Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում նախորդ օրը նշանակվել էր «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության տնօրեն Ֆելիքս Պողոսյանի բողոքի քննությունը:
Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննության խմբի ավագ տեսուչ, ոստիկանության կապիտան Ա. Բաբայանը նախապատրաստված նյութերով մերժել էր քրեական գործ հարուցել, որոշվել էր քրեական հետապնդում չիրականացնել գործող քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ՝ հանցակազմի բացակայության հիմքով:
«Առավոտը» բարձրաձայնել է մինչդատական վարույթում Ֆ.Պողոսյանի ընկերության հետ կատարվածի մասին, երբ տասնամյակներ շարունակ աղբահանությամբ զբաղվող ընկերությունը հաղթող էր ճանաչվել մրցույթում, սակայն այդպես էլ չկարողացավ աշխատանքներ իրականացնել:
Քաղաքապետը որոշում էր կայացրել պայմանագիրը մրցույթից օրեր անց խզել, հայտնելով, թե ընկերությունը Մասիս քաղաքում տեղադրել է 155 աղբաման՝ 246-ի փոխարեն:
Կարդացեք նաև
«Ընկերությանը Դավիթ Համբարձումյանն ահռելի վնասներ է պատճառել, առանց մեզ գրավոր ծանուցագիր ուղարկելու, առանց զգուշացնելու արգելել է մեզ աշխատել»,-դատարանին տեղեկացրել է բողոքաբեր տնօրենը:
Ըստ բողոքաբեր կողմի, թե հետաքննիչը, թե դատախազը օբյեկտիվ, լրիվ քննություն չեն կատարել, չեն ներգրավել բոլոր հնարավոր վկաներին: Ֆ.Պողոսյանը խնդրել էր դատարանին վերացնել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումները: Դատավոր Հ. Պետրոսյանը օգոստոսի 26-ի համար ծանուցագիր է ուղարկել քաղաքապետին:
Ի դեպ, ՀՀ դատախազություն ուղարկված բողոքի մեջ էլ նշվել էր, որ քաղաքապետը երկու տարի առաջ հիմնադրել էր «Մաքուր Մասիս» ՓԲ ընկերությունը, որի միջոցով էլ կատարում է քաղաքի աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները:
Ռ. Մ.
«Առավոտ» օրաթերթ,
03.07.2019