Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ռազմաճակատի տերմիններով խոսենք, մամուլն աստիճանաբար շրջափակվում է». Աղասի Ենոքյան

Հուլիս 03,2019 19:04

«Եթե ռազմաճակատի տերմիններով խոսենք, մամուլն աստիճանաբար շրջափակվում է»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը` խոսելով  ՀՀ Արդարադատության նախարարության կողմից  ԶԼՄ մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ:

Ըստ նրա, թեև իշխանությունները նախաձեռնել են թերթերի գրանցման համար նոր պայմաններ, բայց առաջին հերթին առցանց մամուլն է պետք կարգավորել. «Դա միայն ես չեմ կարծում, այլ նաև ԶԼՄ ներկայացուցիչները, որ այսօր առաջին հերթին առցանց հարթակն ունի կարգավորման կարիք: Այսօր մենք տեսնում ենք այսպես կոչված ֆեյք ԶԼՄ-ներ, մի օրով, մեկ ամսով ծնված ԶԼՄ-ներ, ընդհանրապես որոնց չի կարելի հասկանալ, թե ովքեր են. չկա նրանց գրանցման որևէ տվյալ, որևէ կերպ նրանց գտնել ու հասանելի դարձնելու ձև չկա: Դրանք կարող են տպագրել ցանկացած տիպի զրպարտություն, բռնության կոչ, և ոչ ոք դրա համար պատասխան չի տա: Ավելի վատ պահն այն է, որ սրանք վերցնում են նաև նորմալ, բոլորի կողմից հարգված լրատվամիջոցների լուրերն ու դրանցով իրենց համար առանց հղման սարքում են բովանդակություն»:

Աղասի Ենոքյանը մտահոգված է, որ այդ կայքերը սահմանափակ գովազդի պայմաններում այսպես ասած  գողանում են գովազդ, այն գումարը, որով լուրջ լրատվամիջոցները վարձատրում են իրենց լրագրողներին և ստանում բովանդակություն:

Աղասի Ենոքյանի կարծիքով՝ սա անիմաստ օրինագիծ է. «Սա թիթեռ նկարելու նման մի բան է: Տեսնում ենք՝ ԱԺ-ի, երկրի առաջ կանգնած են լրջագույն մարտահրավերներ, ամեն օր խոսում ենք, որ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, այնինչ դրա դեմ պայքարի օրինագծեր չեն ընդունվում, տնտեսական հեղափոխությունը գոնե օրենքի տեսանկյունից շատ դանդաղ է առաջ շարժվում, բայց այս ամենի փոխարեն նման մի օրինագիծ է առաջ քաշվում»:

Աղասի Ենոքյանը զգուշացնում է՝ ինչպես ՍԴ դատավո՞ր, թե՞ անդամ բառախաղի ներքո փորձում էին ստեղծել սահմանադրական ճգնաժամ, հնարավոր է՝ այս օրենքում էլ ինչ- որ մի ստորակետ իշխանությունները կարողանան օգտագործել մամուլի հանդեպ ճնշումների համար: Ըստ նրա՝ դա իշխանությունների գործելակերպն է. «Իշխանությունները հայտարարել են, որ մամուլի հանդեպ լուրջ կարգավորում պետք է լինի: Եվ մենք տեսնում ենք այս մի անհասկանալի օրինագիծը, որին զուգահեռ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը սկսում է նկատողություններ տալ և պատիժներ սահմանել հեռուստաընկերությունների նկատմամբ՝ կրկին մտացածին պատճառներով: 91 դատական գործ է հարուցված ԶԼՄ նկատմամբ. սա գումարային ավելի շատ է, քան անցյալ հինգ տարիների ընթացքում եղածները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031