Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանին:
Նախագահ Սարգսյանը ողջունել է Գլենդելի հայազգի քաղաքապետի այցը հայրենիք՝ ընդգծելով, որ Հայաստանը նաև սփյուռքի մեր հայրենակիցների տունն է:
Հայրենիք-Սփյուռք կապերն ամրապնդելու համատեքստում նախագահն Արա Նաջարյանին առաջարկել է խորացնել քույր քաղաքների՝ Գյումրիի ու Կապանի հետ համագործակցությունը:
Արմեն Սարգսյանը, մասնավորապես, ներկայացրել է Գյումրիի հետ կապված իր ծրագրերը՝ առաջարկելով Գլենդելին նվիրված միջոցառում կազմակերպել Գյումրիում և Գյումրիին նվիրված միջոցառում՝ Գլենդելում:
Կարդացեք նաև
Նա պատրաստակամություն է հայտնել նախագահական նստավայրում կազմակերպել միջոցառում՝ նվիրված Գլենդելի մշակութային ժառանգությանն ու բազմազանությանը:
Արա Նաջարյանը նշել է, որ հաճախակի է լինում Հայաստանում, և ամեն անգամ այդ այցելություններն իրեն ուժ են տալիս:
Նա պատրաստակամությամբ է ընդունել նախագահի առաջարկությունները՝ նշելով, որ իր հնարավորություններով կձգտի նպաստել դրանց իրագործմանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի վարչություն