ԱԺ նախկին նախագահ, «Արաբկիր» ԲԿ հիմնադիր Արա Բաբլոյանն այսօր մասնակցում էր 5-րդ միջազգային բժշկական համագումարի հանդիսավոր բացմանը:
Նա ասաց, որ հիմա զբաղվում է միայն բժշկությամբ: Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպում ունեցե՞լ է այս ընթացքում՝ հեղափոխությունից հետո: Նա պատասխանեց. «Հաճախ հանդիպում եմ, կդժվարանամ ասել, թե երբ է վերջին հանդիպումը եղել»: Հարցին՝ ՀՀԿ-ի հետ կապերը պահպանո՞ւմ եք, նա պատասխանեց. «Սերժ Սարգսյանի հետ՝ այո»: Հարցին՝ դուք դեռ ՀՀԿ-ակա՞ն եք, Բաբլոյանը հստակ պատասխան չտվեց՝ ասելով. «Ես մնում եմ Արա Բաբլոյան»: Այդպես էլ պարզ չեղավ՝ ՀՀԿ-ից դուրս եկե՞լ է, թե՞ ոչ: Նա միայն ասաց. «Ես մնում եմ իմ տեսակետներին»:
Լրագրողները նաեւ հարցրին՝ մեկ տարի անցավ, կարողացա՞ք ձեր մեջ գտնել այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ հարյուր հազարավոր քաղաքացիներ մերժեցին ՀՀԿ-ականներին, նա պատասխանեց. «Ամեն դեպքում ես պատասխան եմ տալիս իմ կեցվածքով, իմ պահվածքով: Դո’ւք արեք հետեւություն, ես հետեւություն անելու կարիք չունեմ: Ես արել եմ նույնը, ինչ մինչեւ հիմա արել եմ՝ նո՛ւյնը: Ոչ մի բան չեմ փոխել, ինչպես արել եմ, նույնը շարունակում եմ անել, ով որ պետք է հետեւություն անի, թող անի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև