Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրենսդիրը տարանջատել է «մարտական գործողություն» եւ «մարտական հերթապահություն» եզրույթները. ՊՆ-ն՝ քառօրյա պատերազմի մասնակցի հորը

Հուլիս 03,2019 14:43

Օրերս Aravot.am-ն անդրադարձել էր պաշտպանության նախարարության շենքի մոտ օրերով հացադուլ անող Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Երեմ Գալոյանի խնդրին:

Մեզ հետ զրույցում Գալոյանը պատմել էր, որ որդին՝ Գեւորգ Գալոյանը 2016 թվականին մասնակցել է քառօրյա պատերազմին՝ առաջնագծում: Սակայն որդու զինգրքույկում ՊՆ-ն հրաժարվում է համապատասխան գրառումն անել՝ առանց որեւէ հիմնավորումների:
Գալոյանը մեզ էր ներկայացրել համապատասխան փաստաթուղթ, որտեղ նշված է, որ որդին 2016-ի քառօրյա պատերազմի օրերին մարտական հերթապահության է եղել: Գալոյանը պնդել էր, որ մի քանի ամիս է՝ դիմել է ՊՆ-ին, որ որդու՝ Գեւորգ Գալոյանի զինգրքույկում համապատասխան գրառումը կատարվի, սակայն խնդիրն այդպես էլ չէր լուծվում: Գալոյանի պատմելով՝ որդին զինծառայության ընթացքում առողջական խնդիրներ է ձեռք բերել, ուստի զինգրքույկում այդ գրառումն ունենալու պարագայում, հույս ուներ, որ բուժսպասարկման համար որոշակի արտոնություններ կստանան:

Aravot.am-ն այս խնդրի պարզաբանման համար գրավոր դիմել էր ՊՆ: Այսօր նախարարությունը ի պատասխան մեր հարցման, պարզաբանել է, որ Գալոյանի դիմումն ուսումնասիրվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատում եւ Գեւորգ Գալոյանի զինգրքույկում 2016 թվականի ապրիլի 2-6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցության վերաբերյալ գրառում կատարելու հարցով Երեմ Գալոյանի դիմումներին ընթացք է տրվել, կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ. «Ուսումնասիրության արդյունքում Գ. Գալոյանի զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցության վերաբերյալ գրառում կատարելու օրենքով սահմանված հիմքեր վեր չեն հանվել։

«ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ 2016 թվականի նոյեմբերի 4-ի «2016թ. ապրիլի 2-6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցած ժամկետային պարտադիր զինծառայողների զինգրքույկներում գրառումներ կատարելու մասին» N/ 92/ԳՇ կարգադրությունով ժամկետային պարտադիր զինծառայողների զինգրքույկներում մարտերին մասնակցելու վերաբերյալ գրառում կատարվում է միայն 2016 թվականի ապրիլի 2-6-ը տեղի ունեցած մարտերին մասնակցելու պարագայում։ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի՝ 2017 թվականի փետրվարի 6-ի 74/ԳՇ հրամանի համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 2-6-ը մարտական գործողություններին մասնակցած ժամկետային պարտադիր զինծառայողների զինգրքույկներում մարտերին մասնակցելու վերաբերյալ գրառումներն իրականացվում են 19916 զորամասի հրամանատարության կողմից հաստատված ապրիլյան մարտերի մասնակիցների անվանացուցակների հիման վրա, իսկ ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 16-Ա հրամանի 7-րդ կետի 7-րդ ենթակետի համաձայն՝ զինծառայողի զինգրքույկում մարտական գործողություններին մասնակցության մասին գրառում կատարվում է տվյալ զինծառայողի կողմից տեղի ունեցած մարտերին անմիջականորեն մասնակցած լինելու դեպքում»,-գրված է ՊՆ-ի պատասխանում։

ՊՆ-ն նաեւ տեղեկացնում է, որ Գեւորգ Գալոյանի անունը նշված անվանացուցակներում չի եղել, քանի որ վերջինս նշված մարտերին անմիջական մասնակցություն չի ունեցել, այլ իրականացրել է մարտական հերթապահություն, հետեւաբար՝ վերջինիս զինգրքույկում մարտերին մասնակցելու վերաբերյալ գրառում չի կարող կատարվել. «Գ. Գալոյանը 2016 թվականի ապրիլի 2-6-ն իրականացրել է մարտական հերթապահություն, ինչի վերաբերյալ վերջինիս զինգրքույկում ՀՀ պաշտպանության նախարարի՝ 2014 թվականի հոկտեմբերի 17-ի N 1230 հրամանով սահմանված կարգով կատարվել է գրառում՝ մարտական հերթապահությունում ներգրավված լինելու մասին»։

Ըստ ՊՆ պարզաբանման, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 8-րդ եւ 10-րդ հոդվածների բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը տարանջատել է «մարտական գործողություն» եւ «մարտական հերթապահություն» եզրույթները.«

Այսինքն՝ օրենսդիրը, սահմանազատելով «մարտական գործողություն» եւ «մարտական հերթապահություն» եզրույթները, դրանցից յուրաքանչյուրին հաղորդել է ինքնուրույն, մյուսից տարբերվող իմաստ, հետեւաբար՝ դրանք բացարձակապես տարբեր եզրույթներ են, զինծառայողների կողմից իրականացվող տարբեր պարտականություններ, որոնք չեն կարող որեւէ իմաստով նույնացվել, այդ թվում՝ նաեւ առաջացնող հետեւանքների իմաստով։ Վերոշադրադրյալ հանգամանքները բազմիցս պարզաբանվել են դիմողին»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031