Հայ դիրիժորական արվեստի երախտավոր Յուրի Դավթյանի հոբելյանն է
Այսօր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Սերգեյ Սմբատյան) համերգը, որն իսկապես լի է անակնկալներով ոչ միայն հանդիսատեսի, այլեւ հոբելյարի համար, նվիրվում է հայ դիրիժորական արվեստին՝ մասնավորապես օպերային, երախտավոր Յուրի Դավթյանի ծննդյան 90-ամյակին:
«Առավոտը» քանիցս տարբեր առիթներով անդրադարձել է դիրիժորին: Այս անգամ ներկայացնում ենք շուրջ յոթ տասնամյակ հաշվվող դիրիժորի՝ մեր հարգարժան Յուրի Հայկովիչի այն մտքերը, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղ չեն գտել մեր օրաթերթում:
«Անհատականություն… Ահա արվեստում հաջողության հասնելու կարեւոր գործոններից մեկը: Պետք չէ նմանվել որեւէ մեկին, եթե դրանով անգամ դափնիներ ձեռք բերես: Արվեստի պատմության մեջ նման դափնիները միշտ արագ թոշնել են: Օրինակ, Շալյապինին կամ Կարուզոյին ընդօրինակել ցանկացող երգիչները կործանվել են անկախ նրանց ձայնային ու երաժշտական տվյալներից: Մի դավաճանիր ինքդ քեզ. համեստ, բայց անկեղծ ինքնարտահայտումը շռնդալից կեղծիքից արժեքավոր է»,- ասում է դիրիժորը:
Կարդացեք նաև
Յուրի Հայկովիչը հիշում է, որ իր ու ընկերների երաժշտական դաստիարակությունը դպրոցում հանձնարարված էր անվանի պրոֆեսոր Լեկկերին, որին աշակերտել է հետագայում արդեն անվանի ջութակահարների մի քանի սերունդ. «Ո՞վ գիտե, գուցե 9-րդ դասարանում կատարած Մենդելսոնի կոնցերտը վերջակետ չլիներ եւ արդեն խոսվեր ջութակահար Յուրի Դավթյանի մասին: Ջութակը փայփայածս միակ երազանքս չէր:
Դրան հաջորդեց ալտը… Մինչ կոնսերվատորիա ընդունվելը կայացավ առաջին գործնական հանդիպումս Կոնստանտին Սարաջեւի հետ: Այդ ժամանակ երազել չէի կարող, թե պրոֆեսորը, որը մեղմ ժպտում էր, պիտի ժպտար իր ապագա սանի յուրաքանչյուր հաջողված ելույթի պահին»:
Դիտարկմանը, թե արժանանալ Սարաջեւի գովեստին, բավական էր երջանիկ լինելու համար: Մեր զրուցակիցը հակադարձում է. «Բավական էին երազանքներով ապրելու համար, բայց երազն ու իրականությունը հաճախ տարբեր ճանապարհներով են գնում:
Երբեմն էլ թվում է, թե ամեն ինչ արված է արվեսի բարձունքին հասնելու համար՝ գերազանց գնահատականներով ավարտել ես կոնսերվատորիան, տիրապետում ես դիրիժորական տեխնիկային, պրոֆեսորներդ ասում են, որ երաժշտական ես… Մի բան կասեմ՝ դիրիժոր ծնվում են, այլ ոչ թե դառնում:
Դա չի նշանակում, որ դեռ աչքերդ չբացած, կարող ես կանգնել դիրիժորական վահանակի առջեւ ու քեզ կհնազանդվի ամենաբարդ պարտիտուրը, խստապահանջ ունկնդիրն էլ ծաղիկներ կմատուցի»:
Ընդ որում, զրույցի ընթացքում արվեստագետը խոսում ու ներկայացնում է ոչ միայն իր մասնագիտության դասախոսին. «Երաժշտական լեզու ու երաժշտական դրամատուրգիա… Հարմոնիան՝ երաժշտական ներդաշնակ մտածողության այս առարկան դասավանդում էր վերլուծական յուրօրինակ ճկուն մտքի տեր Ռոբերտ Աթայանը:
Գեորգի Տիգրանովի պես գիտակը դասավանդում էր երաժշտական գրականություն, մասնավորապես օպերային երաժշտության մարզում, պարտիտուրների ընթերցումն էլ՝ Գեւորգ Բուդաղյանը…»:
«Ուսանող» Յուրի Դավթյանից գանք Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յուրի Դավթյանին: Ընդամենը մեկ փաստ՝ 1969 թվականից մինչ օրս արդեն քանի սերունդ է կրթում պրոֆեսորը: Հասկանալի պատճառով չենք թվարկում նրա դասարանում ուսանած նույնիսկ այսօր մեզ մոտ եւ արտասահմանում գործունեություն ծավալած սաների անունները:
Դիրիժորը պաշտոններ է վարել (նկատի ունենք գլխավոր դիրիժոր) ոչ միայն Երեւանի օպերային (1953-ից մինչեւ 2000-ականներ) եւ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում (1966-ից ընդհատումներով մինչեւ 1994թ.), այլեւ Սարատովի օպերային թատրոնում 1964-66թթ.): 2007-ից մինչ օրս նա Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախմբի գլխավոր դիրիժորն է:
Քանի որ դիրիժորին առանձնացրինք որպես օպերային թատրոնի դիրիժոր, նշենք, որ նրա միայն ինքնուրույն բեմադրությունները, նաեւ բալետային, որպես բեմադրող դիրիժոր, ավելի քան 25-ն են: Հավելենք՝ դիրիժորի ղեկավարությամբ ռադիոյում արված համաշխարհային եւ հայ դասականների ստեղծագործությունների մի քանի տասնյակի հասնող ֆոնդային ձայնագրությունները: Ղեկավարել է Խորհրդային Միության տարբեր երկրների, Եվրոպայի (Ֆրանսիա, Իսպանիա, Հունգարիա եւ այլուր) նվագախմբեր եւ ներկայացումներ, Մարիինյան եւ Մեծ թատրոններում: Նաեւ թողարկել է CD-ներ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
03.07.2019