Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյան. «Հասարակությունն իր առօրյայում արդեն պետք է զգա, որ արդեն որոշ էական փոփոխություններ կատարվել են». «Ժողովուրդ»

Հուլիս 03,2019 12:18

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն է։

–Պարոն Թունյան, խորհրդարանն արդեն ընդունել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների փաթեթը, որը, ըստ ընդդիմադիրների, հասարակության կյանքում որեւէ փոփոխություն չի բերելու: Ավելին, կարծիք կա, որ փոփոխությունը կոսմետիկ բնույթ է կրում, իրական փոփոխություն չկա։ Ինչո՞ւ Ձեր ղեկավարած հանձնաժողովը չգնաց իրատեսական փոփոխության։

–Ընդդիմության հիմնական ասածը վերաբերում է համահարթեցմանը։ Բայց նախ նշեմ, որ կատարվել են շատ պարզեցումներ, սահմանվել է 24 միլիոն դրամ միկրոբիզնեսի շեմ, որը հենց կոնկրետ փոքր ընկերությունների համար, որովհետեւ միայն մարդիկ վարձու աշխատողներ չեն, մարդիկ կան, որ ինքնազբաղված են, սեփական բիզնեսներ ունեն։ Բարձրացվել է շրջանառության հարկի շեմը, կատարվել են մեծ թվով պարզեցումներ հանրային սննդի ոլորտում, հյուրանոցային ծառայությունների ոլորտում, մեքենաների առեւտրով զբաղվողների համար։ Այսինքն՝ նման բազում փոփոխություններ կան, որոնք մարդկանց. կյանքը հեշտացնում են, դա ուղիղ ազդեցություն է ամբողջ հասարակության վրա։

Ինչ վերաբերում է համահարթեցմանը, ապա քննադատում են, թե դուք օգնում եք հարուստներին՝ աղքատների հաշվին։

–Տնտեսագետների կարծիքով՝ այն փոփոխությունները, որոնք կատարել եք օրենսգրքում, ամենավատ տարբերակն էր, որ կարող էիք իրականացնել։ Նշվում է նաեւ, որ անգամ քննարկումներ չեն արել իրենց դիրքորոշումը լսելու համար։

–Մենք ԱԺ-ում հանրային լսումներ ենք արել, որ հրավերը բաց տեղադրվել է, 100– ից ավելի մասնակիցներ են եկել մասնակցել քննարկումներին։ Հանրային լսումներից բացի արել ենք մասնագիտական քննարկումներ, արել ենք առանձին հանդիպումներ տարբեր շահառու խմբերի հետ։ Մարտին փաթեթը եկել է ԱԺ, ու մենք այդ ամիսների ընթացքում քննարկումներ ենք ունեցել ու բոլորի առաջարկները, եթե անգամ դրանք չեն ընդունվել, պատշաճ հիմնավորում է տրվել, թե ինչի համար դրանք չեն ընդունվել։

Հիմա, որ ասում եք, թե ինչու փոքրերին էլ չեք անում, էլի եմ ասում՝ այդ ամենը պետք է անել կոմպլեքսի մեջ։ Իսկ ովքեր են ՀՀ-ում հարուստները. եթե մենք հարուստ մարդկանց նույնացնում ենք այդ 1000-1200 հոգու հետ, որոնք գրանցված բարձր աշխատավարձ են ստանում, դա ուղղակի մոլորություն է, որովհետեւ Հայաստանում իրական հարուստները այդ մարդիկ չեն. իրական հարուստների եկամուտները ոչ մի տեղ չի երեւում։ Այդ իրական հարուստները կարող է իրենց վարձով տրված տարածքներից են եկամուտ ստանում իրենց շահաբաժիններից են ստանում, ու իրենք այսօր հարկվում են շատ ավելի ցածր։

Եթե ասում են՝ արդար չի, ապա նախկինում եղածը արդար չէր, մենք ասում ենք՝ ՀՀ-ում եկամտային հարկը տրամաբանությունից շեղված է։ Հասարակությունն իր առօրյայում արդեն պետք է զգա, որ արդեն որոշ էական փոփոխություններ կատարվել են։ Լավ չի, երբ հայտարարում են, թե մեր հարկը չի նվազում, բայց ուրիշինը նվազում է, իսկ ուրիշի նվազումով ազդելու է բոլորի կենսամակարդակի վրա։

Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր տնտեսությունը աճի մենք չպետք է մոռանանք, որ մենք ունենք հարեւան երկիր, օրինակ՝ Վրաստան, ու եթե մեզ մոտ բիզնեսի համար հարկային օրենսդրությունը ավելի վատն է, քան Վրաստանինը, ապա այդ բիզնեսը գնալու է Վրաստան։ Հիմա դրանից ո՞վ է շահում։ Դրա համար ամեն ինչին պետք չի մակերեսորեն վերաբերվել. ցանկության դեպքում պետք է կոմպլեքսի մեջ դիտարկել ու հասկանալ՝ օգուտներն են շատ, թե վնասները։

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031