Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հաշտություն առաջարկելով, մեղքը դնում ես զոհի վրա, իրեն ասում ես՝ հաշտվի գնա, թող քո ընտանիքիդ չդատեն. Հասմիկ Գեւորգյան

Հուլիս 03,2019 14:07

Մոտ մեկ տարի առաջ Հայաստանում ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Ոլորտի մասնագետները, սակայն, գտնում են, որ օրենքում մի շարք բացեր կան՝ սկսած՝ օրենքի անվանումից:

Թե ինչպե՞ս է գործում օրենքը եւ ի՞նչ արդյունքներ է ապահովել այս ժամանակահատվածում, Aravot.am-ը փորձեց պարզել հասարակական եւ պետական հատվածի մասնագետներից, որոնք այսօր մասնակցում էին «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարը եւ կանխարգելումը Հայաստանում. Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ուղղությամբ շարունակվող աշխատանքը» ծրագրի շնորհանդեսին:

Aravot.am-ի հարցին ի պատասխան, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, Նելլի Դուրյանն ասաց, որ այսօր ունենք օրենք, որը պաշտպանում է բռնության ենթարկված անձանց եւ ոչ թե ցուցանիշներն են ավելացել, այլ՝ դիմելիությունն է բարձրացել. «Օրենքը պատժում է բռնարարներին, նախազգուշացում է կիրառվում, անհետաձգելի միջամտություն է լինում նաեւ պաշտպանական որոշում, որի արդյունքում թե՜ բռնարարները թե՜ բռնության ենթարկված անձիք, սկսում են գիտակցել, որ օրենքի շրջանակում ինչ հետեւանք կարող են ունենալ այն պաշտպանական միջոցները, որոնք կիրառվում են»:

Տիկին Դուրյանից հետաքրքրվեցինք՝ ոստիկանների մոտեցումը որքանո՞վ է փոխվել. ՀԿ մասնագետները մշտապես խնդիր էին համարում, որ ոստիկանները փոխանակ գործ հարուցելու՝ բռնության ենթարկված կնոջը հաշտվելու խորհուրդներ էին տալիս:

«Դրա մասին կարող էինք խոսել մեկ տարի առաջ, այսօր չկա նման վերաբերմունք, այսօր ունենք հստակ օրենք եւ օրենքի շրջանակներում ոստիկաններն իրականացնում են իրենց աշխատանքը, իրավաչափ գործողությունները»:

Տիկին Դուրյանը նաեւ ասաց, որ բռնության ցանկացած դեպք ոստիկանապետը վերցնում է իր հսկողության ներքո:

Մանրամասները՝ տեսանյութում

Կանանց աջակցման կենտրոնի ծրագրերի ղեկավար Հասմիկ Գեւորգյանի ներկայացմամբ, ընտանեկան բռնության դեմ օրենքում առկա հաշտության բաղադրիչը նույնպես խնդիրներ է հարուցում բռնության ենթարկվածի համար. «Հաշտություն առաջարկելով, մեղքը դնում ես զոհի վրա, այսինքն՝ իրեն ասում ես՝ հաշտվի գնա, թող քո ընտանիքիը չդատեն: Այստեղ պատասխանատվությունը դնում ենք էլի կնոջ վրա՝ կրկնակի զոհացնելով ու ավելի բարդ իրավիճակի մեջ դնելով»:

Ըստ տիկին Գեւորգյանի, օրենքի այդ կետից օգտվում են քննիչները, ոստիկանները, դատավորները, որոնք առաջարկում են այդ հաշտությունը:

 

Նելլի Դուրյանը կոչ արեց բռնություն տեսնելիս կամ դրա մասին լսելիս՝ ահազանգել ոստիկանություն, հասարակական կազմակերպությունների թեժ գծին. «Մարդիկ, որոնք լսում են, ամեն օր կարող են լսել, որ հարեւանի տանը գոռոց, լաց է, ծեծ է, յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է ահազանգել, ձեռք մեկնել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031