Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ջամբոյի» սեփականատերը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ բնապահպան Սիլվա Ադամյանի

Հուլիս 02,2019 23:21

«Ջամբո» էկզոտիկ պարկի տնօրեն Արտյոմ Վարդանյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «էկոնյուզ» կայքի ու բնապահպան Սիլվա Ադամյանի՝ զրպարտության համար՝ հրապարակայնորեն հերքելու պահանջով: Վարդանյանը զրպարտություն է համարում «էկոնյուզում» հրապարակված այն տեղեկությունը, ըստ որի՝ Արտյոմ Վարդանյանը փորձել է ներողություն խնդրել շրջակա միջավայրի  նախարարից, ինչը հավանաբար չի ստացվել, քանի որ Էրիկ Գրիգորյանն ամեն դեպքում հայցադիմում է ներկայացրել վերջինիս դեմ:

Վարդանյանը զրպարտություն է համարում նաեւ բնապահպան Սիլվա Ադամյանի տարածած այն տեղեկությունները, ըստ որոնց՝ «2016թ.-ին 500 կապիկ Տանզանիայից պետք է տեղափոխեին Հայաստան, սակայն օրենքով սահմանված կարգով արգելվում էր կենդանիներին տեղափոխել այդ տիպի ինքնաթիռով: Նրանց համար սահմանված են հատուկ պայմաններ: Ցավոք սրտի, այստեղ պետք է բարձրաձայնեմ մարդկանց անուններ, ովքեր այսօր էլ հանդիսանում են «Ջամբո» կենդանաբանական այգու տնօրեններ: Դրանք են Արտյոմ և Էդուարդ Վարդանյանները, որոնք շատ ինտենսիվորեն զբաղվում էին աֆրիկյան երկրներից կապիկների և այլ տեսակի կենդանիների ներկրումներով»:

«Երբեք չեմ փորձել ներողություն խնդրել Էրիկ Գրիգորյանից, ասել եմ ՝հակառակը շատ ուրախ եմ, որ նա ոչ մի կապ չունի Ռուբեն Խաչատրյանի հետ, որ ոչ հովանավորն է, ոչ էլ համատեղ բիզնես ունեն… Ռուբեն Խաչատրյանը չի թաքցնում, ասում է՝ ընկերս է, մարդիկ իրենց հեծանիվով, ձիու վրա են տեսել: Ինչ լսել եմ, ասել եմ, ես նախարարին զրպարտելու նպատակ չեմ ունեցել, ինձ համար հասկանալի չէ՝ ինչն է նախարարը զրպարտություն համարում, ես լսել եմ այդ խոսակցությունները, բարձրաձայել եմ: Տրամաբանություն կա՞, որ ես պետք  է ներողություն խնդրեմ մի բանի համար, ինչ լսել եմ »,- ասաց Արտյոմ Վարդանյանը:

Հիշեցնենք նախապատմությունը. մայիսի 1-ին Կենդանաբանական այգու սեզոնի բացման ժամանակ բողոքի ակցիա էր տեղի ունեցել, որի ընթացքում ցուցարարներից Արտյոմ Վարդանյանը պահանջում էր այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը, նրան  մեղադրելով կենդանիների սպանդ իրականացնելու մեջ: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այգու տնօրենին աջակցում է Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա էլ իր հերթին Վարդանյանի այդ հայտարարության համար դատի է տվել վերջինիս՝ մեկնաբանելով այսպես. «Սույն հայտարարությունը որեւէ աղերս չունի իրականության հետ։ Ինքս միշտ հանդուրժողաբար եմ վերաբերվել եւ վերաբերվում քննադատությանը, գիտակցելով խոսքի ազատության կարեւորությունը: Սակայն նշված անձի արտահայտությունը ոչ քննադատություն է, ոչ էլ գնահատողական դատողություն, այլ զրպարտություն, որով փորձ է արվել արատավորել իմ գործունեությունն ու համբավը։ Այդ իսկ պատճառով որոշել եմ օրենքով սահմանված կարգով դիմել դատարան հրապարակայնորեն հերքման եւ պատճառված վնասի փոխհատուցման պահանջներով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

«Ջամբո»-ի սեփականատեր Արտյոմ Վարդանյանի լուսանկարը՝ վերջինիս ՖԲ էջից:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031