Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի աղբահանության ոդիսականը

Հուլիս 04,2019 12:00

Արդեն տարիներ են, ինչ Երեւան քաղաքի աղբահանության խնդիրը գլխացավանք է դարձել երեւանցիների գլխին եւ ներկա պահին հուսադրող լուծում չի երեւում: Այստեղ առաջին հարցը, որը ծագում է, հետեւյալն է. մի՞թե նույն իրավիճակն է տիրում աշխարհի՝ Երեւանի մեծության եւ ավելի խոշոր քաղաքներում, եւ եթե ոչ, ապա նշված քաղաքներում ինչպես է լուծված այդ հույժ կարեւոր խնդիրը:

Կոնկրետ տեղեկատվություն չունենալով տվյալ քաղաքներում աղբահանության խնդրի լուծման ընթացքի վերաբերյալ, համարյա համոզված եմ, որ գաղտնիքն ընդամենը կայանում է տվյալ խնդրի լուծման ճիշտ կառավարման կազմակերպման մեջ, այլ ոչ թե այնտեղ կիրառվում են գիտական մեծ նորարարություններ, որոնց շնորհիվ էլ հաջողվել է լուծել նշված խնդիրը:

Իհարկե, ինչպես ցանկացած խնդրի, այնպես էլ այդ հույժ կարեւոր խնդրի լուծման համար պետք է մշակել եւ ներդնել տարաբնույթ ճկուն մեխանիզմներից բաղկացած լուրջ համակարգ, որի կառավարումն անպայմանորեն պետք է իրականացվի ոսկերչական ճշտությամբ: Այսօր այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ օր օրի տիեզերքն է աստիճանաբար նվաճվում մարդկության կողմից եւ այս պայմաններում նվազագույնն անհասկանալի է, թե ինչու տարիներ շարունակ Երեւան քաղաքի աղբահանության խնդրին ոչ մի կերպ նորմալ լուծում չի տրվում:

Ավելին, շրջելով քաղաքի տարբեր թաղամասերում, մշտապես քեզ դիմավորում են աղբի հսկայական ցաքուցրիվ կույտերը, որոնք հսկայական հեռավորությունից իրենց «երանելի» բույրն են սփռում տեղի բնակիչների եւ այնտեղ պատահաբար հայտնված մարդկանց վրա: Զարմանալիորեն, բնակիչների հույսերը, որ ժամանակի ընթացքում այդ խնդրին կոչված իշխանավորներն, այնուամենայնիվ, ինչ-ինչ լուծումներ կգտնեն եւ գնալով աստիճանաբար կշտկեն ստեղծված անտանելի վիճակը, դեռեւս մնում է որպես զուտ բարի ցանկություն ու ձայն բարբառո հանապատի:

Բոլորս ենք հասկանում, որ միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքում աղբահանության խնդրի լուծումը բնավ հեշտ չէ, սակայն աներկբա է, որ այդ ամենը ճիշտ կազմակերպելու դեպքում, այն միանշանակ լուծելի է, ինչը հաստատ արվում է աշխարհի շատ խոշոր քաղաքներում, իհարկե՝ ամեն մեկում ելնելով տվյալ քաղաքի առանձնահատկություններից եւ խնդրի լուծման մոտեցումներից: Արդեն մի քանի տարի է, ինչ Երեւան քաղաքում այդ խնդրի լուծումն իրականացնում է միջազգային մրցույթի արդյունքում հաղթած «Սանիտեք» ընկերությունը:

Առկա է այդ ընկերության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ կնքված պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությունը պետք է իրականացնի Երեւանի աղբահանության գործընթացը: Սակայն ստեղծված իրավիճակը եւ առողջ տրամաբանությունը հուշում են, որ այդ ընկերության կողմից վերջին տարիներին իրականացրած աղբահանության գործընթացի կազմակերպման որակի թերությունները հիմնականում կարող են պայմանավորված լինել հետեւյալ հանգամանքներից մեկով, կամ մի քանիսով:

Դրանք են.
պատվիրատուն մրցույթը հայտարարել է թերի եւ/կամ ոչ միարժեք հասկանալի ծավալային ու տեխնիկական բնութագրերով,

մասնակցի՝ «Սանիտեք» ընկերության կողմից հայտում առկա որակական եւ/կամ չափանիշների փաթեթը ներկայացված է եղել թերություններով՝ հայտում ներկայացված պահանջներին անհամապատասխան,

հայտում ներկայացված տեխնիկական, ֆինանսական միջոցներն ու մարդկային ռեսուրսը բավարար չեն եղել պայմանագրային պարտավորությունների կատարման համար,

մրցութային հանձնաժողովը պատշաճ կերպով չի ուսումնասիրել «Սանիտեք» ընկերության նախորդ տարիների ընթացքում իրականացրած համանման ծառայությունների քանակական ու որակական ցուցանիշները,

ընկերության կողմից ներկայացված տվյալները եղել են իրականությանը ոչ ամբողջական համապատասխանող,

համապատասխան պայմանագիրը կնքվել է թերություններով ու բացթողումներով,

ի հայտ են եկել նոր հանգամանքներ, որոնք ժամանակին պայմանագրում ներառված չեն եղել:

Քաղաքային իշխանությունների կողմից «Սանիտեք» ընկերության ղեկավարության հետ բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ են եղել, որոնց արդյունքում նրանք եկել են այն եզրահանգմանը, որ նշված ընկերությունը պատշաճ չի իրականացնում քաղաքի աղբահանությունը, որի մասին բազմիցս արտահայտվել են նաեւ ԶԼՄ-ներում եւ տարբեր սոցկայքերում:

Նրանք երբեմն բարձրաձայնել են, որ նշված ընկերությունը չի կարողանում պատշաճ ձեւով եւ ժամանակին իրականացնել աղբահանության գործընթացը ու իրենք վաղ թե ուշ պարտադրված կլինեն խզել գործող պայմանագիրը ու կփորձեն նոր լուծումներ փնտրել, չնայած մինչ այս պահը ընկերությունը դեռեւս շարունակում է իրականացնել այդ գործառույթը:

Նշված խնդիրն այնքան սուր է դրված, որ որոշ ժամանակ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես ասած՝ անձամբ խառնվեց այդ գործին եւ փորձեց օգտագործել վերջին հնարավորությունը՝ աղբահանության գործընթացի համակարգումը վերապահելով քաղաքապետարանի երկարամյա եւ փորձառու աշխատող՝ նախկինում երկար տարիներ քաղաքապետի առաջին տեղակալ, այժմ քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին, հուսալով, որ նա իր երկարամյա փորձառությամբ ու գիտելիքների պաշարով կփրկի իրավիճակը եւ նորմալ կարգավորում կտա այդ խնդրի լուծմանը:

Ցավոք, այդ ժամանակվանից հետո իմ մի շարք շրջայցերը Երեւանի տարբեր թաղամասեր ու աղբահանության վիճակի մոնիտորինգը ինձ բերեց մի հետեւության, որ նշված խնդրի առումով էական փոփոխություններ տեղի չեն ունեցել եւ ամեն ինչ ընթանում է համարյա այնպես, ինչպես մինչ այդ էր:

Գաղտնիք չէ, որ հատկապես մեր տիպի երկրներում, որտեղ համարյա բոլոր բնագավառներում կայացած համակարգեր չեն գործում, կադրերի դերն էլ ավելի է մեծանում ու կարեւորվում եւ այս ոլորտում Կամո Արեյանի նման հմուտ աշխատողի մուտքը հավանաբար միտված էր հենց դրան, սակայն դա եւս էական փոփոխություններ չառաջացրեց խնդրի վերջնական լուծման համար, որը հավանաբար խոսում է այն մասին, որ ամենայն հավանականությամբ խնդիրն այստեղ ավելի շատ համակարգային է եւ անհրաժեշտ է այլ մոտեցումներ որդեգրել:

Եթե չփորձենք հեծանիվ հնարել, ապա այս խնդրի լուծման հետագա մոտեցումները հետեւյալն են. կամ պետք է հայտարարել նոր մրցույթ՝ նոր կարող օպերատոր/ներ ձեռք բերելու համար, կամ էլ ավելի խստացնել գործող ընկերության հետ կնքված պայմանագրի կառավարումը՝ դրական փոփոխությունների ակնկալիքով:

Կարծում եմ, այս երկրորդ տարբերակի ուղղությամբ քաղաքային իշխանությունների կողմից բավականին քայլեր արդեն արվել են, սակայն, ցավոք, գոհացուցիչ արդյունքներ չեն արձանագրվել եւ եթե փոքրիկ հույսեր անգամ կան, որ այդ ուղղությամբ իրականացված քայլերը դեռեւս իրենց չեն սպառել ու դրանք շարունակելու դեպքում հնարավոր է հասնել որոշակի դրական տեղաշարժերի, ապա կարելի է շարունակել դրանք, իսկ եթե ոչ, ապա ինչպես ասվեց, օր առաջ պետք է անցնել առաջին տարբերակին՝ անհապաղ հայտարարել նոր միջազգային մրցույթ, որի ընթացքում էլ իր դառը փորձից ելնելով, քաղաքապետարանը պետք է չափազանց զգուշորեն նախապատրաստի մրցույթի փաթեթը եւ նույն զգուշությամբ էլ կազմակերպի մրցույթի անցկացումը:

Ի վերջո, պետք է խնդիրը կոռեկտ դրվի, որպեսզի հնարավոր լինի այն լուծել: Համոզված եմ, որ հենց մեր քաղաքում քիչ չեն այն մարդիկ, որոնց ներուժի շնորհիվ կարելի է այդ ամենը ճիշտ կազմակերպել եւ այդ բարդ խնդրի լուծումը տանել ճիշտ ճանապարհով, որը նաեւ շատ մեծ նվեր կլինի երեւանցիներին …

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
03.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031