Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատողը «Տրանս-Սֆեր»-ի դեմ դիմել է դատարան` խախտված իրավունքը պաշտպանելու, դատարանում գործը տարիներով «լռվել» է

Հուլիս 03,2019 13:30

Մեր քաղաքացիների աշխատանքային իրավունքները սահմանված են ՀՀ Աշխատանքային օրենսգրքով, Զբաղվածության մասին ՀՀ օրենքով, Ձեռնարկատիրության եւ ձեռնարկատիրական գործունեության մասին օրենքով եւ այլ օրենքներով: Դրանցով, մասնավորապես, սահմանված են արդարացի եւ օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, հանգստի եւ ամենամյա արձակուրդի իրավունքը, անվտանգության եւ հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունքը: Սակայն, այսքան օրենքներով հանդերձ, մեր երկրում ամենաշատ ոտնահարվող իրավունքներից մեկը հենց աշխատողի իրավունքն է:

Այս մասին փաստում է նաեւ «Մարդու իրավունքների միջազգային հանրություն» հասարակական կազմակերպությունը, որը «Աշխատողների իրավունքների պաշտպանության մոնիթորինգ» ծրագրով ուսումնասիրել են մի քանի խոշոր առեւտրի կետերի աշխատողների աշխատանքային պայմանները:

Քաղաքացի Կարեն Միրիջանյանի աշխատանքային իրավունքները նույնպես խախտվել են: Հազար ու մի օրենքները քաղաքացուն չեն կարողացել պաշտպանել եւ գործը ներկայումս դատարանում է:

«Առավոտի» հետ զրույցում Կ. Միրիջանյանը պատմեց, որ 2009 թվականից մինչեւ 2016 թվականն աշխատել է «Տրանս-Սֆեր» պահնորդական կազմակերպությունում` որպես պահնորդական ծառայության ղեկավար: Աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու նպատակով սահմանված կարգով դիմել է գործատուին, եւ չնայած, որ «Տրանս-Սֆեր»-ի ղեկավարը պայմանագիրը խզել է, այդուհանդերձ մինչ օրս չի վճարել վերջնահաշվարկի գումարը: Ըստ Կարեն Միրիջանյանի, գործատուն չի վճարել նոյեմբեր ամսվա աշխատավարձը, որը 17 օրվա համար կազմել է 62 հազար դրամ, ինչպես նաեւ աշխատած տարիներին արձակուրդային գումարները:

Կարեն Միրջանյանի ներկայացմամբ, տարիներ ի վեր ինքն արձակուրդ չի գնացել, հետեւաբար իրեն արձակուրդային չի վճարել: Ուստի, աշխատանքային պայմանագիրը լուծելուց հետո, ըստ նրա, օրենքի պահանջով պետք է ստանա դրամական հատուցում:

Բայց գործատուն հրաժարվում է այն վճարել: Կարեն Միրիջանյանի` դատարանին ներկայացրած հաշվարկներով, «Տրանս-Սֆեր»-ը աշխատած վերջին 16 օրերի եւ որպես չվճարված արձակուրդայինի գումար պետք է վճարի մոտ 832 հազար դրամ` գումարած` տույժ ու տուգանք: Այս մասով էլ դատարանն է միջնորդությունը բավարարել եւ օրեկան 0,15 տոկոս տույժ է հաշվարկել «Տրանս-Սֆեր» ընկերության վրա:

«Եթե աշխատանքային պայմանագրի լուծման հետեւանքով ամենամյա արձակուրդի իրավունք ձեռք բերած աշխատողին չի կարող տրամադրվել ամենամյա արձակուրդ, կամ աշխատողը չի ցանկանում դրա տրամադրումը, ապա, նրան վճարվում է դրամական հատուցում»,-Աշխատանքային օրենսգրքից մեջբերում է անում Կ. Միրիջանյանը` նշելով, որ ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս:

Ըստ օրենքի, հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Այսպես` եթե աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել, մեկ տարուց ավելի ժամանակահատվածով, ապա, հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Կարեն Միրջանյանի խոսքով, չօգտագործված արձակուրդի հատուցման ենթակա գումարի չափը կազմում է 770 հազար դրամ:

Քաղաքացի Միրիջանյանը դիմել է դատարան` խնդրելով, որ «Տրանս-Սֆեր» ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձեն այդ գումարները: Սակայն, նրա ներկայացմամբ, դատարանն էլ, որը կոչված է քաղաքացու խախտված իրավունքը վերականգնելու, անգործություն է դրսեւորում ու գործը տարիներով ձգձգում է: Կարեն Միրիջանյանի խոսքով, գործը ձգձգվում է ոչ թե դատարանների ծանրաբեռնված աշխատելու հետեւանքով, ինչպես սովորաբար լինում է, այլ` կողմի, որը տարբեր պատճառաբանություններով դատական նիստերին չի ներկայանում:

Ըստ նրա, դատարան է դիմել 2016 թվականի դեկտեմբերին, դատական առաջին նիստը տեղի է ունեցել 2017-ի փետրվարին, որից հետո նշանակվել է

8-9 դատական նիստ եւ, պատասխանող կողմի ներկայացուցիչը, միայն մեկ անգամ է մասնակցել, որը սակայն «Տրանս-Սֆեր» ընկերության տնօրեն Հովհաննես Պետրոսյանի անունից հակընդդեմ հայց է ներկայացրել:

Քաղաքացիական այս գործքը քննում է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (նստավայրը Արաբկիր) դատավոր Էդիկ Ավետիսյանը: Հայցվորի խոսքով, վերջին 4 նիստին պատասխանող կողմն ընդհանրապես չի ներկայացել եւ փաստաբանը տարբեր պատճառաբանություններով նիստին չի մասնակցել: Իսկ դատարանն էլ, Կ,Միրիջանյանի խոսքով, գործողություններ չի անում, որպեսզի պատասխանող կողմի ներկայությունն ապահովի. «Հակառակ կողմը ոչ թե փորձում է հիմնավորումներ բերել, ապացուցել իր ճիշտ լինելը, այլ նախընտրում են չներկայանալ եւ տարիներով գործը ձգձգել: Ոչ գումարն է վճարում ոչ էլ` ներկայանում դատարան: Ես դիմել եմ դատարան, որպեսզի դատարանն իմ սահմանադրական իրավունքը պաշտպանի, սակայն գործը հետաձգում է»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
2.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031