Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի լիազորությունն է կոչումներ ու աստիճաններ շնորհելը, ինչո՞ւ է վարչապետը «յուրացնում» այն. խոսնակի պարզաբանումը

Հուլիս 03,2019 12:56

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր տեղեկացրեց, որ ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ որոշում է կայացրել մասնավորապես զինվորական կոչումներ շնորհելու մասին:

Մինչդեռ Սահմանադրության հոդված 133-ի համաձայն՝ «Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով շնորհում է բարձրագույն զինվորական կոչումներ»:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է նաեւ դասային աստիճաններ շնորհելու մասին, մինչդեռ սա նույնպես ՀՀ նախագահի լիազորությունն է:  Սահմանադրության հոդված 137-ի համաձայն՝ «Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով շնորհում է բարձրագույն դասային աստիճաններ»:

Իհարկե, Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտնել է. «Որոշումներն ուժ մեջ կմտնեն Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հրամանագրերը ստորագրելուց հետո»:

«ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի հոդված 5.3.-ի համաձայն էլ սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու կարգը. «Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է Հանրապետության նախագահը` համապատասխան միջնորդության հիման վրա:

2. Հանրապետության նախագահը Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրում և պատվավոր կոչումներ շնորհում է հրամանագրի ընդունմամբ:

3. Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին»:

Վարչապետն իրավասու է միջնորդությամբ դիմելու Հանրապետության նախագահին Հայաստանի Հանրապետության բոլոր պետական պարգևների և պատվավոր կոչումների վերաբերյալ: Սակայն Նիկոլ Փաշինյանը արդեն իսկ հայտարարել է կայացված որոշման մասին:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով մինչ ՀՀ նախագահի հրամանագրերն արդեն իսկ ազդարարված այս որոշումներին՝ ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Վարչապետը կայացրել է որոշում: Այն ի կատար է ածվելու համաձայն Սահմանադրության եւ օրենքների»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031