Ամռան ամիսներին հատկապես տարածված են երեխաների թունավորումները, որոնք կարող են լինել սննդից, ջրից կամ ուղղակի շոգից:
Aravot.am-ը «Մասնագիտությունը՝ մայրիկ» շարքի շրջանակներում էնդոկրինոլոգ, սննդաբան Հասմիկ Աբովյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս խուսափել երեխաների թունավորման դեպքերից: Սննդաբանը մի շարք խորհուրդներ տվեց ծնողներին: Մասնավորապես երեխաների թունավորման պարագայում հատկապես վտանգավոր են ջրազրկումները: Մասնագետը մանրամասնեց. «Երեխաների մոտ թունավորումները շատ ավելի վտանգավոր են, քան մեծերի մոտ: Սննդային թունավորումը վտանգավոր է, քանի որ տեղի է ունենում ջրազրկում: Դրա միակ բուժումը հեղուկը լրացնելն է: Երեխաների մոտ նրանց քաշի տասը տոկոսի կորուստը կարող է հանգեցնել մահվան, և կարող են մասնագետները պարզապես չհասցնել փրկել: Օրինակ, եթե երեխան տասը կիլոգրամ է, ընդամենը 1 կգ հեղուկ կորցնելու դեպքում նա կարող է մահանալ: Այսինքն՝ թունավորմամբ նախ տեղի է ունենում փսխում և լուծ, երկուսի միջոցով էլ հեղուկ ենք կորցնում: Եթե մեծ մարդու քաշը մեծ է և դժվար է կորցնել տասը տոկոսը, երեխայի քաշը փոքր է, և քաշի տասը տոկոսը կորցնելու դեպքում նա կարող է մահանալ: Բացի դրանից, երեխան, բնականաբար, շատ ավելի քիչ դիմացկուն է»:
Այդ երևույթներից խուսափելու համար սննդաբանը խորհուրդ տվեց հետևել, որ սնունդը, նախևառաջ, լինի թարմ, ոչ թե մի քանի օրվա. «Երեխային սնունդ տալուց պետք է համոզված լինել պատրաստման ժամկետում և իմանալ այդ սննդի աղբյուրը: Եթե ինչ-որ սննդի կետում երեխային կերակրում եք, ապա բոլորովին վստահ չեք մթերքների պատրաստման ժամկետի մասին, ուստի պետք է խուսափել հատկապես ամռան ամիսներին երեխաներին դրսում կերակրելուց: Ամռանը ջերմաստիճանը բարձր է, և մթերքները շատ ավելի արագ են փչանում, քան ձմռանը: Ինֆեկցիայի զարգացումը շատ ավելի արագ է ընթանում, քան ձմռանը: Ուստի սնունդը պետք է լինի սանիտարահիգիենիկ կանոններով պատրաստված: Հում միսը պետք է հեռու պահվի արդեն պատրաստի մսամթերքից կամ որևէ այլ սնունդից: Այն տախտակները, որոնց վրա պատրաստվում է հում միսը, ուրիշ ոչ մի մթերք դրանց վրա չպետք է կտրատվի: Միսը կտրատելուց հետո պետք է լավ լվացվեն դրանք և շփում չունենան այլ տախտակների հետ, որոնց վրա մշակվում է բանջարեղեն, կանաչի, հաց»:
Հատկապես վտանգավոր են ձուն ու կաթնամթերքը: Հասմիկ Աբովյանն ասաց, որ այդ մթերքները պարունակում են սալմոնելոզի վտանգ. «Այն ամենատարածված աղիքային վարակներից է, որի դեպքում ևս լինում է ջրազրկում, ինտոքսիկացիա, ինչը հատկապես վտանգավոր է երեխաների համար»: Հետաքրքրվեցինք՝ ամռան ամիսներին երեխաներին կաթ տա՞լ, սննդաբանը պատասխանեց. «Կարելի է, բայց կաթն անպայման պետք է լինի եռացված, կամ պաստերիզացված, պետք է հաշվի առնել պահպանման պայմաններն ու ժամկետը: Կարող է պահպանման ժամկետը լինել թարմ, բայց, եթե սխալ պայմաններում է պահպանված, կարող է թունավորման պատճառ դառնալ»:
Կարդացեք նաև
Մյուս հարցին՝ շոգ եղանակին շոկոլադ, կոնֆետ կարելի՞ է երեխաներին, Հասմիկ Աբովյանը պատասխանեց. «Առհասարակ մինչև երեք տարեկան երեխային խորհուրդ չի տրվում շոկոլադե մթերքներ տալ: Եթե երեխան երեք տարեկանից բարձր է, ու եթե կոնֆետը թարմ է, պահպանման եղանակը ճիշտ է, քիչ քանակությամբ կարելի է տալ: Բայց փոքրիկներին առհասարակ շոկոլադ խորհուրդ չի տրվում: Պաղպաղակն է վտանգավոր, հատկապես լցնովի, քանի որ հայտնի չեն պատրաստման և պահման պայմանները: Դրա համար երեխաների համար պետք է բացառել լցնովի պաղպաղակները»:
Սննդաբանը խորհուրդ տվեց միրգը լավ լվանալ, հետո տալ երեխաներին, և ընդհանրապես թե′ ծնողներն իրենք իրենց, թե′ երեխաների ձեռքերը հաճախ լվան:
Երեխաների թունավորումների և վարակների վտանգը մեծ է հատկապես էկզոտիկ երկրներում, որտեղ տարբեր էկզոտիկ վարակներ կան, որոնց մենք առօրյայում չենք առնչվում. «Այդ երկրներում կան տարբեր վարակներ, ինչպես նաև միջատների կողմից տարածվող: Հատկապես վտանգավոր են թունավորումներն ու ալերգիաները, երբ կարող է ինչ-որ էկզոտիկ սնունդ փորձես և ալերգիա ունենաս: Հետևաբար էկզոտիկ, անծանոթ սնունդը կամ խորհուրդ է տրվում չտալ երեխային, կամ փոքր չափաբաժնով և ոչ միանգամից տարբեր տեսակներ, այլ ամեն անգամ մի տեսակից՝ փոքր չափաբաժնով»:
Սննդաբանը խորհուրդ տվեց նաև չօգտվել սառույցից, քանի որ այն թունավորման առումով ևս մեծ վտանգ է պարունակում, քանի որ հայտնի չէ սառույցի աղբյուրը, չգիտեք՝ ինչ ջուր է սառեցվել, որտեղից է, ինչքանով է այն սանիտարական չափանիշների համապատասխանում, որին մենք սովոր ենք մեր երկրներում: Ուստի սառույցից շատ հաճախ լինում են թունավորումներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ