Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես իրականացրի երազանքս

Հուլիս 03,2019 12:00

Ես միշտ երազել եմ դասավանդել, ունենալ իմ սեփական դպրոցը, որտեղ կբացահայտեմ շնորհալի երեխաներին, կօգնեմ նրանց, ովքեր չեն կողմնորոշվել այս կյանքում կամ կբացահայտեմ նրանց մեջ այնպիսի ունակություններ, որոնց մասին գուցե իրենք էլ չգիտեն: Գիտեմ, թե ինչքան կարեւոր է լավ ուսուցչի դերը մարդու կյանքում: Երբ անվերջ բողոքներ եմ լսում մեր ծնողներից, թե դպրոցն ու ուսուցիչներն առաջվանը չեն, կրթական համակարգը թերի է, իսկ ուսուցիչներն էլ բողոքում են, որ այսօրվա աշակերտներն առաջվանը չեն, ակամա վրդովվում եմ… Ոչ, ճիշտ չէ, մենք ունենք ե՛ւ լավ ուսուցիչներ, ե՛ւ շնորհալի աշակերտներ: Ուղղակի ենթադրում եմ, որ խզվել է նրանց միջեւ կապը: Չէ՞ որ ուսուցչի կարեւորագույն առաքելությունը աշակերտներին ոչ միայն այս կամ այն առարկան սովորեցնելն է, այլեւ նրանց օգնելը, որպեսզի գտնեն իրենց ուրույն տեղն այս կյանքում եւ լինեն երջանիկ:

Երբ որոշեցի տարիներ անց իրագործել կյանքիս երազանքը, իմացա, որ ԵՊՀ-ի իմ դիպլոմը թույլ չի տալիս ինձ դասավանդել դպրոցում, քանի որ ես չունեմ մանկավարժի որակավորում: Շատ զարմացած էի, նույնիսկ ապշած. մի՞թե մեր մայր բուհում ստացած գիտելիքները կասկածի տակ են դրվում: Կրթությանս համար շնորհակալ եմ ԵՊՀ-ին եւ որպես բուհի շրջանավարտ կարող եմ հավաստիացնել, որ այն լավագույններից մեկն է Հայաստանում: Բայց խոսքը դրա մասին չէ: Օրենքը մնում է օրենք, եւ այն այս պահին քննարկման առարկա չէ: Ուրեմն ի՞նչ անել երազանքս իրագործելու համար: Պետք էր ստանալ մանկավարժի որակավորում: Եվ այստեղ առաջացան որոշ հարցեր` ո՞ւր գնամ, որպեսզի ստանամ մանկավարժական կրթություն, բայց չէ՞ որ այլեւս 20 տարեկան չեմ, ինչպե՞ս նորից գնամ սովորելու, այն էլ ինձնից տարիքով բավականին փոքրերի հետ, իսկ արդյո՞ք դա ժամանակի կորուստ չի լինի…

Համենայնդեպս, հավաքվեցի եւ որոշեցի փորձել: 2018թ. օգոստոսին հանձնելով ընդունելության քննությունները՝ ընդունվեցի ՀՊՄՀ մաթեմատիկա մասնագիտության մագիստրատուրայի առաջին կուրս: Անկեղծ ասած՝ դիպլոմի համար, առանց մեծ սպասումների եւ հույսերի: Այստեղ ճիշտ կլինի ասել. «Երբեք չես կարող կանխագուշակել, թե ինչ անակնկալներ է պատրաստել քեզ համար կյանքը»: Ասել, որ ես զարմացած էի, նշանակում էր ոչինչ չասել: Առաջին իսկ պահից մտնելով այս բուհ եւ դառնալով նրա մեծ ընտանիքի անդամներից մեկը՝ ես ապշած էի, թե ինչ կարծրատիպերով էի առաջնորդվում, թե ինչ սխալ պատկերացումներ ունեի, եւ ինչպես կարող է ամեն ինչ փոխվել իմ ներաշխարհում: Ես այլեւս այստեղ չեմ գտնվում դիպլոմի համար: Ես նորից ուսանող եմ՝ բառի բուն իմաստով, սովորում եմ եւ, չնայած փոքր, բայց շատ կարեւոր մասնիկ եմ մեր բուհական համակարգում: Այն գիտելիքները, որոնք ստանում եմ, առարկաները, որոնք սովորում եմ, շատ կարեւոր են, հետաքրքիր, բովանդակալից եւ արդիական:

Նոր դասավանդման մեթոդներն ապշեցնող են: Դասախոսություններն այլեւս չեն թելադրում եւ գրում, դու ստիպված չես մի ամբողջ ակադեմիական ժամ ուղղակի թելադրություն գրել: Կա «Google Classroom» էլեկտրոնային կրթական հարթակ, որտեղ դասախոսները տեղադրում են դասախոսությունների բոլոր նյութերը, եւ որտեղ դու կարող ես նախապես ծանոթանալ դասախոսության նյութերին: Դրա շնորհիվ դասախոսությունն անցնում է ինտերակտիվ մթնոլորտում, որտեղ ուսանողը զուտ լսողի դերում չէ, եւ առկա է առողջ զրույց-բանավեճ: Այդպիսի դասավանդման մոտեցումն ինքնըստինքյան քեզ դրդում է ոչ միայն ավելի լավ յուրացնել նյութը, այլեւ հասնել ինքնազգացողության եւ ինքնադրսեւորման նոր մակարդակի, երբ դու ուղղակի աշակերտ կամ ուսանող չես, այլ քեզ զգում ես մագիստրանտ այն նույն հարթակում, ինչ քո դասախոսն է, ինչը բարձրացնում է ինքնավստահությունդ եւ պատասխանատվության զգացումդ:

Յուրաքանչյուր առարկայից ռեֆերատների եւ Powerpoint-ով ներկայացումների առաջին հայացքից անիմաստ թվացող մեծ քանակը, որը կիսամյակի ընթացքում պետք է պատրաստել եւ ներկայացնել, սկզբից վրդովմունք է առաջացնում, եւ դու չես հասկանում, թե ինչի համար են դրանք պետք: Բայց որոշ ժամանակ անց, երբ հաղթահարում ես փորձությունների այդ շարանը, հետզհետե զգում ես արդյունքը: Տեսնում ես, թե ինչպես է միտքդ ավելի հստակ դառնում, գիտելիքներդ էլ՝ ավելի կայուն եւ ամբողջական: Արդյունքում հասնում ենք գլխավոր նպատակին` ուսուցչի խոսքը պետք է լինի հստակ, գրագետ, ճշգրիտ եւ ամբողջական: Classroom հարթակում դասախոսի կոմից տեղադրված գնահատվող առաջադրանքները, որոնք հանձնարարվում եւ գնահատվում են էլեկտրոնային տարբերակով, ստիպում են քեզ անկախ քո մասնագիտությունից տիրապետել համակարգչին, ինչն էլ ապահովում է ուսուցչի համահունչ լինելը այսօրվա IT-տեխնոլոգիաներին: Դա օգնում է աշակերտների հետ լինել միեւնույն հարթակում, հասկանալ եւ ընկալել նրանց աշխարհը եւ, ի վերջո, լինել ժամանակակից: Ընտրովի դասընթացների առկայություն: Լսարանների կահավորում:

Կասեք՝ կարեւոր չէ: Այն էլ ինչքան է կարեւոր: Երեւի թե չհիշեմ լսարան, որտեղ չկա համակագիչ եւ պրոյեկտոր, որոնց միջոցով ներկայացնում ենք տարբեր առարկաներից մեր պատրաստած ներկայացումները: Դա հնարավորություն է տալիս բոլորին՝ տեսնելու եւ գնահատելու քո կատարած աշխատանքը՝ դարձնելով այն ավելի պատկերավոր, ըմբռնելի եւ արդիական: Բազում միջբուհական ծրագրերի առկայությունը: «Ամառային դպրոց», արտասահմանյան տարբեր բուհերում սովորելու հնարավորություններ, որոնք հասանելի են ՀՊՄՀ-ի բակալավրիատի եւ մագիստրատուրայի ուսանողներին: Ծրագրերի ցանկին մշտապես կարելի է ծանոթանալ բուհի պաշտոնական էջի «միջազգային համագործակցություն» բաժնում:

Այդ ծրագրերին կարող է մասնակցել ՀՊՄՀ-ի յուրաքանչուր ուսանող, որն ունի բարձր առաջադիմություն եւ տիրապետում է ծրագրով նախատեսված լեզուներին, ինչը եւս մեկ խթան է բարձր առաջադիմություն ցուցաբերելու եւ օտար լեզուներ սովորելու համար: Եվ ինձ համար ամենակարեւոր հանգամանքը՝ մթնոլորտը եւ վերաբերմունքը: Այս մեկ տարվա ընթացքում շրջապատված եմ եղել այնպիսի դասախոսներով, որոնք ոչ միայն հիանալի մասնագետներ են, այլեւ առաջին հերթին հրաշալի մարդիկ, ովքեր պատրաստ են ցանկացած պահի օգնության հասնել: Նրանք իսկական պրոֆեսիոնալներ են՝ մեծ պատրաստվածությամբ եւ բարյացակամ վերաբերմունքով:

Ինչպես կվարվեի ես, եթե հնարավորություն ունենայի մեկ տարով հետ գնալ: Եվս մեկ անգամ կընդունվեի՞ ՀՊՄՀ, թե՞ ոչ: Միանշանակ, այո…

ՍԱԲԻՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ ինֆորմատիկայի ֆակուլտետի մաթեմատիկա
մասնագիտության
մագիստրատուրայի
2-րդ կուրսի ուսանող

«Առավոտ» օրաթերթ
2.07.2019

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031