«Եթե երկու կողմերը գան համաձայնության, Վահե Գրիգորյանի առաջարկներից յուրաքանչյուրն էլ կարող է լինել լուծման տարբերակ»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ճգնաժամի լուծման համար առաջարկված տարբերակներին, ասաց սահմանադրական իրավունքի փորձագետ, իրավաբան Արտաշես Խալաթյանը:
Նա կարծում է, որ վտանգավոր կլինի քաղաքական իշխանության հետ համակցված ճնշման արդյունքում խնդրի լուծումը. «Չմոռանանք՝ անկախ նրանից, թե կողմերից մեկը կամ մյուսն ինչպես են գնահատում ՍԴ-ի լեգիտիմության աստիճանը, վտանգավոր կլինի, եթե լուծումը լինի միակողմանի՝ ամրագրելով նոր քաղաքական մեծամասնության բացարձակ հաղթանակը: Այդ կերպ կձեւավորվի վտանգավոր իրողություն, երբ իշխանափոխության պարագայում դատական իշխանության կազմն անընդհատ փոխվում է, չէ՞ որ ժողովրդավարությունը ենթադրում է, որ որոշակի ժամանակ անց պետք է տեղի ունենա բնականոն իշխանափոխություն: ՍԴ-ի հաշվին քաղաքական իշխանության կամքի բավարարում չպետք է լինի»:
Արտաշես Խալաթյանը հավելեց, որ իր գնահատմամբ՝ ՍԴ-ի շուրջ իրավիճակի լուծում կարող է լինել Վահե Գրիգորյանի մատնանշած տարբերակներից յուրաքանչյուրը՝ պայմանով, որպեսզի այն լինի ՍԴ դատավորների հետ համաձայնության արդյունք. «ՀՀ նախագահն, օրինակ, վեճի երկու կողմերին կարող է բերել մեկ սեղանի շուրջ, կամ բոլորովին այլ լուծում կարող է լինել: Կողմեր ասելով՝ նկատի ունեմ ՍԴ անդամներին, այդ թվում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանին եւ քաղաքական մեծամասնությանը»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
https://www.facebook.com/aravot.am/videos/469335056963063/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ