են կոնկրետ աշխատանքներ:

– Իսկ ինչպե՞ս եք տեսնում դրա ներդրման հնարավորությունը:

– Նախկինում էլ գիտակցելով այս ամենը` Դատավորների ընդհանուր վերջին ժողովին առաջարկեցի հանդես գալ նախաձեռնությամբ, մասնավորապես` ձեւավորել դատավորներից բաղկացած աշխատանքային լիազորված խումբ եւ առաջարկել հատկապես գործադիր ու օրենսդիր իշխանություններին սկսել համատեղ քննարկումներ` առկա հիմնախնդիրները վեր հանելու եւ դրանց լուծման եղանակները գտնելու ուղղությամբ (արդյունքում կարող էինք ունենալ կոնսենսուսի արդյունքում ձեւավորված հայեցակարգ): Սակայն ինձ հայտնի չէ նման համատեղ քննարկումներ տեղի ունեցած լինելու մասին, ավելին, մշակվող օրենքների նախագծերի բովանդակությունն առ այսօր հայտնի է միայն նեղ շրջանակին:

– Չեմ կարող Ձեզ չհարցնել նաեւ դատարանների շենքերի արգելափակման մասին: Երբեւէ Ձեր՝ դատավորի գոնե նիստերի դահլիճի դուռը փակվե՞լ է:

– Չեմ կարող մտաբերել նախկինում տեղի ունեցած նմանատիպ ակցիաներ: Չեմ կարող հիշել նաեւ մի հեղինակավոր կառույցի կամ կազմակերպության դրական գնահատական կամ արձագանք այս ամենի մասին: Բոլոր դեպքերում դատական համակարգը, երբեմն հնարավոր դատական սխալներով, իրականացրել ու իրականացնում է իր գլխավոր առաքելությունը եւ այս պահի դրությամբ դեռեւս իրենից ներկայացնում է կայուն համակարգ` ապահովելով իրավական անվտանգությունն ու արդարադատության մատչելիությունը:

– Վերջերս տեղեկացա, որ սույն թվականի հուլիսի 11-ին նախատեսվում է Դատավորների ընդհանուր արտահերթ ժողով, որի ընթացքում պետք է ընտրվեն Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ: Որո՞նք են դատավոր անդամների Ձեր անձնական չափանիշները:

– Հարցը շատ արդիական է եւ այլեւս անհնար է առաջնորդվել նախկինում գործող ենթադրյալ սկզբունքներով կամ նպատակներով: Ընդ որում, առաջիկայում անհրաժեշտ է ընտրությունը կատարել` մի կողմ թողնելով անձնական կամ խմբակային շահերը: Ինձ համար ԲԴԽ դատավոր անդամը պետք է լինի ոչ միայն արհեստավարժ պրակտիկ դատավոր, այլեւ բարձր մակարդակով տիրապետի տեսական գիտելիքներին, ինչպես նաեւ օժտված լինի բավարար սկզբունքայնությամբ ու համարձակությամբ:

– Ինչպիսի՞ն են Ձեր պատկերացումները առաջիկա բարեփոխումների ուղղությունների վերաբերյալ: Որո՞նք են հիմնական ուղղությունները:

– Իմ պատկերացմամբ, դատաիրավական առաջիկա բարեփոխումների ուղղվածությունները պետք է ունենան մի քանի բաղադրիչներ. առաջին` օրենսդրական համալիր փոփոխություններ ու լրացումներ` ուղղված դատարանների բեռնաթափմանը, դատավորների ծանրաբեռնվածության չափանիշների, վեճ չպարունակող գործերի արտադատարանական գործուն կառուցակարգերի ներդրմանը, դատավարական ու դատարանակազմական օրենսդրության հակասությունների, թերությունների, անորոշությունների վերացմանը, երկրորդ` յուրաքանչյուր դատարանի նյութատեխնիկական լիարժեք ապահովում` յուրաքանչյուր դատարանին վերապահելով առանձին բյուջե, երրորդ` դատավորների ու դատական ծառայողների պատշաճ սոցիալ-տնտեսական, կենսաթոշակի, անձնական անվտանգության եւ այլ երաշխիքների ու արտոնությունների ապահովում, չորրորդ` դատավորների ռոտացիայի կառուցակարգերի ներդրում, դատավորների մասնագիտացման խորացում եւ դատարանների եռաստիճան համակարգի գործառույթների վերանայում, հինգերորդ` Սահմանադրական դատարանի դերի վերանայում` բացառելով չորրորդ ատյանի փաստացի գործառույթի իրականացումը, վեցերորդ` Բարձրագույն դատական խորհրդի իրավազորությունների հստակեցում ու համապատասխանեցում Սահմանադրությանը` վերջինիս վերապահելով դատական իշխանությանը վերաբերող օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու նոր իրավազորությամբ եւ այլն: Այս ամենին հնարավոր է կարճ ժամանակում հասնել միայն համատեղ աշխատանքի արդյունքում ու գործող Սահմանադրության կանոնակարգումներին խիստ համապատասխան, իսկ Հայաստանի ժողովուրդը, ինչպես նաեւ դատավորները պետք է կարճաժամկետ ապագայում համոզված լինեն բարեփոխումների անշրջելիության ու վերջնական լինելու մեջ` բացառելով որեւէ տեսակի քողարկված ռեպրեսիաների կիրառման հնարավորությունը:

Հարցազրույցը՝ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ, 
03.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031