Հեղափոխությունից հետո դուք փոփոխություններ նկատո՞ւմ եք առողջապահական համակարգում: Այսօր բժիշկների միջազգային 5-րդ համաժողովից առաջ Aravot.am-ի այս հարցին ի պատասխան՝ ԱԺ նախկին նախագահ, «Արաբկիր» ԲԿ-ի հիմնադիր Արա Բաբլոյանը պատասխանեց. «Ամեն դեպքում ձեր հարցին պատասխանեմ, թե ինչ վիճակում է առողջապահական համակարգը: Ես կարող եմ հստակ ասել, որ մենք ունենք առաջընթաց, եւ բարեբախտաբար, առողջապահության նախարարը, լինելով հանրային առողջության մասնագետ, ինքը կարողանում է ճիշտ դնել շեշտադրումները: Մնում է, որ իրեն հասկանան ե՛ւ հանրությունը, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ բժշկությունը»:
Մենք ճշտեցինք, այսինքն, այն, որ նախկին նախարարը՝ Լեւոն Ալթունյանը մասնագետ չէր, չէ՞ր հաջողում, Բաբլոյանը հորդորեց չհամեմատել. «Ես անձամբ վիրաբույժ եմ եղել ու դարձել եմ նախարար, ինքը նախեւառաջ հանրային առողջության մասնագետ է»:
Բաբլոյանը նշեց, որ, օրինակ, ծխախոտի դեմ պայքարը բավականին ցավոտ է տանում հասարակությունը, բայց այն արդարացված է:
Մեր հարցին՝ կառավարությունը պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը բարձրացնելու որոշում կայացրեց, նախկինում դա հնարավոր չէ՞ր անել, ի՞նչ հանգամանքներ են փոխվել, որ հիմա այս իշխանությունները դա անում են, Բաբլոյանը պատասխանեց. «Քանի որ ես առաջին օրվանից եմ առողջապահության մեջ, ես ձեզ պետք է ասեմ, որ բարձրացումը եղել է դինամիկ պրոցես: Մենք սկսել ենք 6000 դրամից, եկել ենք հասել հարյուր քանիսի: Շատ բնական է այդ պրոցեսը: Մենք դեռ է՛լ ավելի զարգացման տեղ ունենք»:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ նախկինում Նիկոլ Փաշինյանը պոլիկլինիկաներից շատ բողոքում էր, հիշո՞ւմ եք՝ ԱԺ-ում ասում էր, որ ոտքի կոտրվածքով գնաս պոլիկլինիկա, մերսում կանեն, այդ աստիճան չեն հասկանա, հիմա փոխվե՞լ է այդ հարցում ինչ-որ բան, թե՞ նույնն է, Բաբլոյանը պատասխանեց. «Հիմա դուք իրեն հարցրեք՝ գո՞հ է: Ես գիտեմ, որ մենք ունենք առաջընթաց»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ