ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանին Լիբանան այցի ընթացքում հուլիսի 3-ին հյուրընկալել է Լիբանանի նախագահի տիկին Նադյա Չամին Աունը։ Հանդիպմանը ներկա է գտնվել Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը։ Աննա Հակոբյանը պատմել է Լիբանան այցի ժամանակ ունեցած իր հանդիպումների ու ստացած տպավորությունների մասին։ Վարչապետի տիկինը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու պատմել «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակում ստեղծված «Դասական երաժշտության բարեկամներ»-ի խմբի գործունեության մասին։ Տիկին Աունը, ողջունելով դասական երաժշտության հանդեպ նման բարձր վերաբերմունքը, նշել է, որ թե՛ իր ամուսինը, թե՛ ինքը դասական երաժշտության մեծ երկրպագուներ են և սիրով կարող են համագործակցել դասական երաժշտության տարածման հարցում։
«Նախորդ տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի շրջանակում Հայաստան այցելությունը շատ տպավորիչ էր։ Այցը կարճ էր, բայց ես սիրեցի ու ինձ շատ դուր եկավ Հայաստանը»,- ասել է տիկին Աունը։ Ի պատասխան, Աննա Հակոբյանը տիկին Աունին հրավիրել է Հայաստան։ «Հայաստանում տեսնելու շատ բան կա և ես հաճույքով Ձեզ կներկայացնեմ մեր երկիրը»,- ասել է Աննա Հակոբյանը։ Հանդիպմանը Տիկին Աունը ներկայացրել է իր գործունեությունը, պատմել իր հիմնադրած ասոցիացիայի մասին, որն աջակցում է աուտիզմով հիվանդ երեխաներին։ Այս համատեքստում տիկին Հակոբյանը ուժ և եռանդ է մաղթել տիկին Աունին այդ դժվարին գործում։
Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ
Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ