«Դա համանախագահների բառապաշարում առաջին անգամ օգտագործվող եզրույթ չէ, այն կիրառվում է համապատասխան մթնոլորտի ձեւավորման համատեքստում»,-չորեքշաբթի լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որտեղ շեշտվում էր «բովանդակային բանակցությունների» անհրաժեշտությունը, ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Սա նշանակում է, որ պետք է շարունակել քայլեր ձեռնարկել՝ խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորման, ռիսկերի նվազեցման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների եւ վստահության ամրապնդման միջոցառումների ներդրման համար: Դրանք ամրագրվել են մի շարք հանդիպումներում»,-շեշտեց Աննա Նաղդալյանը:
Նրա խոսքով՝ վերոնշյալը հայկական կողմի համար շարունակում է մնալ առարկայական. «Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում հաստատվել է օպերատիվ կապը, որը միջադեպերի կանխարգելման եւ արձագանքման տարր է պարունակում, ուստի հիմա անհրաժեշտություն է առաջացել ամրապնդել այդ մեխանիզմը: Խաղաղությանը նպաստող միջավայրի ձեւավորումն առաջնահերթություն է մեզ համար, քանի որ չենք հավատում, որ իրադրության լարման պայմաներում հնարավոր է բանակցել: Վտանգավոր է ենթադրել, թե ՀՀ-ն բանակցելու է սպառնալիքի ներքո: ՀՀ-ն միշտ խոսել է խաղաղության դիրքերից, բայց դա չի նշանակում, թե կարող է գնալ միակողմանի զիջումների՝ վտանգելով Արցախի անվտանգությունը: Միակողմանի զիջումները բացառվում են, այդ ենթադրությունն իրականությանը չի համապատասխանում»:
https://www.facebook.com/aravot.am/videos/386604515310602/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ