Թերեւս չեմ հիշում կյանքիս մեջ այնպիսի մի պահ, երբ գրիչս սպիտակ թղթի վրա դժվարությամբ սահի։ Դժվար է, որովհետեւ պիտի նախկին լրագրող, ներկա պատգամավոր ընկերներիս մեջ փոխեմ իմ՝ «բոբո-հանցագործ»-իս տեսլականը։
Օրեր առաջ բաց նամակով դիմել էի նախկին գործընկեր-պատգամավորներին՝ աջակցելու ռեժիմս փոխելու համար։ Եվ ահա՝ ըստ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԾ-ի պետից ստացված գրության՝ ռեժիմի փոփոխության իրավունք ունեմ այս տարվա դեկտեմբերի 25-ին ու անհրաժեշտ է ունենալ դրական վարք։ Հոգ չէ՝ կփորձեմ առաջիկայում ավելի լավ վարքագիծ դրսեւորել։
Նաեւ պատգամավորներին տեղեկացվել էր, որ ես կրկնահանցագործ եմ, տույժ ունեմ եւ այլն… Այո’, ես երբեք չեմ թաքցրել իրականությունը, ավելին՝ տարբեր հրապարակումներում անդրադարձել եմ դրան։ Ապրելով քրեական ենթամշակույթի բարքերն ընդունած մարդկանց շրջապատում՝ դու չես կարող չօգնել նրանց։ Այլապես՝ նրանց «պանյատով»՝ դու կալանավոր չես, դավաճան ես։ Փորձեցի ու կրկին փորձանքի մեջ ընկա։ Ամենեւին էլ միտք չունեմ արդարացնելու ինձ՝ սխալվեցի ու պատժվեցի երկրորդ անգամ։ Ոչ մեկին չեմ մեղադրում՝ ես ու իմ միամտությունը….Բայց մարդը, թեկուզ՝ հանցագործ-մարդը, անգամ մարդասպանը զղջում, ապաշխարում եւ ուղղվում է։ Եթե չեմ սխալվում Եվրոդատարանի չափորոշիչներով՝ մարդուն պետք չէ բնութագրել ու չափել կատարած հանցագործության հատկանիշներով, որովհետեւ նա արդեն պատիժը ստացել է, ու պետք է ուսումնասիրել նրա դրսեւորած վարքը։
Այն, որ ընդգրկված եմ չվարձատրվող աշխատանքներում, որ մասնակցում եմ վերասոցիալականացման ծրագրերին, որ արժանանում եմ ՀՀ արդարադատության նախարարի հատուկ մրցանակին ու այն ժամանակվա փոխնախարար Սուրեն Քրմոյանի գովեստի խոսքերին՝ իհարկե, հաշվի մեջ չեն….
Կարդացեք նաև
Միով բանիվ ՝ խնդրանք իմ հարգելի նախկին գործընկեր պատգամավորներին. Նաիրա Զոհրաբյանին, Արման Բաբաջանյանին, Սրբուհի Գրիգորյանին, Գայանե Աբրահամյանին, Բաբկեն Թունյանին, Վահագն Հովակիմյանին, Հայկ Գեւորգյանին, Վահագն Թեւոսյանին, Թագուհի Թովմասյանին։ Ես «բոբո» չեմ, ես քրեական ենթամշակույթի կրող չեմ, ինչպես տպավորվեցիք պաշտոնական գրությունից։ Խորացեք մարդու հոգեվիճակի մեջ, զգացեք իրական մարդուն (Նաիրա Զոհրաբյանն ու Արման Բաբաջանյանը կալանավայրում հանդիպել են ինձ ու կարծում եմ կհաստատեն խոսքերս), հավատացեք՝ մարդ եմ, բայց թերեւս մի քիչ բարդ եմ ու միամիտ…
Շնորհակալ եմ պատգամավոր-գործընկերներիս բաց նամակիս արագ արձագանքելու համար, միաժամանակ հայցում եմ նրանց ներողամտությունը, քանզի ոմանք գուցե տեղյակ չեն եղել իմ քրգործերից։ Մեկ անգամ եւս շեշտեմ՝ ես երբեք չեմ թաքցրել իրականությունը։
Չեմ հուսահատվում եւ պատրաստվում եմ հերթական քայլին՝ ներման խնդրանքով դիմել երկրի նախագահին ու վարչապետին։ Այդ ժամանակ օրենքով սահմանված կարգով նորից կխնդրեմ Ձեր միջնորդությունը եւ համոզված եղեք՝ լիովին կտեսնեք այլ Արմեն Դավթյանի, եւ չեք կանգնի փաստի առաջ։
Արմենակ /Արմեն/ Դավթյան,
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ
Լուսանկարը՝ «Հետքի»