Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Караул устал …

Հուլիս 03,2019 11:49

Մատրոս Ժելեզնյակ

ՀՀ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր (ոչ մի դեպքում՝ անդամ) Վահե Գրիգորյանը հանրությանը հայտնի է որպես բանիմաց, փորձառու իրավաբան։ Անկեղծ ասած, ինքս էլ այդ կարծիքին եմ եղել, մինչեւ նրա Սահմանադրական դատարանի «անդամ, դատավոր» սահմանադրական մտավարժանքները։ Իրավիճակն ինձ հիշեցրեց հեռավոր 1918թ. բոլշեւիկյան Ռուսաստանում Մատրոս Ժելեզնյակի (Անատոլի Ժելեզնյակով) կողմից Սահմանադիր ժողովը բռնությամբ, սպառնալիքով ցրելը:

Ռուսաստանում Սահմանադիր ժողովի ընտրություններ նշանակվել էին դեռեւս ժամանակավոր կառավարության կողմից, բայց ընտրություններն անցկացվեցին Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ 1917թ. նոյեմբերի 12-ին։ Ընտրությունների արդյունքում բոլշեւիկները Սահմանադիր ժողովի նախատեսված 715 անդամների (ներեցեք՝ պատվիրակների) մանդատներից ստացան 175-ը։

Բնականաբար, բոլշեւիկները, որոնց ձեռքին էր հեղափոխական իշխանությունը, չէր կարող հաշտվել այս փաստի հետ։ Չէ՞ որ Սահմանադիր ժողովը պետք է որոշեր Ռուսաստանի կառավարման ապագա համակարգը։ Եվ հենց հեղափոխական մեթոդներով (ի՞նչ օրենք, ի՞նչ բան) հեղափոխության նվիրյալ, գաղափարապես անարխիստ Մատրոս Ժելեզնյակը իր զինված ջոկատով մտավ Սահմանադիր ժողովի նիստին եւ հայտարարեց. «КАРАУЛ УСТАЛ… »։

Թե հետագայում ինչեր տեղի ունեցան Ռուսաստանում, կարծում եմ՝ բոլորին է հայտնի։

Վահե Գրիգորյանի գաղափարական որեւէ ուղղվածություն հայտնի չէ։ ՀԱԿ-ական, որպես այդպիսի գաղափարախոսություն, բացի Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելն (որպեսզի սերգոները լավ ապրեն), ինձ հայտնի չի եւ եթե այն գաղափարախոսություն է…։

Ուստի Վահե Գրիգորյանի կողմից քողարկված «Մատրոս Ժելեզնյակ» խաղալն ունի երկու նպատակ. հեղափոխական իշխանության կողմից նրան որպես բարեկիրթ «Մատրոս Ժելեզնյակ» օգտագործելն ու Սահմանադրական դատարանը կազմալուծել, իր կողմից էլ, մանկության երազանքի իրականացում՝ Սահմանադրական դատարանի նախագահ դառնալ եւ ինչպես իր նախորդները, հլու-հնազանդ, արդեն նոր իշխանություններին ծառայելը։

Իսկ ինչո՞ւ Սահմանադրական դատարանը չցրել նույն ժելեզնյակյան մեթոդներով` մտնել ՍԴ եւ ահաբեկելով ստիպել ՍԴ դատավորներին (եւս մեկ անգամ ներող եղեք՝ անդամներին) հրաժարական տալ։ Այդպիսի փորձեր արվեցին, բայց պարզվեց չկա նախկին հեղափոխական էնտուզիազմը։ Եվ հավանաբար որոշվեց. «А мы пойдем другим путем», համ էլ հիշեցին՝ ժողովրդավարություն, իրավական պետություն, Եվրոպայի խորհուրդ, Վենետիկի հանձնաժողով…

Իսկ այժմ հարց եմ ուղղում, ոչ այնքան Վահե Գրիգորյանին, որքան նրան որպես անաչառ, բարձր որակավորում ունեցող, զերծ քաղաքական կողմնորոշումներից իրավաբան համարողներին, որոնք էլ հիացած են վերջինիս մեկնաբանություններով։

Դժվարանում եմ հավատալ, բայց, համենայնդեպս, ենթադրենք Վահե Գրիգորյանն իսկապես համոզված է իր մեկնաբանություններում։

Այդ դեպքում մասնագիտական պարկեշտությունն ու ազնվությունը պահանջում էր, որ այդ ամենի մասին նա խոսեր կամ 2015թ. Սահմանադրական փոփոխությունների քննարկումների, կամ 2018թ. Հրայր Թովմասյանի ՍԴ դատավոր (թյու՝ անդամ) ընտրվելիս, կամ 2018թ. արդեն նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելու քննարկումների, կամ նույն 2018թ. Արմեն Դիլանյանի ՍԴ անդամ (դա-տա-վոր) ընտրվելու եւ վերջապես իր կողմից «դեմագոգ, ոչ լեգիտիմ» հռչակված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի (Արմեն Սարգսյանն, իհարկե, դրսեւորեց «քրիստոնեական» ներողամտություն) իրեն երկու անգամ ՍԴ դատավորի (այ այդպես) թեկնածու առաջադրվելու ժամանակ (դեռ մի կողմ թողնենք նույն անձին երկու անգամ առաջադրելու օրենքափոփոխության հիմքերը)։

Ուստի, չե՞ք կարծում, որ Վահե Գրիգորյանը ոչ թե անաչառ իրավաբան է, այլ քաղաքական գործիչ իրավաբանի կրթությամբ, եւ պատրաստ, անհրաժեշտության դեպքում, երեկ հօգուտ ընդդիմության, այսօր՝ իշխանության «պեդանտորեն մեկնաբանել» սահմանադրությունն ու օրենքները՝ «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով։

ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

Հ.Գ. Ի դեպ, եւ Հրայր Թովմասյանի, եւ Վահե Գրիգորյանի հետ երկար տարիներ ունեցել եմ ջերմ հարաբերություններ։ Հրայր Թովմասյանի հետ, արդարադատության նախարար դառնալուց հետո, լուրջ տարաձայնություններ եմ ունեցել, իսկ ՀՀԿ անդամ դառնալուց հետո, ընդհանրապես չեմ շփվել։ Վահե Գրիգորյանի հետ մինչեւ վերջերս ջերմ հարաբերությունները շարունակվել են, այսուհետ… չգիտեմ։

«Առավոտ» օրաթերթ,
03.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031