Տուրիզմի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանը ոչ մեծ մի պետություն է, բայց զբոսաշրջիկին կարող է շփոթեցնել հուշանվերների առատությամբ:
Հուշանվերային ինդուստրիայի կենտրոնը Վերնիսաժն է, որտեղ զբոսաշրջիկները կարող են բավականաչափ հետաքրքիր ապրանքներ գնել` ձեռնտու գներով: Դրանք արտացոլում են մեր երկրի հին ու նոր մշակույթը:
Ի՞նչ հուշանվերներ են տանում Հայաստանից. մեր երկրի դեպքում ընտրությունը բազմազան է՝ սկսած ամենատարածված հուշանվերից՝ Մասիսի, նռան, Գառնի-Գեղարդի, Սեւանա լճի, Խոր Վիրապի պատկերներով մագնիսից, վերջացրած «էլիտար» խորովածի շշերով, փայտից քանդակված նարդիով, էլեկտրական թոնիրով, ձեռագործ կարպետներով ու արծաթյա զարդերով:
Կասեք՝ մագնիսներ գրեթե բոլոր երկրներում էլ կան, բայց հայ «մագնիսագործների» մտքի թռիչքը գերազանցում է. նրանք մի կտոր մագնիսի վրա տեղավորում են ողջ Հայաստանի շունչը:
Կարդացեք նաև
Մեր երկրում էլ մագնիսների գները, ինչպես մի շարք այլ երկրներում, սկսվում են 500 դրամից՝ մոտ 1 դոլար:
Զբոսաշրջիկների նախասիրությունները տարբեր են: Բայց, ինչպես «Առավոտի» հետ զրույցում հուշանվերներ վաճառող մարդիկ էին ասում, Վերնիսաժ ընկնողը դատարկաձեռն չի հեռանում:
Այսպես, խորովածի «էլիտար» շշերի ու փայտից փորագրված նարդիների հիմնական գնորդները Ռուսաստանում, ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներն են: Ի դեպ, վերջին տարիներին սրանք ամենապահանջված հուշանվերներից են: Եվրոպայում ապրող հայերն էլ են, որպես հուշանվեր, խորովածի շշեր տանում, բայց հասարակները՝ ոչ արծվի գլխով կամ թագով պատրաստվածները:
Վերնիսաժը հայտնի է նաեւ ձեռագործ հուշանվերներով: Այստեղ վաճառվում են մետաքսե շարֆեր, փայտե զարդատուփեր, ձեռքով պատրաստված արծաթյա զարդեր, կավե բաժակներ, տարազային տարրերով հագուստ, ձեռագործ տիկնիկներ եւ այլն:
Հայ վարպետների ձեռքի գործերը՝ կավե իրեր, ազգային տարազների մասնիկներով դրամապանակներ ու գլխարկներ, հիմնականում եվրոպացի զբոսաշրջիկներին են գերում: Ռուսները, որպես կանոն, ձեռքով պատրաստված արծաթյա զարդերին են նախապատվությունը տալիս: Ռուսաստանցի զբոսաշրջիկների համար սիրելի հուշանվերներ են նաեւ կոնյակն ու նռան պատկերով գինիները:
Ֆիլիպինցի, չինացի ու Հնդկաստանից եկած զբոսաշրջիկները, որպես հուշանվեր, իրենց հետ Հայաստանից տանում են հուլունքներից, բնական քարերից պատրաստված թեւնոցներ, վզնոցներ ու զարդարվելու այլ պարագաներ:
Վերնիսաժում էլ գները վերջնական չեն, հուշանվերներ վաճառողների հետ կարելի է լեզու գտնել ու սակարկել:
Զբոսաշրջիկների համար նախընտրելի հուշանվեր են նաեւ Տիգրան Մեծի մետաղադրամը, Խորհրդային մեդալները, ասեղնագործ սփռոցներն ու արծաթե բաժակները:
Այստեղ շախմատի ընտրանին նույնպես մեծ է. հավանաբար այն եւս հուշանվեր է դարձել այն բանից հետո, երբ շախմատ առարկան մտավ դպրոցներ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ