«Պաշտպանական թիմին մեղադրում են, որ փորձ է կատարվում ձգձգել դատավարությունը, բայց հիմա գործ ունենք դատավարության ձգձգման հետ հենց դատարանի կողմից: Փաստորեն գործը կրկին սառած է՝ չունենալով իրավական հիմք»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Նա մտահոգություն հայտնեց, որ դեռ Վերաքննիչ քրեական դատարանը գործի նյութերը չի վերադարձրել առաջին ատյանի դատարան:
Դառնալով ՀՀ վերաքննիչ դատարանի՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշման ու գործի վարույթի կասեցման որոշման վերաբերյալ դատական ակտերին՝ Հովհաննես Խուդոյանն ասաց. «Մեր գնահատմամբ՝ որոշումները կայացվել են դատավարական և ընդհանրապես դատաիրավական կոպիտ խախտումներով, սակայն դատարանի որոշման հրապարակման պահից հետո այդ խախտումները դեռ չեն վերացել: Դատարանը շարունակում է իր կամայական մեկնաբանություններով խոչընդոտել և վնասել գործընթացին»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով հունիսի 25-ին հրապարակված դատական ակտին՝ Հովհաննես Խուդոյանն ասաց. «Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրել է, որ կասեցման որոշումը վերացվում է, և գործը պետք է վերսկսվի նույն դատարանում նույն պահից: Առաջին ատյանի դատարանում այդ գործը պետք է շարունակվի, բայց գործի նյութերը չեն վերադարձվել առաջին ատյանի դատարան»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը, հղում կատարելով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, թե գործը պետք է սկսվի ընդհատման պահից, նշեց. «Ստացում է, որ առաջին ատյանի դատարանը մեկօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի գործի ճակատագրի մասին: Երբ նաև դատախազության բողոքների մեջ և դատական ակտում արձանագրված է, որ դատարանն առանց գործի նյութերին բավարար ծանոթանալու գնահատական է տվել: Հիմա կրկին հնարավորություն չի տրվում առաջին ատյանի դատարանին գործի նյութերի ծանոթացման հիման վրա դատական ակտ կայացնել: Առաջին ատյանի դատարանին պատային վիճակում են դնում: Օբյեկտիվորեն չեմ պատկերացնում՝ ոնց կարող է դատարանը մեկօրյա ժամկետում քննել ինչպես խափանման միջոցի հարց, այնպես էլ գործի հետագա ճակատագիրը»:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ևս պնդեց՝ գործն անհարկի ձգձգվում է և հույս հայտնեց, որ ԱԺ բոլոր այն պատգամավորներն ու քաղաքական գործիչները, որոնք Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին էին մեղադրում գործի ձգձգման մեջ, գնահատական կտա դատարանի կողմից ձգձգման փաստին:
Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած դատական ակտի մասին Օրբելյանն ասաց. «Առկա է այս պահի դրությամբ առնվազն ՀՀ վճռաբեկ դատարանի այլ գործով որոշման հետ ուղղակի հակասություն: Վճռաբեկ դատարանը քննության առնելով մեկ այլ գործով վերաքննիչ բողոք դատավարության՝ այս փուլում ուղղակիորեն նախատեսել է, ինչին դատարանն իրավունք չունի անդրադառնալ, քանի որ կխաթարի առաջին ատյանի դատարանում գործի քննությանը, կկատարի անհարկի միջամտություն: Բայց չնայած դրան Վերաքննիչն անդրադարձել է նման հանգամանքների: Մեկ այլ գործով Վերաքննիչ դատարանը նախատեսում է, որ բողոքարկման ենթակա չէ ՍԴ դիմելու հարցը, քանի որ դա դատարանի ավտոնոմ իրավունքն է: Դատարանը վերացրել է ակտ, որը ենթակա չէ բողոքարկման: Սրանք հիմքեր են, որ մենք դիմենք Վճռաբեկ դատարան»:
Արամ Օրբելյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է ու հիմնավորեց. «Դատարանում հնարավորություն չէր տրվել պաշտպանական կողմին ընդհանրապես ելույթ ունենալ, ինչը արտառոց երևույթ է: Այս որոշումներն ուղղակիորեն հակասում են նախկին դատավարական պրակտիկային, վերահաստատում է ԵԽԽՎ բանաձևը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված քաղաքական հետապնդման արգելքի դեպքը: Ակնհայտորեն ոչ արդար դատավարական գործընթաց է գնում, ինչը վերահաստատում է պարոն Քոչարյանի՝ քաղաքական բանտարկյալ լինելու մեր մտավախություններն ու պնդումները»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ