Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը

Հուլիս 03,2019 21:55

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը։

Ողջունելով համագումարի մասնակիցներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«ՀՀ առողջապահության մեծարգո նախարար
Արցախի Հանրապետության առողջապահության մեծարգո նախարար,
Հայաստանի միջազգային բժիշկների համագումարի նախագահության հարգելի անդամներ, հարգելի պատվիրակներ, հյուրեր

թույլ տվեք ողջունել համագումարի անցակցումը և թույլ տվեք ողջունել համահայկական մասնագիտական այսպիսի ցանցի գոյությունն ընդհանրապես, որովհետև կարծում եմ, որ նման ցանցի գոյությունը, առկայությունը մեզ, մեր ժողովրդին, մեր երկրին թույլ է տալիս ավելի արագ հաղթահարել փոքրի, թույլի այն բարդույթը, որ, ցավոք սրտի, երկար ժամանակ ուղեկցում է մեզ: Երբ նման հավաքներում մենք գիտակցում ենք, թե ովքեր ունենք, ում ունենք աշխարհի ամենատարբեր անկյուններում, երբ գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում իսկապես գործում են միջազգային, համաշխարհային մակարդակի մասնագետներ, երբ տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ հպարտանում են հայ մասնագետներով և նրանց ձեռքբերումներով՝ դա մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին, Սփյուռքին օգնում է մեր ինքնագնահատականը շարունակաբար բարձրացնելու գործում:

Ես ուզում եմ ընդգծել, որ հայ ժողովուրդը միջազգային, համահայկական բժշկական համքարության աջակցությունը զգացել է մշտապես: Այդ աջակցությունն ակնհայտ է եղել և անգնահատելի 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այդ աջակցությունն անգնահատելի է եղել արցախյան հերոսամարտի ընթացքում, երբ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից տասնյակ և հարյուրավոր բժիշկներ կամավոր իրենց ծառայությունն են մատուցել՝ հանուն Արցախի ազատության, հանուն Հայաստանի ազատության մարտնչող մեր ազատամարտիկներին, զինվորներին: Այդ աջակցությունը նկատելի և անգնահատելի է եղել նաև զինադադարի հաստատումից հետո, երբ տասնյակ, հարյուրավոր հայ բժիշկներ իրենց աջակցությունն են բերել սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին, որոնք ունեցել են բժշկական, առողջապահական աջակցության կարիք: Այս ընթացքում բազմաթիվ նման ծրագրեր են իրականացվել Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում: Բայց ես այսօր ուզում եմ արձանագրել, որ մասնագիտական, բժշկական համագումարի և ընդհանրապես միջազգային հայ բժշկական համքարության աշխատանքը թերևս պետք է փորձենք դարձնել ավելի համակարգված, այդ աշխատանքը պետք է կարողանա նք կազմակերպել որպես մեկ ամբողջական թիմի, մեկ ամբողջական համակարգի աշխատանք, որպեսզի կարողանանք էներգիան ի վերջո վերածել սիներգիայի: Ինչքան ես ավելի շատ եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում շփվում սփյուռքի տարբեր համայնքի հետ, այնքան ավելի ու ավելի շատ եմ հաճելիորեն զարմանում, թե մենք ինչպիսի հզոր դեմքեր ունենք, տվյալ դեպքում ես ուզում եմ նշել առողջապահության ոլորտի դեմքերին, աշխարհի ամենատարբեր երկրներում, ովքեր գտնվում են առողջապահական նորարարությունների ամենակենտրոնում՝ որպես հեղինակ, որպես քննադատ, որպես մասնագետ, որպես փորձարկող, որպես կիրառող: Եվ այս ներուժն իսկապես շատ մեծ աջակցություն և պոտենցիալ է մեր երկրի համար, մեր երկրի տեխնոլոգիական ապագան ապահովելու համար, Հայաստանը տեխնոլոգիական կենտրոն, այդ թվում՝ առողջապահության տեխնոլոգիական կենտրոն դարձնելու ճանապարհին:

Եվ մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի կառավարությունը, Հայաստանի ժողովուրդը հույս է դնում այս տեսլականի վրա, հույս է դնում, որ այս տեսլականն ի վերջո կհամախմբի մեզ բոլորիս մեր հայրենիքի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության որպես զարգացած, կայացած երկրներ տեսնելու գործունեության ճանապարհին: Եվ այս գործում ձեր դերը դժվար է գերագնահատել: Ընդհանուր առմամբ ուզում եմ ասել, որ այս համակարգը պետք է գործի մասնագիտական բոլոր ոլորտներում: Այո՛, մենք պետք է ունենանք բժիշկների հայ հանրություն, հայ համքարություն, կազմակերպված ցանց, մենք պետք է ունենանք ֆիզիկոսների, մաթեմատիկոսների, զինվորականների, դիվանագետների, գիտնականների և այդպես շարունակ: Եվ այդ բոլոր ցանցերի գործունեության կենտրոնը պետք է դառնա Հայաստանը, և այդ բոլոր ցանցերի գործունեության հիմնական հարթակներից մեկը պետք է դառնա Հայաստանը: Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստ է ամեն ինչ անել այս նպատակը, այս ծրագիրն ադյունավետ կյանքի կոչելու համար, և Հայաստանի կառավարության կառուցվածքում վերջերս տեղի ունեցած փոփոխությունները միտված են նաև հենց այսպիսի խնդիրների լուծմանը:

Շատ ողջունում եմ այսօրվա համագումարի կարգախոսը՝ «միաձուլում ի փառս առողջության», բայց այս միաձուլման գործընթացը պետք է վերաբերի նաև մյուս բոլոր ոլորտներին. միաձուլում՝ հանուն անվտանգության, միաձուլում հանուն առաջընթացի և միաձուլում որպես վերջնական և անշրջելի հաղթանակի:

Շնորհակալ եմ և հաջողություն եմ մաղթում համագումարին իր աշխատանքներում»:

                                                                  ***

1980 թվականից, չորս տարին մեկ անգամ, աշխարհի տարբեր երկրներում կազմակերպվում են աշխարհասփյուռ հայ բժիշկների համագումարներ: 2001 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ բժիշկների միջազգային համագումարն անցկացնել Հայաստանում և Սփյուռքում համապատասխանաբար երկու տարին մեկ անգամ: Հայաստանում 1-ին միջազգային բժշկական համագումարը տեղի է ունեցել 2003թ-ին, հաջորդիվ՝ 2007, 2011 և 2015 թվականներին:

Համագումարի թե՛ գիտական, թե՛ կազմակերպչական գործընթացներին մասնակցում են ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Հայաստանի առաջատար բժշկական կենտրոնները, մասնագիտական հասարակական կազմակերպությունները և մասնագետները։ Ս.թ. հուլիսի 4-6-ը անցկացվելու են պլենար նիստեր, մասնագիտական նիստեր, սեմինարներ և սատելիտային սիմպոզիումներ, դասախոսություններ: Համաժողովը մեծ ներդրում կունենա Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների համագործակցությանը, բժշկագիտությանը, առողջապահության ոլորտի հետագա զարգացմանը։ Համագումարի այս տարվա կարգախո ն է՝ «Հայաստան-Սփյուռք-Արցախ՝ միաձուլում ի փառս առողջության»։

ՀՀ վարչապետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031