Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ողջունելի է համարում «Քրեական միջավայր ստեղծելը և ներգրավվելը քրեականացնող օրինագիծ ունենալու նախաձեռնությունը. «Այդպիսով, նոր իշխանությունը հստակ արձանագրում է, որ քրեական արժեքները այլեւս նոր իշխանության քաղաքական համակարգի հետ որեւէ առնչություն չունեն եւ անհամատեղելի են, մինչդեռ նախկինում քաղաքական իշխանությունը սերտաճած էր քրեական աշխարհի հետ, որի վերաբերյալ բազմաթիվ փաստեր ու լուսանկարներ կան»:
Մեդիա կենտրոնում կայացած ասուլիսում իրավապաշտպանը նշեց. «Քրեական մշակույթի եւ քրեական հեղինակությունների ներկայացուցիչներն այլեւս որեւէ մասնակցություն չեն կարող ունենալ, դրանք համարվում են ոչ լեգիտիմ քաղաքական, տնտեսական եւ ընդհանրապես պետական համակարգի մեջ: Ըստ էության այս օրինագծով պայքար է մղվելու նրանց դեմ, ամբողջ համակարգը մաքրվելու է քրեական արժեհամակարգից, երեւույթներից եւ մարդկանցից: Իշխանությունը կատարում է քայլեր, որ խթանի մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդավարական արժեքների` որպես նոր պետության արժեքային հենք լինելը»,-կարծում է Սաքունցը:
Նրա խոսքերով, սակայն, հարթ չի լինելու եւ ինքը հակված չէ մտածելու, որ մեկ-երկու օրինագծով հարցը կլուծվի, բայց որ օրինագիծը կոնկրետ ուղերձ է պարունակում, փաստ է:
«Սա ուղերձ է նաեւ սեփական թիմակիցներին, քաղաքական ուժերին: Ամենից կարեւորն այն է, որ այլեւս չի կարող ընդունելի համարվել քրեական աշխարհի հետ համագործակցությունը որպես ոճ, գործելակերպ եւ վարքագիծ»,-վստահ է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:
Կարդացեք նաև
Մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանը նշեց, որ լինելով մարդաբան` բազմիցս առիթ է ունեցել հետազոտական տեսանկյունից եւս առնչվել խնդրին: «Ցավով պետք է փաստեմ, որ հատկապես դեռահասների շրջանում տղաների միջավայրում «տղամարդ դառնալու» արժեհամակարգի մեջ շատ մեծ տեղ է տրվում քրեական աշխարհից հասարակական կյանք ներթափանցված հասկացություններին: Ցավոք, կոնֆլիկտների լուծումը հենց քրեական ճանապարհով է գնում… Շատ մեծ է ռիսկը, դանակահարվելու վախը»,-ասում է մշակութային մարդաբանը:
Աղասի Թադևոսյանը հույս ունի, որ օրենքը կտարածվի նաեւի ԶԼՄ-ների վրա եւ հատկապես սերիալների, ֆիլմերի, հաղորդումների միջոցով նրանք չեն կարողանա քարոզել քրեական երևույթները:
ՄԻՊ Կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը հայտնեց, որ նախագիծը ներկայացվել է Մարդու իրավունքների պաշտպանին: ՄԻՊ-ը եւ աշխատակազմը տրամադրել են իրենց կարծիքը: «Կարծիքում միանշանակ ողջունելի է նախագծի հիմքում դրված գաղափարը, որ քրեական ենթամշակույթի դեմ պետք է պայքարել հնարավոր բոլոր միջոցներով, սակայն նախագծի իրավական որոշակիության հետ կապված խնդիրներ են եղել: Նախագծում օգտագործված էին տերմիններ, որոնք կարող էին խնդիրներ առաջացնել, սկսած նրանից, թե քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ ով է համարվում, ինչ է քրեական ենթամշակույթը, որն է քրեական միջավայրը եւ այլն: Ինչ վերաբերվում է պայքարին, պետք է միանշանակ պայքար տանել»,- ասաց տիկին Սիմոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` «Մեդիա կենտրոնի»