ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հավաստմամբ՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ, և գործը մտնի դատական քննության մեջ:
«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը Արամ Օրբելյանն այս առիթով մանրամասնեց. «Բոլորը, չգիտես ինչու, ենթադրում են, որ դատական գործը քննության մտնելու ժամանակ պարոն Քոչարյանը պետք է լինի անազատության մեջ: Այդպես չպետք է լինի, այլ պետք է պարոն Քոչարյանը լինի ազատության մեջ, և գործը մտնի դատական քննության մեջ, քանի դեռ չի հաստատվել ռեալ հանգամանքներով, թե շանս կա, որ միջամտություն տեղի կունենա»:
Այն պնդումների հետ կապված, որոնք հնչում են մեղադրող կողմից, թե վտանգ կա, որ Ռոբերտ Քոչարյանը կխոչընդոտի գործի քննությանը, Արամ Օրբելյանը հիշեց անեկդոտ մաթեմատիկայի ֆակուլտետում սովորող մի ուսանողի մասին, որը գալիս է գյուղ՝ ծնողների մոտ: Պաշտպանը պատմեց. «Ծնողները հարցնում են՝ ի՞նչ եք սովորում, պատասխանում է՝ հաշվում ենք, կարող եմ սեղանի երկու հավը հաշվել, որ դառնա երեք հատ: Հայրն ասում է՝ վայ, ինչ լավ գիտություն է, մի հավը ես կուտեմ, մյուսը՝ մամադ, երրորդը, որ կհաշվես, դու կուտես: Տեսականորեն դատախազության տրամաբանությունը նշանակում է, որ ցանկացած նախին բարձրաստիճան պաշտոնյայի ցանկացած քրեական գործի դեպքում էլ կալանքի հարցը չպետք է քննարկվի, ուղղակի նա պիտի կալանավորվի, քանի որ ազդեցություն ունի, և միշտ տեսականորեն կարող է ազդել գործընթացների վրա»:
Մինչդեռ Արամ Օրբելյանը, հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, նշեց. «Եվրոպական դատարանն ասում է, որ գործի դատաքննության փուլում սուպերբացառիկ դեպքերում պետք է կալանավորել, քանի որ ըստ մեղադրանքի՝ գործը բացահայտված է, ապացույցները հավաքված են, գործը դեպոնացված է դատարանում, խոչընդոտելն էլ անհնար է: Իսկ խոչընդոտելու հարցը որոշում է դատարանը»:
Կարդացեք նաև
Արամ Օրբելյանը նաև մտահոգված է, քանի որ դեռ պարզ չէ առաջին ատյանում դատական նիստի օրը: Այս մասին պաշտպանն ասաց. «Առաջին ատյանի դատարանն ասում է՝ փաստաթղթեր չեն ստացել, Վերաքննիչն ասում է՝ չենք ուղարկելու, մինչև չանցնի վճռաբեկության ժամկետը: Մենք ասում ենք Վերաքննիչի որոշումն ուժի մեջ է, որ առաջին ատյանում պետք է գործը շարունակվի կասեցման պահից, դրանից հետո անցել է մեկ օր, որոշում չկա, թե որ դատարանն է: Կա խնդիր, որ գործը պետք է շարունակվի այնտեղից, որտեղից չի շարունակվում: Մեր խնդիրը մեղավորներ փնտրելը չէ, այլ որ արդար դատաքննության իրավունքն իրացվի և նիստ նշանակվի, ու գործը շարունակվի»:
Ըստ Արամ Օրբելյանի՝ դատավարությունը կանոնակարգված չէ, ինչպես նաև վարույթն ընդունելու որոշման մեջ դատարանը մի տեղ գրել է դատաքննության փուլ է, մյուսում, որ մինչդատաքննության փուլում են. «Մինչդեռ դատարանը կարող էր հեշտությամբ ասել դատաքննության փուլում ենք կամ մինչդատական վարույթի կարգով ենք քննում: Եթե չի կարող հստակ պատասխան տալ, նշանակում է՝ այդքան էլ միանշանակ չէ: Եթե պարզաբանելու համար վախենում է, ես այստեղ խնդիր եմ տեսնում»:
Արամ Օրբելյանի համոզմամբ, եթե մեր դատավարական օրենսդրությունում կան խնդիրներ, դա բացառապես պետության խնդիրն է՝ որպես պետություն, ոչ թե ժողովրդի: Դա չի կարող մեղադրյալի խնդիր դառնալ. «Չի կարելի մեղադրյալին ասել՝ գիտես ինչ, մեր օրենքը մի քիչ լավը չէ, փակ ցիկլ է առաջանում. գնա նստի, մինչև տեսնենք՝ ինչ կլինի: Խափանման միջոցի որոշումն առաջին անգամ ընդհատելուց հետո փաստական հանգամանքներ են փոխվել: Պարոն Քոչարյանը, 20 օր լինելով ազատության մեջ, որևէ կերպ չի խոչընդոտել: Կարևոր հանգամանք է այն, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել Քոչարյանի կողմից բերված բողոքները, որ 300.1 հոդվածը հնարավոր է՝ չի համապատասխանում Սահմանադրությանը: Շատ կարևոր հանգամանք է, որ ՍԴ դիմելու որոշումը Վերաքննիչի կողմից բեկանվել է, մի շարք հանգամանքներ կան, որոնք պետք է գնահատվեն: Բերվել է նաև ինքնաբացարկի միջնորդություն դատախազության կողմից, չգիտենք՝ դրան ինչ անդրադարձ պետք է կատարվի: Մենք այս հարցը դեռ Դավիթ Գրիգորյանի մոտ առաջին նիստի առաջին րոպեից բարձրացրել ենք, որ այս փուլը կանոնակարգված չէ և առաջացնում է պարոն Քոչարյանի արդար դատաքննության իրավունքի խախտում»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ