Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ագարակի պղնձամոլիբդենայինի գործադուլը սկսել է տնօրինության «ռեպրեսիաների» պատճառով»

Հուլիս 03,2019 18:06

Երեկվանից «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի տեխտրանսպորտային պարկի աշխատակիցները գործադուլ են անում: Նրանք կոմբինատի ղեկավարությունից պահանջում են վճարել գիշերային ժամերին աշխատելու, վնասակար, առանձնապես ծանր եւ առանձնապես վնասակար աշխատանքների կատարման համար օրենքով նախատեսվված հավելավճարները։ Այսօր բողոքի ցույցին են միացել նաեւ կոմբինատի մյուս արտադրամասերի աշխատակիցները:

Բողոքի ցույց անողների հետ կոմբինատի ղեկավարությունը հրաժարվում է հանդիպել եւ քննարկել: Aravot.am-ը փորձեց պարզաբանում ստանալ կոմբինատից, սակայն լսելով մեր հարցերը, պատասխանեցին՝ եթե գտնեն պետք է զանգել՝ կզանգեն՝ կպատասխանեն: Սակայն մի քանի ժամ է մենք կոմբինատից արձագանք ու զանգ չենք ստացել:

Այսօր բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպել են Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն ու Մեղրի խոշորացված համայնքի (Ագարակը եւս խոշորացվել է եւ 11 գյուղերի հետ միավորվել Մեղրիին Ն.Բ.) ղեկավար Մխիթար Զաքարյանը։

Aravot.am-ի հետ զրույցում Զաքարյանն ասաց, որ ցույցը շարունակվում է, որեւէ ընդհանուր հայտարարի չեն եկել,  կոմբինատի աշխատակիցները պնդում են՝ իրենց պահանջներն ու խնդիրները պետք է լուծվեն:

«Այս խմորումը վաղուց էր, 10 օր առաջ էլ էին բարձրաձայնել: Ըստ պայմանագրի, 7 օր առաջ պետք է զգուշացնեին, ինչ-որ կետեր չեն կատարել, արհմիության հետ բանավոր ձեւով ղեկավարությանը ներկայացրել էին պահանջները, պայմանավորվածություն կար օրենքի տառին համապատասխան անել գործադուլը: Աշխատակիցներն ասում էին, որ պահանջների հետեւանքով ռեպրեսիաներ են սկսվել եւ ով որ ավելի ակտիվ էր՝ իրենց սկսել էին նկատողություն անել եւ այլն: Այսինքն՝ հող են նախապատրաստում աշխատանքից հեռացնելու համար: Դրա համար էլ ժամանակից շուտ սկսեցին գործադուլը»,-ասաց համայնքի ղեկավարը:

Զաքարյանի կարծիքով՝ լավ կլինի խնդիրը լուծվի իրավական ճանապարհով՝ աշխատակիցները դիմեն դատարան, աշխատանքի պետական տեսչություն:

«Իրենք պահանջում էին հանդիպում կոմբինատի ղեկավարության հետ, տնօրենը հրաժարվում է, ասում է՝ ես ոչ մի քննարկելու բան չունեմ, սրանք են մեր պայմանները»,-ասաց Զաքարյանը:

Նա նաեւ նկատեց՝ կան այնպիսի պահանջներ, որ կոմբինատը շատ արագ կարող է լուծել, բայց չգիտես՝ ինչու, չի լուծում. «Օրինակ՝ այնպիսի մանր պահանջ կա՝ սանհանգույցի առկայությունը, կոմբինատը սա կարող է շատ արագ լուծել ու մարդկանց գոհացնել գոնե դրանով: Անվտանգության հետ կապված՝ այս ծառայության բոլոր աշխատակիցներին Ռուսաստանից են բերել, այստեղի պահակներին կրճատեցին: Աշխատակիցները պատմեցին, որ «Բելազ» մեքենայի վարորդները մի հերթափոխի ժամանակ 8 անգամ ստորագրում են, մի հատ՝ ներկայանալիս, մի հատ՝ ընդմիջմանը, բուժկետ գնալիս եւ այլն: Ասում են՝ ստորացուցիչ է»:

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը շահագործում է ռուսական «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը, որը շահագործում է նաեւ Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը, եւ ՀՀ ամենախոշոր Սոթքի ոսկու հանքը:

Մեղրիի համայնքապետն այս խոշոր ընկերության աշխատակիցների աշխատավարձերի մասին մեր հարցին ի պատասխան ասաց. «Աշխատավարձերը գուցե մյուս խոշոր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի համեմատ ցածր է, բայց տարածաշրջանի համեմատ բարձր է»:

Զաքարյանն ասաց, որ առայժմ ավտոհավաքակայանն է գործադուլ անում, ֆաբրիկան դեռ հումք ունի, աշխատում է. «Բայց մինչեւ օրվա վերջ վարորդները եթե չսկսեն աշխատել՝ ֆաբրիկան կանգնելու է: Կոմբինատի կանգնելը ցավալի կլինի, զգալի վնաս կլինի համայնքին, երկրին: Ես գտնում եմ, որ փոխզիջման պետք է գնան: Չգիտեմ՝ բոլո՞ր պահանջներն արդարացի են, բայց բանվորներն էլ պետք է նկատի ունենան՝ եթե գլուխը ցավում է՝ չեն կտրում, պետք է բուժեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031